Կոլլաբորացիոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Կոլլաբորացիոնիզմ կամ համագործակցություն (ֆր.՝ collaboration), պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ ընդդեմ իր երկրի[1]։ Տերմինը առավել հաճախ օգտագործվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին առանցքային տերությունների, հատկապես նացիստական Գերմանիայի և կայսերական Ճապոնիայի հետ քաղաքացիական անձանց համագործակցությունը նկարագրելու համար։ Քաղաքացիների և կազմակերպությունների կողմից համագործակցության դրդապատճառներից էին ազգայնականությունը, էթնիկական ատելությունը, հակակոմունիզմը, հակասեմիտիզմը, օպորտունիզմը, ինքնապաշտպանությունը կամ հաճախ դրանց տարբեր համադրությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի որոշ համագործակցությունների արդյունքում տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կամ այնպիսի վայրագություններ, ինչպես Հոլոքոստը[2]։ Ավելի հաճախ համագործակցողները պարզապես իրավիճակին «հարմարվում էին, որ համապատասխանեն» (went along to get along)՝ փորձելով օգտվել օկուպացիայից կամ պարզապես գոյատևել։ Կոլաբորացիոնիզմի սահմանումը բացարձակ չէ և մեկնաբանման ենթակա է։
Քաղաքագետ Սթենլի Հոֆմանը տարբերակում է կոլաբորացիոն համագործակցության երկու տեսակ` պարտադրված (դժկամորեն ընդունել անխուսափելիությունը) և կամավորական (փորձել օգտվել անխուսափելիությունից)։ Ըստ նրա, համագործակցայնությունը կարող է լինել կամ ստրկական (servile), կամ գաղափարական։ Ստրկական համագործակցողը ծառայություն է մատուցում թշնամուն՝ անձնական գոյատևման կամ հարմարավետության անհրաժեշտությունից ելնելով, մինչդեռ գաղափարականը թշնամու ուժի հետ գաղափարական համագործակցության ջատագովություն է[3]։ Իսկ Բերթրամ Գորդոնը օգտագործել է կոլաբորատոր - «գործընկեր» և կոլաբորացիոնիստ, որպես համապատասխանաբար, ոչ-գաղափարական ու գաղափարախոսական համագործակցություն ձևերը[4]։ Ջեյմս Մեյս Ուորդը պնդում է, որ, թեև համագործակցությունը հաճախ հավասարվում է դավաճանության հետ, Ֆիլիպիններում և հիմնականում նրանց ճապոնացի գերեվարածների միջև «օրինական համագործակցություն» տեղի ունեցավ քաղաքացիական ներկալվածների (հիմնականում ամերիկացիների) հետ՝ փոխշահավետության համար և ներկալվածների գոյատևման հնարավորությունները բարելավելու համար[5]։ Եվրոպայում և Ասիայում առանցքային տերությունների հետ համագործակցությունը տարբեր աստիճանների գոյություն է ունեցել բոլոր գրավյալ երկրներում։ Չնայած Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները երբեք չեն բռնազավթվել, սակայն Բրիտանիայի տարածքները՝ Ֆրանսիայի մերձակայքում գտնվող Նորմանդյան կղզիները գերմանական տիրապետության տակ էին, և հազարավոր ամերիկացի քաղաքացիական անձինք Ասիայում ներկալված էին Ճապոնիայի կողմից։
Առանցքային ուժերի պարտությունից հետո կոլաբորացիոնիստները հիմնականում արժանացան հասարակական նվաստացման, բանտարկվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Ֆրանսիայում, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք ՝ դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով[6]։
Երկրորդ աշխարհամարտում կոլաբորացիոնիզմին հակադրվում էր «դիմադրությունը», տերմին, որն ունի իմաստների և մեկնաբանությունների լայն շրջանակ։