Ղազախստանի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ղազախստանի տնտեսությունն ամենամեծն է Կենտրոնական Ասիայում և՛ բացարձակ, և՛ մեկ շնչի հաշվով, սակայն 2013-2016 թվականներին Ղազախստանի դրամը կտրուկ արժեզրկվել է։
Նուր-Սուլթան, Ղազախստանի մայրաքաղաք | |
Արժույթ | Ղազախական տենգե |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 220 623 001 970 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 1,1 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 11 243,7 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 8,5 ± 0,1 տոկոս[4] |
Ջինիի գործակից | 27,5[5] |
Մարդկային զարգացման ինդեքս | 0,817[6] |
Գործազրկություն | 4,9 տոկոս[7] |
Ղազախստանն ունի նավթի մեծ պաշարներ, ինչպես նաև օգտակար հանածոներ և մետաղներ։ Այն նաև ունի զգալի գյուղատնտեսական ներուժ՝ հսկայական տափաստանային հողեր, որտեղ զբաղվում են ինչպես անասնապահությամբ, այնպես էլ հացահատիկի մշակությամբ։ Հարավում գտնվող լեռներում կան խնձորի և ընկույզի վայրի ծառեր։ Ղազախստանի արդյունաբերությունը հիմնված է բնական պաշարների արդյունահանման և վերամշակման վրա։
ԽՍՀՄ փլուզումը և Ղազախստանի ծանր արդյունաբերության արտադրանքի պահանջարկի նվազումը 1991 թվականին հանգեցրին տնտեսության կտրուկ անկմանը 1991 թվականից ի վեր, իսկ ավելի կտրուկ անկում գրանցվեց 1994 թվականին։ 1995-1997 թվականներին տնտեսական բարեփոխումների տեմպը և սեփականաշնորհումն արագացավ, ինչը հանգեցրեց համակենտրոնացման։ 2000 և 2002 թվականներին Ղազախստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ստացել են «շուկայական տնտեսության երկրի» կարգավիճակ[8]։
1996 թվականի դեկտեմբերին Կասպյան նավթամուղի համաձայնագրով պետք է կառուցվեր նոր նավթամուղ Ղազախստանի արևմտյան Թենգիզ հանքավայրից դեպի Սև ծով. սա ուներ զգալի մեծ նավթարտահանման հեռանկարներ։ 1998 թվականին նավթի գնի անկման և Ռուսաստանում օգոստոսյան ֆինանսական ճգնաժամի հետևանքով Ղազախստանի տնտեսությունն անկում ապրեց. ՀՆԱ ցուցանիշը կրճատվեց 2.5%-ով։ 1999 թվականին միակ հույսը նավթի միջազգային գների վերականգնումն էր, ինչը դուրս կբերեր տնտեսությունը ռեցեսիայից։
1990-ական թվականներին ՀՆԱ մեկ շնչի ցուցանիշը կրճատվել է 26%-ով[9]։ 2000-ական թվականներին Ղազախստանի տնտեսությունը կտրուկ աճ գրանցեց, որին նպաստեց համաշխարհային շուկաներում Ղազախստանի արտահանած ապրանքի` նավթի, մետաղների և հացահատիկի գնաճը։ 2000 թվականին ՀՆԱ-ն աճեց 9,6%, մինչդեռ 1999 թվականին 1,7% էր։ 2006 թվականին, Ռուսաստանում և Չինաստանում Ղազախստանի հիմնած բիզնեսների, ինչպես նաև հարևան Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների շնորհիվ ՀՆԱ ցուցանիշը կայուն մնաց և նույնիսկ աճեց 10,6%-ով[10]։ Տնտեսական աճը հանգեցրեց ֆինանսային շրջադարձի. 1999 թվականին բյուջեն ուներ ՀՆԱ-ի 3.7% կանխիկ պակասուրդ, իսկ 2000 թվականին այն վերածվեց 0,1% հավելուրդի։ Երկրում տնտեսական աճի տեմպերը դադարեցին 2014 թվականից ի վեր, որը պայմանավորված էր նավթի գների անկմամբ և ուկրաինական ճգնաժամով[11]։ Դրամը 2014 թվականին արժեզրկվել էր 19%-ով, իսկ 2015 թվականին՝ 22%-ով։
2017 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է իր Գլոբալ մրցունակության վարկանիշային աղյուսակը, որի համաձակյն Ղազախստանը 144-րդ տեղից անցել է 57-րդը[12]։ Վարկանիշի բարձրացման համար հաշվի է առնվել բազմաթիվ մակրոտնտեսական և ֆինանսական գործոններ, ինչպիսիք են շուկայի չափը, ՀՆԱ-ն, հարկերի դրույքաչափերը, ենթակառուցվածքային զարգացումը և այլն[13]։ 2012 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կոռուպցիան համարեց երկրում բիզնես վարելու ամենամեծ խնդիրը[14], իսկ Համաշխարհային բանկը Ղազախստանին համարեց Անգոլային, Բոլիվիային, Քենիային, Լիբիային և Պակիստանին հավասար կոռուպցիոն թեժ կետ[15]։ 2018 թվականին «Transparency International»-ը Ղազախստանի Կոռուպցիայի տարածվածության գործակիցը գնահատեց 100-ից 31 միավոր, ինչը վկայում է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին[16]։
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը 2017 թվականի հունվարին այցելել է Աստանա (այժմ հայտնի է որպես Նուր-Սուլթան), որտեղ բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ 25-ամյա գործընկերության ընթացքում երկրի առաջընթացը[17]։ 2017 թվականին Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Մյուլլերը հայտնել է նաև Ղազախստանի բարելավված դիրքի մասին։ Ըստ Մյուլլերի` Ղազախստանն աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցնում էր 35-րդ տեղը[18]։
2018 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» գլոբալ ինովացիոն ինդեքսում Ղազախստանը Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանային վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը[19]։