Աբդուլ Համիդ II
From Wikipedia, the free encyclopedia
Աբդուլ Համիդ II (սեպտեմբերի 21, 1842(1842-09-21)[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - փետրվարի 10, 1918(1918-02-10)[5][1][6][…], Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4]), Օսմանյան կայսրության սուլթան 1876-1909 թվականներին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ 1876 թվականի դեկտեմբերի 23-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, Գրիգոր Օտյանի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու եվրոպական պետությունների վստահությունը։ Սակայն 1878 թվականին Աբդուլ Համիդը ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան գրաքննություն, արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց պանիսլամիզմը և պանօսմանիզմը։
Աբդուլ Համիդ II | |
---|---|
Սուլթան | |
Սուլթան Աբդուլ Համիդ II, 1867 | |
Իշխանություն | Օգոստոսի 31, 1876 – Ապրիլի 27, 1909 |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 21, 1842(1842-09-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահացել է՝ | փետրվարի 10, 1918(1918-02-10)[5][1][6][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյլերբեյի պալատ, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահմուդ II-ի դամբարան | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Նախորդ | Մուրադ V |
Հաջորդող | Մուհամմեդ V |
Տոհմ | Օսմանյան |
գերիշխան | |
Հայր | Աբդուլ Մեջիդ |
Մայր | Թիրիմյուջգանի սուլթան |
Երեխաներ | Ուլվիե սուլթան, Մեհմետ Սելիմ Էֆենդի, Զեքիե Սուլթան, Ֆաթիմա Նայիմե, Նայիլե Սուլթան, Մեհմեդ Բուրնահեդդին, Շադիե Սուլթան, Համիդ Այշե Սուլթան, Ռեֆիա Էյուբ, Աբդ ալ-Ռահիմ Հայրի, Մեհմեդ Աբիդ Էֆենդի[7], Hatice Sultan?, Մեհմեդ Աբդուլքադիր էֆենդի, Mehmed Burhameddin, Prince of Turkey? և Şehzade Ahmed Nuri? |
Հավատք | իսլամ և Սուֆի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ Անգլիան զավթեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, Ռուսաստանին անցան Կարսը, Արդահանն ու Բաթումը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում (Սան Ստեֆանոյի պայմանագիր և Բեռլինի կոնգրես)։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով Օսմանյան կայսրությունում բնաջնջեց ավելի քան 300 հազար հայ (Հայկական կոտորածներ (1895-1896))։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին երիտթուրքերի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876 թվականի սահմանադրությունը։ Սակայն, 1909 թվականի մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, ապրիլի 28-ին գահազրկվեց և բանտարկվեց Սալոնիկում, ապա փոխադրվեց Ստամբուլ, իսկ 1918 թվականին՝ Մանիսա (Արևմտյան Փոքր Ասիա), ուր և մահացավ։