Ֆլեգմատիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլեգմատիկ (հուն․՝ φλέγμα, φλέγμα - «լորձ»), խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի[1]։ Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ։ Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին[2][3]։ Արյան մեջ գերակշռում է լորձը։
Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։
Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է[2][3]։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։
Կարելի է ասել, որ ֆլեգմատիկները հանգիստ, ունեն կայուն ձգտումներ և քիչ թե շատ հաստատուն տրամադրություն, հոգեկան վիճակը թույլ է արտահայտված[1]։ Ֆլեգմատիկն առանձնանում է ուժեղ, հավասարակշռված, իներտ տիպի նյարդային համակարգով[2]։ Նրանք ունեն հուսալի հիշողություն, բարձր ինտելեկտ, իսկ նրանց որոշումները մտածված են, կշռադատված և զերծ են ռիսկայնություններից[4]։
Նրանց բնորոշ է այն, որ վարքագծի նոր դրսևորումները նրա մոտ ի հայտ են գալիս դանդաղ, բայց պահպանվում են երկար[5]։ Նա հազվադեպ է «դուրս գալիս ափերից», հակված չէ կոնֆլիկտների։ Ընդհանուր առմամբ նրան հատուկ է հավասարակշռությունը, հանգստությունը, համբերատարությունը, երբեմն՝ անտարբերությունը շրջապատի նկատմամբ և ծուլությունը[5]։ Պավլովն այս խառնվածքը դասել է ուժեղ տիպի մեջ[6]։
Ոչ բարենպաստ պայմաններում ֆլեգմատիկը կարող է ցուցաբերել անտարբերություն, էմոցիաների պակաս և հակում դեպի միօրինակ սովորություն դարձած գործունեությունների նկատմամբ[2][3]։
Ֆլեգմատիկ խառնվածք են ունեցել հրամանատար Միխայիլ Կուտուզովը[5] և առակագիր Իվան Կռիլովը[5]։