Ալեզիայի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեզիայի ճակատամարտ, Գալլական պատերազմների ընթացքում՝ մ․թ․ա․ 52 թվականին, գալերի Ալեզիա քաղաք-ամրոցի մոտ տեղի ունեցած ռազմական բախում։ Հուլիոս Կեսարի բանակի դեմ կռվել են միավորված գալլական ցեղերը՝ Վերցինգետորիքսի առաջնորդությամբ։ Դա գալերի ու հռոմեացիների միջև վերջին խոշոր ճակատամարտն էր և համարվել է Կեսարի ամենամեծ ռազմական նվաճումներից մեկը՝ հանդիսանալով շրջապատման ու պաշարման դասական օրինակ։ Ալեզիայի ճակատամարտով ավարտվել է գալլական անկախությունը ժամանակակից Ֆրանսիայի և Բելգիայի տարածքներում։
Թվական | Սեպտեմբեր, մ․թ․ա․ 52 |
---|---|
Մասն է | Գալլական պատերազմների վերջին պատերազմ |
Վայր | Ալիզ-Սենտ-Ռեն, Ֆրանսիա |
Արդյունք | Կեսարի հաղթանակ, Գալլիայի անկախության ավարտ։ |
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Գալլական միավորված ցեղեր |
Հրամանատարներ | |
Հուլիոս Կեսար Մարկոս Անտոնիոս Տիտուս Լաբիենուս Գայուս Տրեբոնիուս | Վերցինգետորիքս Վերկասիվելաունոս Սեդուլոս |
Կողմերի ուժեր | |
10-11 լեգեոն[1][2] (30,000–50,000 լեգեոներ) 10,000 գերմանացի վարձկան հեծելազոր[1] 60-75,000 հռոմեացի և դաշնակիցներ | 80․000 պաշարված, 248․000 օգնական ուժեր (Հուլիոս Կեսար)[3][4] 300,000 (Պլուտարքոս)[5] 400,000 (Ստրաբոն)[6] 70,000–100,000 (ժամանակակից հաշվարկներ)[7][8] |
Ռազմական կորուստներ | |
12․800 սպանված և վիրավոր[9][9] | 250․000 սպանված 40․000 գերի |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտի տեղանքը հավանաբար Ֆրանսիայի Ալիզ-Սենտ-Ռեն համայնքում գտնվող Օսուա լեռան գագաթն է, սակայն, ըստ որոշ պատմաբանների՝ այն չի համապատասխանում ճակատամարտի՝ Կեսարի նկարագրությանը։ Ժամանակի ընթացքում առաջ են քաշվել նաև այլ տարբերակներ, որոնցից միայն Ֆրանսիայի Ժուրա դեպարտամենտում գտնվող Շու-դի-Քղոթընե համայնքն է համարվում հավանական այլընտրանքը[10]։
Ճակատամարտի որոշակի ժամանակահատվածում գալերի թիվը չորս անգամ գերազանցել է հռոմեացիներին, ինչի մասին նշվել է մի քանի հեղինակների, այդ թվում և Կեսարի կողմից՝ իր «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության մեջ։ Հռոմեացիների հաղթանակից հետո Գալլիան (մերօրյա Ֆրանսիան) հպատակեցվել է և վերածվել Հռոմեական կայսրության նահանգի։ Հռոմեական սենատը գալլական պատերազմում տարած հաղթանակի առթիվ 20 օր գոհաբանության տոն է հայտարարել[11]։