Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն (ռուս.՝ Товарищество передвижных художественных выставок, պերեդվիժնիկներ, ռուս.՝ передвижники), ռուս նկարիչների միություն, որ գոյություն է ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին։ Գեղագիտական պլանում ընկերության անդամները նպատակաուղղված կերպով հակադրվում էին պաշտոնական ակադեմիզմին։ Ընկերությունը հիմնադրվել է 1870 թվականին Սանկտ Պետերբուրգում Իվան Կրամսկոյի, Գրիգորի Մյասոեդովի, Նիկոլայ Գեի ու Վասիլի Պերովի նախաձեռնությամբ՝ ի հակադրություն Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի[1]։ Պերեդվիժնիկների արվեստը ներշնչված էր նարոդնիկական շարժման գաղափարներով[2]։ Ընկերությունը զարգացրել է Սանկտպետերբուրգյան նկարիչների արտելի (ստեղծվել է 1863 թվականին) լավագույն ավանդույթները, որի ղեկավար Իվան Կրամսկոյն էլ դարձել է նոր միավորման գաղափարական առաջնորդը։ Պերեդվիժնիկները եղել են Վիսարիոն Բելինսկու և Նիկոլայ Չեռնիշևսկու հասարակական ու գեղագիտական հայացքների ազդեցության ներքո[1]։ Ազատվելով իրենց գործերն ստեղծելու, ցուցադրելու, իրացնելու՝ Գեղարվեստի ակադեմիայի սահմանափակումներից ու խնամակալությունից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ներքին կյանքը կազմակերպել են կոոպերատիվ սկզբունքներով, ծավալել լուսավորական գործունեություն։ 1871 թվականից ընկերությունը բացել է 48 ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, որից հետո դրանք ցուցադրել Կիևում, Խարկովում, Կազանում, Օրյոլում, Ռիգայում և այլ քաղաքներում։ Վճռականորեն խզելով կապերը ակադեմիզմի իդեալիստական գեղագիտությունից ու կանոններից՝ պերեդվիժնիկների արվեստը հիմքում ունեցել է քննադատական ռեալիզմի մեթոդը։ Պերեդվիժնիկները դիմել են կյանքի, ժողովրդի պատմության, հայրենի երկրի ու բնության ճշմարտացի, դեմոկրատական դիրքորոշմամբ պատկերման։ Կրքոտ կերպով մերկացնելով ինքնակալական-ճորտատիրական կարգերը, կապիտալիզմի խոցերը՝ նրանք ջերմ սիրով են ցույց տվել ժողովրդի ուժն ու գեղեցկությունը, ազատության համար նրա մղած պայքարի վեհությունը։ Պերեդվիժնիկների ստեղծագործության մեջ առաջատար է եղել կենցաղային ժանրը, որի միջոցով ընդհանրացման չտեսնված խորությամբ և ուժով է պատկերվել ժողովրդի ժամանակակից կյանքը[1]։ Կարևոր տեղ են գրավել նաև սոցիալական և հոգեբանական բնութագրերով կատարված դիմանկարը, ժողովրդի գործունեությանը նվիրված պատմանկարչությունը, հայրենի բնության պարզ մոտիվների գեղեցկությունն ու նշանակալիությունը բացահայտող բնանկարը, ավետարանական սյուժեներով պատկերներում մարմնավորվել են բարոյափիլիսոփայական հրատապ խնդիրներ[1]։ Նրա կազմում տարբեր ժամանակներում (բացի նախաձեռնողներից) եղել են Իլյա Ռեպինը, Վասիլի Սուրիկովը, Վլադիմիր Մակովսկին, Իլարիոն Պրյանիշնիկովը, Ալեքսեյ Սավրասովը, Իվան Շիշկինը, Վասիլի Մաքսիմովը, Կոնստանտին Սավիցկին, Ապոլինարի և Վիկտոր Վասնեցովները, Արխիպ Կուինջին, Վասիլի Պոլենովը, Նիկոլայ Յարոշենկոն, Իսահակ Լևիտանը, Վալենտին Սերովը և ուրիշներ։ Պերեդվիժնիկների ցուցահանդեսներին մասնակցել են Մարկ Անտոկոլսկին, Վասիլի Վերեշչագինը, Անդրեյ Ռյաբուշկինը և ուրիշներ, հայերից՝ Վարդգես Սուրենյանցը (մի քանի ցուցահանդեսի), Եղիշե Թադևոսյանը։
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն | |
---|---|
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամները (1888 թվական) | |
Տեսակ | արվեստագետների միություն |
Հիմնադրված | 1870 թվականի նոյեմբեր |
Լուծարված | 1923 թվական |
Ղեկավար | Ընկերության ընդհանուր ժողով |
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը կազմալուծվել է 1923 թվականին։ Նրա անդամները հիմնականում անդամագրվել են Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիային։