«Real and True» (հայերեն՝ «Իրական և ճշմարիտ»), ամերիկացի ռեփեր Future-ի և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը։ Երգը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Epic Records, Freebandz և A1 Recordings լեյբլների կողմից[1]։ Սա փոփ և R&B ժանրերի երգ է հավերժական սիրո մասին[2][3]։ Երգը գրվել է Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի կողմից[4], իսկ երգի պրոդյուսերն է Mike Will Made It-ը[5]։
Արագ փաստեր Թողարկված, Ֆորմատ ...
Փակել
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Սայրուսի վոկալն[6][7] ու Mike Will Made It-ի կատարած պրոդյուսերական աշխատանքը[8]։ Երգը չի ունեցել կոմերցիոն մեծ հաջողություն և չի զբաղեցրել որևէ հորիզոնական Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում, սակայն զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում[9]։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին MTV հեռուստաալիքի եթերում[4]։ Տեսահոլովակում Future-ը և Հադսոնը տիեզերագնացներ են, ովքեր, հայտնվելով ինչ-որ մոլորակում, հայտնաբերում են ուշագնաց Սայրուսին և նրան գիտակցության բերում[4]։