Ֆունկցիոնալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆունկցիոնալիզմ, ժամանակակից մտքի փիլիսոփայության առաջատար տեսություններից մեկը, որն ի հայտ եկավ որպես ինքնության տեսության և բիհեյվիորիզմի այլընտրանքային տարբերակ։ Ֆունկցիոնալիզմը ծագում է Արիստոտելի, Թոմաս Հոբսի և Վիլյամ Ջեյմսի փիլիսոփայությունից, սակայն որպես անկախ տեսություն այն ձևավորվել է 20-րդ դարի վերջին երրորդում։ Ֆունկցիոնալիզմի հիմնական գաղափարն այն է, որ հոգեկան վիճակները ֆիզիոլոգիական վիճակներ կամ ֆենոմենալ հատկություններ չեն[Ն 1], այլ գործառույթներ, որոնք որոշվում են տեղեկատվության մշակման պատճառահետևանքային շղթայում։ Պատճառական շղթան բաղկացած է մուտքից, պատճառահետևանքային կապակցված հոգեկան վիճակներից և ելքից։ Ֆունկցիոնալիզմը գիտական հոգեբանություն կառուցելու փորձ է՝առանց հոգի-մարմին խնդիրը հաշվի առնելու։ Նա արտաքուստ չեզոք դիրք է գրավում մատերիալիզմի և դուալիզմի նկատմամբ։ Ֆունկցիոնալիստական մոտեցման համաձայն՝ գիտակցությունը կարող է գոյություն ունենալ առանց ուղեղի, քանի որ պատճառաական շղթան կարող է իրականացվել ցանկացած բարդ համակարգում, այդ թվում՝ ոչ նյութական։ Այնուամենայնիվ, շատ ֆունկցիոնալիստներ մատերիալիստներ են։ Ֆունկցիոնալիզմը շատ լավ է համապատասխանում ժամանակակից գիտական մեթոդաբանությանը, այդ իսկ պատճառով այն ոչ միայն դարձավ մտքի փիլիսոփայության ամենաազդեցիկ ուղղություններից մեկը (ֆիզիկականության և հակաֆիզիկականության հետ մեկտեղ), այլև ստացավ ճանաչողական գիտության փիլիսոփայական հիմքի կարգավիճակ[1][2][3][4][5]։