Ֆաշիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաշիզմ, ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ։ Ի հայտ է եկել Եվրոպայում 20-րդ դարի սկզբին[1]։ Նախքան եվրոպական այլ երկրներում տարածվելը, առաջին ֆաշիստական շարժումներն սկսվել են Իտալիայում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ազատականությանը, մարքսիզմին և անարխիզմին հակառակ՝ ֆաշիզմը սովորաբար տեղակայվում է ծայրահեղական աջ թևի ավանդական ձախ-աջ սպեկտրում[1][2][3][4][5][6]։ Բրիտանիկա հանրագիտարանի տվյալներով՝ ֆաշիզմի արմատները կարող են կապված լինել Յակոբինյան շարժման հետ։
Ֆաշիստներն Առաջին համաշխարհային պատերազմը դիտարկում էին, որպես հեղափոխություն, որը մեծ փոփոխությունների էր հանգեցրել պատերազմի բնույթի, հասարակական, պետական և տեխնոլոգիական ասպարեզներում։ Համամարդկային պատերազմի սանձազերծումը և ընդհանուր զորահավաքի առաջացումը վերացրին քաղաքացիական մարդկանց և զինվորների միջև տարբերությունը։ Ստեղծվեց «ռազմական քաղաքացիություն», որտեղ բոլոր քաղաքացիները պատերազմի ընթացքում ինչ-որ կերպ ներգրավված էին ռազմական գործողություններում։ Պատերազմը հանգեցրեց հզոր պետության առաջացմանը, որը կարող էր միլիոնավոր մարդկանց ուղարկել ռազմաճակատ, ապահովել տնտեսության և արդյունաբերության զարգացումը, ինչպես նաև քաղաքացիների կյանքին միջամտելու աննախադեպ թույլտվություն ունենալ[5]։
Ֆաշիստները կարծում են, որ ազատական ժողովրդավարությունը հնացել է և դիտարկում են հասարակության լիակատար մոբիլիզացումը տոտալիտար միակուսակցական պետության ներքո, որը պատրաստ կլինի ցանկացած ռազմական բախման և արդյունավետ կարձագանքի տնտեսական դժվարություններին։ Այդպիսի պետությունն առաջնորդվում է հզոր առաջնորդի՝ դիկտատորի և ռազմական ղեկավարության կողմից, որը բաղկացած է իշխող ֆաշիստական կուսացության անդամներից և նպատակ ունի ամրացնել ազգային միասնականությունը և օժանդակել կայուն և կարգապահ հասարակության ձևավորմանը[7]։
Ֆաշիզմը մերժում է այն պնդումը, որ բռնությունը բացասական երևույթ է և քաղաքական բռնությունը, պատերազմը և իմպերիալիզմը դիտարկում է, որպես ազգային երիտասարդացմանը հասնելու միջոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945 թվականից ի վեր մի քանի կուսակցություն բացահայտ իրենց ֆաշիստական են հայտարարել, և այժմ այդ եզրույթը սովորաբար օգտագործվում է քաղաքական հակառակորդների կողմից։ Նեոֆաշիստների կամ հետֆաշիստների նկարագրությունները երբեմն ավելի պաշտոնական են կիրառվում, որպեսզի նկարագրեն ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք 20-րդ դարի ֆաշիստական շարժման կամ նրա խորը գնացող արմատների հետ գաղափարական ընդհանրություններ ունեն[8]։