Խտացված նյութի ֆիզիկա
From Wikipedia, the free encyclopedia
Խտացված (երբեմն՝ կոնդենսացված) նյութի ֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որը ուսումնասիրում է նյութի խտացված (կոնդենսացված) վիճակի ֆիզիկական հատկությունները[1]։ Խտացված նյութի ֆիզիկան փորձում է հասկանալ այս վիճակների վարքը՝ օգտագործելով ֆիզիկայի օրենքները։ Մասնավորապես, սրանք ներառում են՝ քվանտային մեխանիկայի, էլեկտրամագնիսականության և վիճակագրական մեխանիկայի օրենքները։
Ավելի ծանոթ խտացված վիճակներն են հեղուկ և պինդ մարմինները, իսկ ավելի «էկզոտիկ» խտացված վիճակները ներառում են՝ ցածր ջերմաստիճաններում ցուցադրվող գերհաղորդականության վիճակը, ատոմային վանդակների սպինների ֆերոմագնիսական և հակաֆերոմագնիսկական վիճակները և Բոզե-Այնշտայնի կոնդենսատ։ Խտացված նյութի ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի հատկությունները գիտափորձերով՝ օգտվելով տեսական ֆիզիկայի եղանակներից՝ ֆիզիկական վարքը հասկանալու համար կառուցելով մաթեմատիկական մոդելներ։
Համակարգերի և ֆենոմենների բազմազանության պատճառով խտացված նյութի ֆիզիկան ժամանակակից ֆիզիկայի ամենաակտիվ բաժինն է․ օրինակ՝ ամերիկացի ֆիզիկոսների մեկ երրորդը իրենց համարում են խտացված նյութի ֆիզիկոս[2], իսկ խտացված նյութի ֆիզիկայի բաժինը ամերիկյան ֆիզիկական ընկերության ամենամեծ բաժինն է[3]։