Կոնստանտին Բալմոնտ
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Դմիտրիևիչ Բալմոնտ (ռուս.՝ Константи́н Дми́триевич Бальмо́нт[6][7], 4 (16) հունիսի, 1867, Գումնիշչի, Վլադիմիրի նահանգ — 23 դեկտեմբերի, 1942, Նուազի լը Գրան, Փարիզի մոտ), ռուս սիմվոլիստ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ։ Ռուս գրականության արծաթե դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Գրական ասպարեզ է մտել 1890 թվականին («Բանաստեղծությունների ժողովածու»)։ Հրատարակել է 35 բանաստեղծական ժողովածուներ, 20 արձակ գրքեր, կատարել է թարգմանություններ բազմաթիվ լեզուներից (Ուիլյամ Բլեյք, Էդգար Պո, Պերսի Բիշի Շելլի, Օսկար Ուայլդ, Գերհարդ Հաուպտման, Շառլ Բոդլեր, Գերման Զուդերման, իսպանական երգեր, սլովակների ու վրացական էպոսները, հարավսլավական, բուլղարական, լիտվական, մեքսիկական, ճապոնական պոեզիա)։ Հեղինակել է ինքնակենսագրական ստեղծագործություններ, հուշագրություններ, բանասիրական տրակտատներ, պատմաբանասիրական ուսումնասիրություններ ու քննադատական էսսեներ[8][9]։
Կոնստանտին Բալմոնտ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3 (15), 1867[1][2][3] |
Ծննդավայր | Q50074884?, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1942(1942-12-23)[4] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Նուազի-լե-Գրան[4] |
Գերեզման | Նուազի-լե-Գրան |
Գրական անուն | Б-ъ, К., Гридинский, Дон, К.Б., Лионель և André Bochanoff[5] |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և ակնարկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և Ֆրանսիա |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Ժանրեր | էլեգիա և բալլադ |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Վառվող շենքեր և Լինենք ինչպես արև |
Ամուսին | Եկատերինա Բալմոնտ |
Զավակներ | Q124285853? |
Կոնստանտին Բալմոնտ Վիքիդարանում | |
Konstantin Balmont Վիքիպահեստում |
«Անեզրության մեջ» (1895), «Լռություն» (1898), «Վառվող շենքեր» (1900), «Լինենք ինչպես արև» (1903) ժողովածուներում Բալմոնտը հանդես է եկել որպես ռուսական սիմվոլիզմի ներկայացուցիչ։ Համակրանքով է ընդունել 1905 թվականի հեղափոխությունը։ Հետագա տարիներին հրատարակել է «Դիցանուշային հեքիաթներ» (1905), «Գեղեցկության պատարագը» (1911), «Արևի, Երկնքի և Լուսնի սոնետները» (1917) ժողովածուները։ Ճանապարհորդությունների ընթացքում Բալմոնտը հավաքել և հրատարակել է տարբեր երկրների (Եգիպտոս, Մեքսիկա, Հնդկաստան և այլն) ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Չընդունելով Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ 1920 թվականին վտարվել է։ Ապրել է հիմնականում Ֆրանսիայում։ Այնտեղ հրատարակել է «Նվեր Երկրին» (1921), «Օդապատրանք» (1922), «Իմը՝ Նրան։ Բանաստեղծություններ Ռուսաստանի մասին» (1923), «Հյուսիսափայլ» (1923), «Անջատված հեռաստանում» (1930) բանաստեղծությունների ժողովածուները և «Նոր մանգաղի ներքո» (1923), «Օդային ուղի» (1923) ինքնակենսագրական արձակ գործերը։ Բալմոնտի ստեղծագործություններին բնորոշ են դեկադենտական ուղղությունն ու խոր անհատականությունը։ Թարգմանել է հայ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի և ուրիշների գործերից, որոնք ամփոփված են 1916 թվականին Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ռուսերեն անթոլոգիայում։