Կատալոնիա
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիա, պաշտոնապես՝ Կատալոնիայի ինքնավար համայնք (կատ.՝ Comunitat autònoma de Catalunya, իսպ.՝ Comunidad autónoma de Cataluña), միապետական Իսպանիայի կազմում միավորվող ինքնավար համայնք, որը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում։ Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Կատալոնիային շնորհված է ներքին ինքնավարություն, որն իրականացվում է ժեներալիտետի միջոցով։ Ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որն ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանության գլուխը Կատալոնիայի նախագահն է, որը կատարում է ինքնավար համայնքի ղեկավարի գործառույթներ։ Կառավարման ապարատի անբաժան մասն է կազմում միապալատ խորհրդարանը, որն էլ ընտրում է կառավարության ղեկավարին։ Դատական իշխանությունը անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Կատալոնիան վարչականորեն բաժանված է չորս նահանգների՝ Բարսելոնայի, Ժիրոնայի, Լլեյդայի և Տառագոնայի։ Վարչական կենտրոնը Բարսելոնան է, որը Իսպանիայի Թագավորության երկրորդ և Եվրոպական միության յոթերորդ խոշորագույն քաղաքն է։ Վերջինս համարվում է նաև Կատալոնիայի քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական կենտրոնը։ Աշխարհագրորեն՝ Կատալոնիան գտնվում է Իսպանիայի ծայր արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Ֆրանսիայի Հանրապետությանը և Անդորրային, արևմուտքում՝ Արագոնին, արևելքում՝ Վալենսիային։
Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կատալոնիայի բնակչությունը կազմում է 7,522,596 մարդ։ Բնակչության մեծամասնությունն իսպանացիներն ու կատալոնացիներն են։ Պաշտոնական լեզուները երեքն են՝ իսպաներենը, կատալաներենը և արաներենը։ Բնակչության կրոնական կազմը բավականին բազմազան է, սակայն ճնշող մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։
Կատալոնիայի տարածքը միջնադարյան ժամանակներից ի վեր միավորվել է իսպանական պետությունների կազմի մեջ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում այն կռվախնձոր է եղել Իսպանիայի և Ֆրանսիայի միջև, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ձեռք բերել անկախություն և ինքնիշխանություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբերից Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիան աչքի է ընկել իր ազատատենչ գաղափարներով, անջատողական կեցվածքով և ունիտարիստական քաղաքականությանը հակոտնյա դիրքորոշմամբ։ Այս ամենի արդյունքում Կատալոնիան հասել է նրան, որ պաշտոնական Մադրիդը վերջինիս շնորհել է բացառիկ ինքնավարություն, ինչպես նաև կատալաներենը ճանաչել որպես պետական լեզու։ Կատալոնական ազգայնականության դրսևորումներից է վերջինիս տարածքային հավակնությունները Կատալոնական հողերի նկատմամբ, ինչպես նաև այդ տարածքներում ինքնիշխան ազգային պետության ստեղծման վերջիններիս բաղձալի նպատակը։ 2013 թվականի հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունում է «ինքնիշխանության և կատալոնացի ժողովրդի ինքնորոշման մասին հռչակագիր»։
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվում է անկախության հանրաքվե, որն ըստ երևույթի հակասում էր Իսպանիայի ազգային օրենսդրությանը։ Ըստ հանրաքվեի հրապարակված արդյունքների՝ բնակչության մեծամասնությունը կողմ էր Կատալոնիայի անկախությանը։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ Կառլես Պուչդեմոնը Կատալոնիան հռչակում է անկախ պետություն՝ հանրապետական կառավարմամբ։ Հոկտեմբերի 21-ին Մարիանո Ռախոն լուծարում է ժեներալիտետը և սահմանադրական դատարանի վճռով Կատալոնիային զրկում ինքնիշխանությունից։ Վերջինիս կարգավիճակը վերականգնվում է 2018 թվականի հուլիսի 2-ին։