Դիֆթերիա
From Wikipedia, the free encyclopedia
Դիֆթերիա, վարակային հիվանդություն, որն առաջանում է Corynebacterium diphtheriae բակտերիայի կողմից[1]։ Ախտանիշներն ու ախտանշանները կարող են դրսևորվել թեթև ու ծանր աստիճաններով[2]։ Սովորաբար ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո[1], առաջանում են աստիճանաբար, սկսվում են կոկորդի ցավով ու տենդով[2]։ Ծանր դեպքերում կոկորդում առաջանում է մոխրագույն կամ սպիտակ փառ[1][2]։ Այն կարող է փակել շնչառական ուղիները և առաջացնել հաչացող հազ, ինչպես կրուպի դեպքում[2]։ Պարանոցը կարող է մասնակի փքվել ավշային հանգույցների մեծացման պատճառով[1]։ Գոյություն ունի նաև դիֆթերիայի տեսակ, որն ախտահարում է մաշկը, աչքերը և սեռական օրգանները[1][2]։ Կարող է առաջացնել հետևյալ բարդությունները․ սրտամկանի բորբոքում(միոկարդիտ), նյարդերի բորբոքում, երիկամի հետ կապված խնդիրներ և արյունահոսություն՝ թրոմբոցիտների քանակի քչացման պատճառով[1]։ Միոկարդիտը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, իսկ նյարդաբորբը՝ պարալիզի[1]։
Դիֆթերիա | |
---|---|
Տեսակ | Վարակային հիվանդություն |
Պատճառ | Corynebacterium diphtheriae[1] |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ կոկորդում,ջերմություն, հազ[2] |
Բուժաքննություն | Elek's test?, մանրէաբանական կուլտուրա և ֆիզիկալ զննում |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 032 |
ՀՄԴ-10 | A36 |
Ախտորոշում | Կոկորդի տեսքը, բակտերյալ կուլտուրան[2] |
Բուժում | Հակաբիոտիկներ, շնչափողահատում[1] |
Կանխարգելում | Պատվաստանյութ[1] |
Հաճախություն | 4,500 (ըստ 2015թ տվյալների)[3] |
Մահացություն | 2,100 (2015)[4] |
Սկիզբը | վարակվելուց 2–5 օր հետո[1] |
Diphtheria Վիքիպահեստում |
Դիֆթերիան հիմնականում տարածվում է անմիջական շփման միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով[1][5]։ Կարող է տարածվել նաև ախտահարված առարկաների միջոցով[1]։ Որոշ վարակակիրների մոտ հնարավոր է ախտանիշների բացակայություն, բայց նրանք կարող են վարակել մյուսներին[1]։ C. diphtheriae -ի երեք հիմնական տեսակները առաջացնում են տարբեր ծանրության աստիճանի հիվանդություններ[1]։ Ախտանիշները պայմանավորված են էկզոտոքսիններով, որոնք բակտերիաների կողմից արտադրվող թույներ են[2]։ Ախտորոշումը հաճախ կատարվում է կոկորդում մանրէաբանական կուլտուրայի հստատմամբ[2]։ Նախորդ վարակը չի կարող պաշտպանել կրկին վարակվելուց[2]։
Դիֆթերիաի դեմ պատվաստանյութը համարվում է բավականին արդյունավետ միջոց կանխարգելման համար և հասանելի է մի քանի ձևով[1]։ Ներարկվում է եռակի կամ քառակի դեղաչափով՝ փայտացման և կապույտ հազի պատվաստանյութերի հետ միասին մանուկ հասակում[1]։ Հաջորդ պատվաստումը դիֆթերիայի և փայտացման դեմ առաջարկվում է կատարել յուրաքանչյուր տաս տարին մեկ[1]։ Պաշտպանվածությունը հնարավոր է ստուգել՝ պարզելով արյան մեջ անատոքսինի աստիճանը[1]։ Դիֆթերիան հնարավոր է բուժել էրիթրոմիցին կամ բենզիլպենիցիլին հակաբիոտիկներով[1]։ Այս հակաբիոտիկները հնարավոր է օգտագործել նաև կանխարգելման նպատակով[1]։ Ծանր դեպքերում շնչառական ուղիները բացելու նպատակով կատարվում է շնչափողահատում(տրախեոտոմիա)[2]։
2015թ-ին ամբողջ աշխարհում պաշտոնապես գրանցվել է 4,500 դեպք, իսկ 1980թ-ին գրանցվել էր 100,000 դեպք[3]։ Նույնիսկ ենթադրվում է, որ 1980-ական թվականներին տարվա ընթացքում դիտվել է մինչև մեկ միլիոն դեպք[2]։ Ներկայումս դիֆթերիան առավել հաճախ հանդիպում է Աֆրիկյան երկրներում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում[2][6]։ 2015թ-ին դիտվել է մահացության 2100 դեպք, ի տարբերություն 1990թ-ին դիտված 8,000 դեպքի[4][7]։ Այն շրջաններում, որտեղ դեռ տարածված է դիֆթերիան, երեխաներն ավելի շատ են հիվանդանում մեծահասակների հետ համեմատած[2]։ Ախտահարման դեպքերը զարգացած երկրներում շատ հազվադեպ են, պատվաստանյութի հասանելիության պատճառով[2]։ ԱՄՆ-ում 1980-2004 թվականների ընթացքում ընդամենը դիտվել է 57 դեպք[1]։ Ախտահարվածների 5%-10%-ը մահանում են[1]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Հիպոկրատի կողմից մ․թ․ա․5-րդ դարում[1]։ Հարուցիչը հայտնաբերվել է 1882 թվականին Էդվին Կլեբսի կողմից[1]։