Մերկուրի (մոլորակ)
From Wikipedia, the free encyclopedia
Մերկուրի կամ Փայլածու (լատիներեն՝ Mercurius), Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրի պերիհելին Արեգակի շուրջ պտտվում է (պրեցեսիա) 43 աղեղնային վայրկյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է Արեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակի խավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդի հասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։ Սա պայմանավորված է նրանով, որ Արեգակը հասարակածում մայր է մտնում և ծագում ավելի արագ, այսինքն մթնշաղի ժամանակահատվածը ավելի փոքր է, ինչպես նաև խավարածիրը հատում է հորիզոնը հասարակածում ավելի սուր անկյան տակ։ Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։ Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու ավտոմատ միջմոլորակային կայանների օգտագործմամբ։ Նրանցից առաջինը ՆԱՍԱ-ի կողմից արձակված Մարիներ-10 սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը 1974-1975 թվականներին։ Երկրորդը Մեսենջեր ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերկուրի (այլ կիրառումներ)
Փայլածու (Մերկուրի) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Բացարձակ մեծություն (H) | −2,6[1] - 5,7[2][3] |
Տեսանելի չափ | 4.5" – 13"[2] |
Հեռավորությունը Արեգակից | 57 909 068 կմ (0,38709821 ա. մ.) |
Արբանյակներ | չունի |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 46 001 210 կմ (0,30749909 ա. մ.)[4] |
Ապոհելին | 69 816 927 կմ (0,46669733 ա. մ.)[4] |
Մեծ կիսաառանցք | 57 909 068 կմ (0,38709821 ա. մ.)[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,20530294[2][4] |
Սիդերիկ պարբերություն | 87,969 օր[4] |
Սինոդիկ պարբերություն | 115,88 օր[2] |
Ուղեծրային արագություն | 47,87 կմ/վ[2] |
Թեքվածություն | 7,00° (Խավարածրի նկատմամբ) 3,38° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 48,330541°[4] |
Պերիկենտրոնի արգումենտ | 29,124279° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | < 0,0006 |
Շառավիղ | 2439,7 ± 1,0 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 2439,7 կմ[4] |
Բևեռային շառավիղ | 2439,7 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 7,48 × 107 կմ² |
Ծավալ | 7,48 × 1010 կմ3[4] |
Զանգված | 3,33022 × 1023 կգ[4][5] |
Միջին խտություն | 5,427 գ/սմ³[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 3,7մ/վ²[4] |
Հասարակածային պտույտի արագություն | 10,892 կմ/ժ[4] |
2-րդ տիեզերական արագություն | 4,25 կմ/վ[4] |
Պտույտի պարբերություն | 58,646 օր (1407,5 ժ) |
Առանցքի թեքում | 2.11′ ± 0.1′[6] |
Ալբեդո | 0,068 (Բոնդ)[4][7] 0,142 (երկրաչափական)[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 42,0 % - Թթվածին 29,0 % - Նատրիում 22,0 % - Ջրածին 6,0 % - Հելիում 0,5 % - Կալիում 0,5 % - մնացածը, (ջուր, ազոտ, քսենոն, կրիպտոն, նեոն, կալցիում, մագնիում)[4][5] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 67 °C (340 K)[8] |
Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ։ Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ։ Ի տարբերություն Լուսնի՝ Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը։ Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով։ Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 - 700 Կ)։
Պատմության մեջ գրառումներ Մերկուրիի մասին կան արդեն Ք.Ծ.Ա. առաջին հազարամյակում։ Ք.Ծ.Ա. 4-րդ հարյուրամյակում հույն աստղագետները կարծում էին, որ մոլորակը երկու առանձին մարմիններ են՝ առաջինը, երևում էր Արեգակի ծագման ժամանակ և կոչվում Ապոլլոն, և երկրորդը, որը երևում էր մայրամուտից հետո, կոչվում էր Հերմես։ Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված Մերկուրիի անունով։ Մերկուրիի աստղագիտական նշանն է Հերմեսի (կամ Մերկուրիի) կադուցեուսը։
Հայկական հին աստղագիտական աշխատություններում Մերկուրին անվանվում է Փայլածու։
Մերկուրիի միջին հեռավորությունը Արեգակից 0,38 ա. մ. է կամ 58 մլն. կմ։ Շառավիղը՝ 2440 կմ է, զանգվածը կազմում է երկրի զանգվածի 0,055-րդ մասը։
2008 թվականի ամերիկյան «Մեսենջեր» ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից արված լուսանկարներում դիտվել է հրաբխային ակտիվության հետքեր։