Հոլոքոստի ժխտում
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստի ժխտում, նեգացիոնիզմ, որի համաձայն Հոլոքոստ չի եղել այն ձևով, ինչ ներկայացնում է ընդհանուր ճանաչում գտած պատմագրությունը[1][2][3]։ Հոլոքոստը ժխտողներն իրենց դավադրության տեսությունում առաջ են քաշում փաստերը հօգուտ հրեաների թաքցնելու, մասշտաբային կեղծարարության և փաստերի խեղաթյուրման թեզեր[4][5][6][7]։ Հիմնականում վիճարկման առարկա են դառնում հետևյալ դրույթները[3][8][9][10][11].
- Հրեաների զանգվածային սպանությունը Նացիստական Գերմանիայի պաշտոնական ղեկավարության նպատակաուղղված քաղաքականության արդյունք էր։
- Հրեաների զանգվածային ոչնչացման համար ստեղծվել են գազի խցիկներ ու մահվան ճամբարներ։
- Նացիոնալ-սոցիալիստների և նրանց դաշնակիցների տիրապետության տակ գտնվող հրեական բնակչության շրջանում զոհերի թիվը հասնում է 5-6 միլիոնի։
Ժխտողները հաճախ պնդում են, որ վերոնշյալ տեղեկությունը գիտակցորեն կեղծվել է սիոնիստների կողմից՝ Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծումն արդարացնելու նպատակով[3][9][10][12]։
Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն։ Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով հակահրեականություն և նեոնացիստական տեսակետներ[2][9][10][13]։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2005 թվականի նոյեմբերի 21-ին առանց քվեարկության ընդունել է № 60/7 բանաձևը, որով քննադատում է Հոլոքոստի` որպես պատմական իրողության լրիվ կամ մասնակի ժխտումը։ Իսկ 2007 թվականի հունվարի 26-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա նախօրեին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է № 61/255 բանաձևը` «Հոլոքոստի ժխտում» անունով, որը դատապարտում է Հոլոքոստի` որպես պատմական իրողության ժխտումը[14]։ Մի շարք երկրներում Հոլոքոստի հրապարակային ժխտումը անօրինական է համարվում։