Գանգագուշակություն
From Wikipedia, the free encyclopedia
Գանգագուշակություն կամ գանգագիտություն (հուն․՝ φρήν - միտք, բանականություն հուն․՝ λογος - գիտություն), առաջին կեղծ գիտություններից մեկը[1][2][3][4][5][6], որը գանգի ձևից որոշում էր մարդու հոգեկան կերտվածքը։ Գանգագուշակության հիմնադիրը ավստրիացի բժիշկ և կազմաբան Ֆրանց Յոզեֆ Գալն (գերմ.՝ Franz Joseph Gall) (1758–1828) է։ Նա պնդում էր, որ մարդու գլխուղեղի կիսագնդերում տեղայնացված հոգեկան հատկությունները, զարգանալու դեպքում, նպաստում են գլխուղեղի որոշակի հատվածի աճին, որն էլ իր հերթին նպաստում է գանգի որոշակի հատվածի աճին[7]։ Թերզարգացման դեպքում գանգի վրա փոսեր են առաջանում[8]։
Գանգագուշակությունը շատ տարածված էր 19-րդ դարի առաջին կեսին։ Նեյրոֆիզիոլոգիայի զարգացումը ցույց տվեց Գալի տեսության սնանկությունը, և հասարակությունը աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը գանգագուշակության հանդեպ։ Իրականում մարդու հատկությունները կախված չեն գանգի մակերևույթի ձևից։ Բացի այդ մարդու գանգը չի կրկնում գլխուղեղի ձևը։