Փոքրագույն գործողության սկզբունք
From Wikipedia, the free encyclopedia
Փոքրագույն գործողության սկզբունք, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի ֆիզիկական համակարգի որոշակի դասի՝ միմյանց հետ համեմատվող հնարավոր շարժումներից իրականացվում է այն, որի դեպքում գործողությունը (համակարգի շարժման կարևոր բնութագրերից, ունի էներգիայի և ժամանակի արտադրյալի չափայնություն) ստանում է փոքրագույն (ավելի ճիշտ՝ էքստրեմալ) արժեք։ Սովորաբար կիրառվում է Համիլտոն-Օստրոգրադսկու (δs=0, որտեղ δ-ն թերի վարիացիայի սիմվոլն է) կամ Մոպերտյուի-Լագրանժի (W=0, որտեղ W-ն լրիվ վարիացիայի սիմվոլն է) տեսքով։ Փոքրագույն գործողության սկզբունքից օգտվում են մեխանիկական համակարգի շարժման հավասարումներ կազմելու և այդ շարժումների ընդհանուր հատկություններն ուսումնասիրելու համար։ Հասկացությունների համապատասխան ընդհանրացման դեպքում Փոքրագույն գործողության սկզբունքը կիրառվում է հոծ միջավայրերի մեխանիկայում, էլեկտրադինամիկայում, քվանտային մեխանիկայում։