Ֆյուչերսային գործարքներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆյուչերսային գործարքներ կամ ֆյուչերսային պայմանագիր (կարճ՝ ֆյուչերսներ), ֆինանսների ոլորտում ստանդարտացված իրավական համաձայնագիր, որոշակի ժամանակահատված անց նախապես որոշված գնով, միմյանց անհայտ կողմերի միջև, ինչ-որ բան վաճառել-գնելու վերաբերյալ։ Ակտիվը, որը հանդիսանում է որպես գործարքի օբյեկտ սովորաբար ապրանքատեսակ է կամ ֆինանսական գործիք։ Այն նախապես հայտնի գինը, որով կողմերը համաձայվում են գնել կամ վաճառել ակտիվը ընդունված է անվանել ֆյուչերսային գին։ Այն ժամանակահատվածը, երբ գնորդ կողմը կատարում է իր վճարային պարտավորությունները և ստանում է ակտիվը, հայտնի է առաքման ժամանակ անվամբ։ Քանի որ իրականում գործարքի հիմքում ընկած է ակտիվը, ուստի ֆյուչերսային պայմանագիրը համարվում է ածանցյալ ապրանք։
Ֆյուչերսային պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունները ընթանում են ֆյուչերսային բորսաներում, որոնք կատարում են շուկայի դեր վաճառողների և գնորդների համար։ Այն կողմը, որը պայմանագրում հանդես է գալիս որպես գնորդ, ընդունված է ասել, որ զբաղեցնում է երկար դիրք, իսկ վաճառող կողմը՝ կարճ դիրք[1]։ Քանի որ երկու կողմերն էլ, ըստ էության, կրում են որոշակի ռիսկեր, կապված այն հանգամանքի հետ, որ հետագայում գների փոփոխությունը կարող է հակասել իրենց շահերին, ուստի պայմանագրում կարող է ներառվել նաև երկկողմանի վստահելի երրորդ կողմ՝ պայմանագրի արժեքի որոշակի մարժայի շրջանակներում։ Օրինակ, ոսկու ֆյուչերսների առքուվաճառքի մարժան տատանվում է 2-20 տոկոսի միջակայքում՝ կախված բորսային սփոթ շուկայի փոփոխականությունից[2]։
Ֆոնդային ֆյուչերսը իրենից ներկայացնում է կանխիկի վրա հիմնված ֆյուչերսային պայմանագիր, որում հաշվի են առնվում ֆոնդային շուկայի համապատասխան ինդեքսի փոփոխությունները։ Ֆոնդային ֆյուչերսները բորսայում համարվում են բարձր ռիսկային առևտրային գործիքներ։ Ինչ վերաբերում է ֆոնդային շուկայի ինդեքսներին, ապա վերջիններս կիրառվում են որպես բազային ցուցանիշներ՝ շուկայի փոփոխականության միտումները գնահատելու համար[3]։
Առաջին ֆյուչերսային պայմանագրերի նախադեպերում, որպես բանակցությունների առարկա հանդես էին գալիս գյուղատնտեսական արանքները, իսկ ավելի ուշ ֆյուչերսային պայմանագրեր սկսեցին կնքվել նաև բնական պաշարների, այդ թվում նավթի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ֆինանսական ֆյուչերսներին /արժութային ֆյուչերսներ, տոկոսադրույքի ֆյուչերսներ, ֆոնդային շուկայի ինդեքսների ֆյուչերսներ/, ապա վերջիններս ֆոնդային բորսաներում հայտնվել են 1972 թվականին և ներկայիս գնահատականներով ունեցել են մեծ ազդեցություն ֆյուչերսային շուկաների զարգացման գործում։
Ֆյուչերսային պայմանագրերի կիրառման հիմնական նպատակն է ապրանքի գնի կամ փոխարժեքի շարժի ռիսկի մեղմումը, թույլ տալով կողմերին ապագայում կնքվելիք գործարքների վերաբերյալ նախապես գին ամրագրել։ Դա կարող է ձեռնտու լինել, երբ օրինակ վաճառող կողմը ապագայում ակնկալում է վճարումը ստանալ արտարժույթով և միաժամանակ ցանկանում է խուսափել փոխարժեքի արժեքային անբարենպաստ փոփոխություններից առաջացող ֆինանսական կորուստներից։
Այնուամենայնիվ, ֆյուչերսային պայմանագրերը առաջարկում են հնարավորություններ նաև սպեկուլյացիայի իրականացման համար, սա այն դեպքն է, երբ երրորդ կողմը նախապես կանխատեսում է գների փոփոխությունը որոշակի ուղղությամբ, ձեռք է բերում ֆյուչերսային պայմանագիրը, հետագայում պայմանագիրը վաճառելու մտադրությամբ, այն գնով, որը կապահովի որոշակի շահույթի ստացում։ Մասնավորապես, եթե շուկայական պայմանները սպեկուլյանտներին հնարավորություն են ընձեռում շահույթ ստանալու, ապա պայմանագրի հիմքում ընկած ապրանքը վերջիններիս կողմից կխնայվի ավելցուկի դեպքում և կվաճառվի միայն կարիքի դեպքում, տվյալ ապրանքի սպառողներին առաջարկելով ավելի շահավետ գործարքի կնքման պայմաններ[2]։