Ձեռնարկություն
From Wikipedia, the free encyclopedia
Ձեռնարկություն, հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակ։ Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, աշխատանքային և մտավոր ռեսուրսները պահանջվող ծավալի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու, շահույթ ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար։ Ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը։ Պահանջվում է իրականացնել տնտեսական ռեսուրսների այնպիսի համակցում, որի դեպքում օգտագործվող ռեսուրսի յուրաքանչյուր միավորի հաշվով ձեռնարկությունը ստանա առավելագույն եկամուտ։ Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից՝ արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով։ Ձեռնարկությունը աշխատողների այնպիսի կոլեկտիվ է, որը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող արտադրության միջոցները, թողարկում է հասարակության համար անհրաժեշտ որևէ տեսակի արտադրանք կամ մատուցում որոշակի ծառայություն, ունի արտադրատեխնիկական, տնտեսական և կազմակերպական միասնություն, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և տնտեսությունը վարում է տնտեսավարման որևէ եղանակով։ Ձեռնարկություններ են համարվում ինչպես սպասարկման ոլորտում գործող ամենափոքր՝ մեկ աշխատող ունեցող վարսավիրանոցը կամ առևտրային կրպակը, այնպես էլ համաշխարհային շուկան միմյանց միջև բաժանող բաժնետիրական խոշոր ընկերությունները և կորպորացիաները։