Փոքր մոլորակ
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր մոլորակ, երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջը, և չի հանդիսանում ոչ մոլորակ, ոչ էլ գիսաստղ։ Հավանաբար, առաջացել են Արեգակնային համակարգի հետ միաժամանակ՝ այն նույն նյութից, որից բաղկացած են մեծ մոլորակները[1]։ Փոքր մոլորակներ են՝ գաճաճ մոլորակները, աստերոիդները, տրոյացիները, կենտավրոսները, Կոյպերի գոտու մարմինները և այլ տրանսնեպտունային մարմինները[2]։ Առաջին փոքր մոլորակը Սերեսն է, հայտնաբերվել է 1801 թվականին։ Ավելի քան 570 000 մարմինների ուղեծրերի մասին տվյալները պահվում են Փոքր մոլորակների կենտրոնում։ Փոքր մոլորակների ճնշող մեծամասնության ուղեծրերը գտնվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Ելնելով այդ երկու մոլորակների միջև եղած հեռավորությունից, ենթադրվում էր, որ Մարսի և Յուպիտերի միջև պետք է լինի մեկ այլ մոլորակ։ 1801 թվականին հայտնաբերված առաջին փոքր մոլորակը՝ Ցերերան է, որի ուղեծիրը գտնվում էր Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, հենց այդ «պակասող» մոլորակը համարվեց։ Սակայն շուտով հայտնաբերվեցին մի շարք նոր Փոքր մոլորակներ (Պալլաս, Ցունոնա, Վեստա), որոնց գոյությամբ հերքվեց նախկինում արված ենթադրությունը[1]։ «Փոքր մոլորակը» անվանումը օգտագործվում է այսպիսի մարմինները նկարագրելու համար սկսած XIX դարից[3]։ Նույնպես օգտագործվում էր պլանետոիդ (planetoid) անվանումը, հատկապես խոշոր մարմինների դեպքում։ Պատմականորեն, աստերոիդ, փոքր մոլորակ, և պլանետոիդ անվանումները համարվում էին շատ թե քիչ հոմանիշ, սակայն հարցը չափազանց բարդացավ Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերից դուրս բազմաթիվ մանր մոլորակների հայտնաբերման հետ զուգընթաց, որոնց հնարավոր չէր կոչել աստերոիդ[4]։
Արեգակի շուրջը Փոքր մոլորակի շարժումը կատարվում է մեծ մոլորակների շարժման ուղղությամբ՝ համաձայն Կելցչերի օրենքների։ Դրանց ուղեծրերի հարթությունների միջին թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ 9,5° է, իսկ ուղեծրերի մեծ կիսաառանցքները գտնվում են 2,3-3,3 ամբողջ մոլորակների միջակայքում։ Արեգակի շուրջը Փոքր մոլորակի պտտման պարբերությունը հիմնականում կազմում է 3,5–6 տարի։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ամենափոքր ուղեծրով (մեծ կիսաառանցքը՝ а=1,07777 ամբողջ մոլորակներ) Իկարուս փոքր մոլորակը, որը պարբերաբար մոտենում է Երկրին (մոտ 6–7 միլիոն կիլոմետր)։ Իկարուսը ռադիոլոկացիայով դիտված 1968 թվականին առաջին մոլորակն էր[1]։
Մինչև 2006 թվականը Միջազգային աստղագիտական միությունը պաշտոնապես օգտագործում էր «փոքր մոլորակ» անվանումը։ Իր 2006 թվականի հանդիպման ժամանակ միությունը դասակարգեց փոքր մոլորակները և գիսաստղերը գաճաճ մոլորակների և Արեգակնային համակարգի փոքր մարմինների[5]։ Մարմինը կոչվում է գաճաճ մոլորակ, եթե նրա սեփական ձգողության ուժը բավարար է, որպեսզի այդ մարմինը հասնի հիդրոստատիկ հավասարակշռության, այսինքն, ունի էլիպսոիդ ձև։ Բոլոր այլ փոքր մոլորակները և գիսաստղները անվանվում են «Արեգակնային համակարգի փոքր մարմիններ»։ ՄԱՄ-ը հայտարարում է՝ «փոքր մոլորակ սահմանումը դեռևս կարող է օգտագործվել, սակայն նախընտրելի է Արեգակնային համակարգի փոքր մարմին սահմանումը»։ Այնուամենայնիվ, համարակալման և անվանակոչության հարմարության նկատառումներից ելնելով, ավանդական տարբերակումը մանր մոլորակների և գիսաստղերի դեռ շարունակվում է։
Փոքր մոլորակի շարժման ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի աստղաչափության մի շարք խնդի՛րների լուծման համար։ Փոքր մոլորակի շարժման խոտորումների վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշելու մեծ մոլորակների զանգվածները։ 1772 թվականին Ժ․ Լագրանժը ցույց է տվել, որ Ցուպիտերի ուղեծրի վրա պետք է լինեն երկու կետեր, որտեղ (կամ որոնց մոտակայքում) Փոքր մոլորակ կարող են մնալ շատ երկար ժամանակ։ Այդ երկու կետերը (լիբրացիայի կետեր) Ցուպիտերի և Արեգակի հետ կազմում են հավասարակողմ եռանկյուններ։ Եվ միայն 1906-1908 թվականներին հայտնաբերվեցին չորս այդպիսի Փոքր մոլորակներ, որոնք Արեգակի շուրջը պտտվում են Ցուպիտերի ուղեծրով և պարբերությամբ (մոտ 12 տարի)[1]։
Ամենամեծ փոքր մոլորակների տրամագծերը ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր են։ Մնացած հայտնի փոքր մոլորակների տրամագծերը զգալիորեն ավելի փոքր են (1-2 կմ)։