Քեյթ Բեքինսեյլ
From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathrin Romany «Kate» Beckinsale, հուլիսի 26, 1973(1973-07-26)[1][2], Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ։ Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում՝ դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում՝ «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000)։ Բացի այդ նա մասնակցել է նաև այլ ներկայացումների և ռադիո հաղորդումների։ 1990-ականների վերջերում՝ «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիաներում։ 2001 թվականին նա մարմնավորեց գլխավոր հերոսուհիներին էպիկական պատերազմի մասին պատմող «Պեռլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգություն «Կանխազգացում» (Serendipity, 2001) ֆիլմերում։ Նա ճանաչում ձեռք բերեց նաև շնորհիվ կենսագրական «Ավիատոր» (The Aviator, 2004) ֆիլմի և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կատակերգության։
Քեյթ Բեքինսեյլ անգլ.՝ Kate Beckinsale | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1973(1973-07-26)[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Չիզիկ, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գոդոլֆին և Լատիմեր դպրոց և Նոր Քոլեջ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել |
Ընտրանի | Ամեն ինչ կարող եմ[3], Բնազդ[4] և Ուրիշ աշխարհ |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Բեքինսեյլ, մայր՝ Ջուդի Լու |
Ամուսին(ներ) | Լեն Ուայզման |
Համատեղ ապրող(ներ) | Մայքլ Շին |
Երեխա(ներ) | Lily Mo Sheen? |
Քեյթ Բեքինսեյլը որպես էքշն ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի դարձավ 2003 թ.-ին «Ուրիշ աշխարհ» ֆիլմից հետո։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք խաղարկային ժանրի ֆիլմերում, որոնք են «Վան Հելսինգը» (2004), «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա» (2006), «Սպիտակ միգամածություն» (2012) և «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» (2012) ֆիլմերը։ Նա բացի այդ նույն ժամանակահատվածում նկարահանվեց ոչ մեծ դրամատիկական ֆիլմերում, որոնք են «Ձյունե հրեշտակներ» (2007), «Թևավոր արարածներ» (2008), «Ոչ մի բան ճշմարտությունից բացի» (այս ֆիլմի համար 2008 թվականին ներկայացվել է «Critic's Choice Award» մրցանակի) և «Ամեն ինչ հոյակապ է» (2009) ֆիլմերը։ Այնուհետև նկարահանվել է «Դատավարություն ընդդեմ Քեյթ ՄաքԿալոխի» (2013) դրամայում։
Քեյթը դերասան Ռիչարդ Բեքինսեյլի (1947-1979) և դերասանուհի Ջուդի Լոյի (1947-1979) միակ զավակն է։ Դերասանուհին մանկությունն անցկացրել է Լոնդոնում։ Քեյթը ընկերություն էր անում վալիական դերասան Մայքլ Շինի հետ՝ 1995-2003 թվականներին։ Նրանք ապրել են համատեղ, բայց այդպես էլ չեն ամուսնացել։ 1999 թվականի հունվարի 31-ին ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Մո Շին, որն ավելի ուշ մարմնավորել է երիտասարդ Սելինի կերպարը «Ուրիշ աշխարհ։ Էվոլյուցիա» (2006) ֆիլմում։ 2004 թվականին Բեքինսեյլը ամուսնացավ ամերիկյան կինոռեժիսոր Լեն Ուայզմանի հետ։ Ըստ «Esquire» և «People Magazine» ամսագրերի նա բազմիցս համարվել է աշխարհի ամենահմայիչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նա մասնակցել է նաև մի քանի գովազդների նկարահանումներին և աշխատել է որպես ֆոտոմոդել։