Փոխարժեք
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսներում փոխարժեքն այն գործակիցն է, որով մի արժույթը փոխանակվում է մյուսով։ Վերջինս նաև համարվում է մի երկրի արժույթի գինը՝ մեկ այլ արժույթի նկատմամբ[1]։ Օրինակ, այն, որ ճապոնական իենի միջբանկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 114 է, նշանակում է, որ 114 իենը կարող է փոխանակվել 1 ԱՄՆ դոլարի հետ կամ որ յուրաքանչյաուր ԱՄՆ դոլար կարող է փոխանակվել 114 իենի հետ։ Այս դեպքում ասվում է, որ դոլարի գինը, իենի հարաբերությամբ, կազմում է 114 իեն կամ, համարժեքորեն, որ 1 իենի գինը դոլարի հարաբերությամբ կազմում է 1/114 դոլար։
Փոխարժեքները որոշվում են արտարժույթի շուկայում[2], որը բաց է բազմաթիվ վաճառողների և գնորդների համար, և որտեղ արժույթի առևտուրը շարունակական է՝ օրական 24 ժամ՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, այսինքն առքուվաճառքն իրականացվում է կիրակի օրը սկսած 20:15 (Լոնդոնի ժամանակով), միչև ուրբաթ օրը՝ 22:00 (Լոնդոնի ժամանակով)։ Սփոթ փոխարժեքը ընթացիկ փոխարժեքն է։ Ֆորվարդ փոխարժեքը այն փոխարժեքն է, որը սահմանվում է այսօր՝ ապագայում կոնկրետ սահմանված ամսաթվին փոխանցումներն ու վճարումները կատարելու պայմանով։
Արտարժույթի մանրածախ շուկայում առք ու վաճառքի տարբեր փոխարժեքներ են սահմանում փողի դիլերները։ Առքուվաճառքի գործարքների հիմնական մասի մի կողմում տեղական արժույթն է։ Առքի փոխարժեքն այն արժեքն է, որով դիլերները պատրաստ են գնել արտարժույթ, իսկ վաճառքի փոխարժեքը՝ այն արժեքը, որով պատրաստ են վաճառել այդ արտարժույթը։ Սահմանված փոխարժեքներն իրենց մեջ ներառում են առքուվաճառքից դիլերի մարժան (կամ շահույթը), որը նաև կարող է լինել կոմիսիոն վճարի կամ այլ տեսքով։ Կանխիկ, փաստաթղթային կամ էլեկտրոնային գումարի համար կարող են սահմանվել տարբեր փոխարժեքներ։ Փաստաթղթային գործարքների համար սահմանված բարձր փոխարժեքները հիմնավորվում են, որպես փաստաթղթի մաքրման համար լրացուցիչ ժամանակի և ծախսերի փոխհատուցում։ Մյուս կողմից, կանխիկ գումարը հասանելի է անմիջապես վերավաճառելու համար, սակայն այն բերում է անվտանգության, պահեստավորման և փոխադրման, ինչպես նաև թղթարդրամների կապոցում կապիտալը պահելու ծախսերի։