Բաբելոնյան գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
«Բաբելոնյան գրադարան» կամ «Բաբելոնի գրադարանը» (իսպ.՝ La biblioteca de Babel), արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի ֆենտեզի ժանրի պատմվածք։ Առաջին անգամ այն տպագրվել է հեղինակի «Բաժանվող արահետների այգին» (1941)[1] պատմվածքների ժողովածուում համանուն պատմվածքի (իսպ.՝ El jardín de senderos que se bifurcan) հետ միասին։ Ժողովածու, որը հետագայում ներառվել է «Հնարքներ» (1944) ժողովածուում։
Բաբելոնյան գրադարան իսպ.՝ La biblioteca de Babel | |
---|---|
Գրքի 2014 թվականի հայերեն թարգմանության կազմ | |
Հեղինակ | Խորխե Լուիս Բորխես |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Թեմա | Բաբելոնյան գրադարան |
Բնօրինակ լեզու | իսպաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1941 |
Երկիր | Արգենտինա |
Հրատարակված է | Բաժանվող արահետների այգին |
Հրատարակման տարեթիվ | 1944 |
Բաբելոնյան գրադարանում երկու նույնանման գրքեր չկան։ Այն անսահման է թվում հասարակ մարդու տեսանկյունից, բայց քանի որ յուրաքանչյուր գիրք կազմված է 410 էջից, էջը՝ 40 տողից և տողը՝ 80 սիմվոլից, հնարավոր կոմբինացիաներով գրքերի թիվը հսկայական է, բայց այնուամենայնիվ՝ «սահմանափակ է հնարավոր գրքերի քանակը»։ Պատմությունը խորհրդածություն է տիեզերքի մասին, «որին որոշներն անվանում են Գրադարան», որը համընդգրկուն է․ բոլոր հնարավոր գրքերով անսահման կառույց է, որտեղ գրքերը դասավորված են կամայականորեն կամ առանց կարգի, և որը գոյություն ունի նախքան մարդը՝ գալիս է հավերժությունից (լատին․՝ ab aeterno)։
Հեղինակը «Հնարքներ» ժողովածուի նախաբանում գրում է, որ նախքան այս պատմությունը գրելը, ինքը գրել է «Ընդհանուր գրադարանը» վերնագրով էսսե, որը տպագրվել է 1939 թվականին Sur գրական հանդեսի 59-րդ համարում, որտեղ նա խորհրդածում է անսահման գրադարանի գաղափարի շուրջ[2]։ Այս էսսեով հեղինակը բացահայտում է անսահման գրադարանի թեմատիկ նախադրյալները, ինչպիսին է Կուրդ Լասվիցի «Համընդհանուր գրադարանը» (Die Universal bibliothek, 1901) պատմվածքը, Լուիս Քերոլի «Սիլվին և Բրունոն» և Թեոդոր Վոլֆի «Կրիաների մրցույթը»։
Այս պատմվածքի բնօրինակ ձեռագիրը, 2016 թվականի տվյալներով, գտնվում է գրավաճառ Ջոն Վրոնոսկիի ձեռքում, ով Քեմբրիջի «Կաղ բադիկի գրքեր» (Lame Duck Books) գրախանութի սեփականատերն է։ Պատմությունը գրված է հաշվապահական նոթատետրում։ Պատմվածքի վրա հեղինակը կատարել է բազմաթիվ ուղղումներ և ընդգծումներ։ Վրոնոսկին ձեռք է բերել ձեռագիրը նախորդ սեփականատիրոջից՝ արգենտինացի մասնավոր կոլեկցիոներից, իսկ վերջինս այն ստացել է «Sur» գրական հանդեսի արխիվից[3]։