Միզերի (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Միզերի» (անգլ.՝ Misery), հոգեբանական թրիլեր ժանրի վեպ, որը գրել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին՝ Viking Press հրատարակչության կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է գրքի երկու հերոսների՝ հայտնի գրող Փոլ Շելդոնի և հոգեկան հիվանդ երկրպագուհի Էննի Ուիլքսի հարաբերությունները։ Ավտոճանապարհային պատահարից հետո Փոլը լուրջ վնասվածքներ է ստանում։ Նախկին բուժքույր Էննին քարշ է տալիս նրան իր տուն, որտեղ էլ հենց գրողը ստանում է ցավազրկողների չափաբաժիններ և բուժում։ Աստիճանաբար գրողը հասկանում է, որ ինքը կալանավոր է, ով ստիպված պետք է ենթարկվի իր հսկիչի քմահաճույքներին։
Միզերի անգլ.՝ Misery | |
---|---|
Առաջին թողարկման շապիկը | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | suspense in literature?, հոգեբանական թրիլեր և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Բոուլդեր |
Նախորդ | Վիշապի աչքերը |
Հաջորդ | Թոմմինոքերները |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | հունիսի 8, 1987 |
OCLC | 21651854 |
Պարգև(ներ) | |
Misery (novel) Վիքիպահեստում |
Վեպի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «տառապանք», ունի մի քանի իմաստներ։ Մի կողմից այդ անունն է կրում Փոլ Շելդոնի գրքերի հերոսուհին, մյուս կողմից էլ հեղինակն այդպիսի զգացմունքով է նկարագրել իր հոգեվիճակը՝ ստեղծագործությունը գրելիս։ «Միզերի»-ի ստեղծման պատմությունը Քինգը շարադրել է իր գրականական հիշողություններում՝ հիշեցնելով, որ Էննի Ուիլքսի կերպարը և պատմության հանգույցն իր մոտ առաջացել են երազում։
Վեպն արժանացավ Բրեմ Սթոքերի մրցանակին, ինչպես նաև առաջադրվեց Համաշխարհային ֆենտեզի մրցանակաբաշխության «Լավագույն վեպ» անվանակարգում[1]։ «Միզերին» քննադատների կողմից ստացավ դրական արձագանքներ։ Գրախոսները ողջունեցին Քինգի գրքերում առկա դասական միստիցիզմը՝ հատկապես նշելով գրողի անձնական կյանքի համեմատությունը և «հայտնի և երկրպագու» հարաբերությունների թեմատիկայի հաջողված ուսումնասիրությունը։ Վեպը, որը տարվա բեսթսելլերների ցուցակում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, 1990 թվականին էկրանավորվեց ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների կողմից[2]։