Ավետարան ըստ Հովհաննեսի
From Wikipedia, the free encyclopedia
Ավետարան ըստ Հովհաննեսի (հուն․՝ Κατὰ Ἰωάννην, (բառացիորեն՝ «Հովհաննեսից»), լատին․՝ Evangelium secundum Ioannem), Նոր Կտակարանի չորրորդ գիրքը, Ավետարաններից մեկը։ Համաձայն եկեղեցական ավանդության գրվել է I դ. վերջին (90-ական թթ.), Եփեսոս քաղաքում Հիսուս Քրիստոսի «սիրեցյալ աշակերտ» Հովհաննես առաքյալի կողմից, որն ընդառաջել է հավատացյալների խնդրանքին գրել այն, ինչ դուրս է մնացել Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններից։ Ավետարանիչը հետևյալ կերպ է ներկայացնում երկի գրության պատճառը. «Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաև՝ որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք» (20.31)։
Հովհաննեսի ավետարանն ունի աստվածաբանական բացառիկ կարևորություն, քանի որ այնտեղ բացահայտորեն է արտահայտված Քրիստոսի Աստվածության գաղափարը։ Դա երևում է Ավետարանի հենց սկզբնական տողերից «Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուած եւ Աստուած էր Բանն»։