Բիզնես
From Wikipedia, the free encyclopedia
Բիզնես (անգլ.՝ business, աշխատանք, զբաղմունք, ձեռնարկում), գործունեություն՝ ուղղված շահույթի շարունակական ստացմանը։ Շուկայական տնտեսության պայմաններում բիզնեսը համարվում է հիմնական զբաղմունքը, հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման աղբյուրը։ Ընդգրկում է գործունեության արտադրական, առևտրային, խորհրդատվական, բանկային և այլ ոլորտներ։
Ռուսաց լեզվում ձեռնարկատիրություն և բիզնես բառերը օգտագործում են որպես հոմանիշներ[1][2], բայց երբեմն ունենում են տարբեր նշանակություն[3][4]։
Ըստ աշխատակիցների քանակի, ապրանքների արտադրման ծավալի և գործունեության պայմանների՝ առանձնացնում են մանր, միջին և խոշոր բիզնես։ Բիզնեսի ամենամասսայական ձևը մանր բիզնեսն է. որպես կանոն, դա ոչ մեծ ձեռնարկություն է, որն արտադրում է միանման արտադրանք և շուկայում զբաղեցնում ոչ մեծ տեղ։ Որոշ երկրներում գոյություն ունի այդպիսի բիզնեսի պետական աջակցման համակարգ, քանի որ այն, ինքնակազմակերպվելով, բավարարում է մարդկանց ամենօրյա մանր կարիքները՝ միաժամանակ ապահովելով լայն զբաղվածություն։
Մարդը, որը ներկայանում է որպես բիզնեսմեն, իր գործողությունները կողմնորոշում է իր համար ակտիվի ստեղծմանը, որը ժամանակի ընթացքում չի դադարեցնում նրան շահույթ բերել՝ անկախ դրանում հետագա անձնական մասնակցության։ Նա կարող է լինել միայն ձեռնարկության սեփականատեր, կարող է նաև աշխատել սեփական ձեռնարկությունում կամ զարգացնել գործընկերությունը ցանկացած հարմար խոշոր կազմակերպության հետ կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և այլ ոլորտներում։