Միջազգային լեզու
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային լեզու, լեզու, որն ունի միջազգային կիրառություն, համաշխարհային հանրության մեծ մասի կողմից օգտագործվում է որպես երկրորդ լեզու։ Միջազգային լեզուն կիրառվում է միջազգային կազմակերպություններում և դիվանագիտական հարաբերություններում, բնութագրվում է նաև խոսողների ընդհանուր թվաքանակով (մայրենի լեզու և երկրորդ լեզու) և համաշխարհային տարածվածությամբ[1][2]։
Այսօր ամենատարածված (և, հավանաբար, ամենաարագ աճող) միջազգային լեզուն անգլերենն է, որով խոսում են ավելի քան 1,1 միլիարդ մարդ և որպես երկրորդ լեզու կիրառվում է ամբողջ աշխարհում[3]։
Նման հիմքերով ֆրանսերենը նույնպես սովորաբար դասակարգվում է միջազգային լեզուների շարքում։ Միջազգային մյուս հնարավոր լեզուներն են` իսպաներենը, արաբերենը, ռուսերենը և չինարենը։ Պատմականորեն, արամեերենը, հին հունարենը, լատիներենը, դասական չինարենը, պարսկերենը, սանսկրիտը և դասական արաբերենը նույնպես գործել են որպես միջազգային լեզուներ՝ շնորհիվ այն բանի, որ նախկինում եղել են լինգվա ֆրանկա աշխարհի մեծ մասում։