Աորտայի շերտազատում
From Wikipedia, the free encyclopedia
Աորտայի շերտազատում (ԱՇ) առաջանում է, երբ աորտայի ամենաներքին շերտի վնասման արդյունքում արյունը անցնում է պատի շերտերի միջև, բերելով շերտերի տարանջատման[1]։ Դեպքերի մեծամասնությունում այն ասոցացվում է հանկարծակի առաջացող ուժեղ կրծքավանդակի կամ մեջքի ցավի հետ, հաճախ բնութագրվող որպես «կտրտող» ցավ[2][3]։ Փսխում, քրտնարտադրություն և գլխապտույտ նույնպես կարող են դիտվել[3]։ Տարբեր օրգանների արյունամատակարարման նվազման հետ կապված ախտանշաններ նույնպես կարող են դիտվել, ինչպիսիք են կաթվածը և միջընդերային իշեմիան[3]։ Աորտայի շերտազատումը շատ արագ կարող է բերել մահվան՝ պայմանավորված դեպի սիրտ արյունահոսքի նվազման կամ աորտայի լրիվ պատռման հետ[3]։
Աորտայի շերտազատում | |
---|---|
Աորտայի վայրէջ հատվածի շերտազատում (3), որը սկսվել է ձախ ենթանրակային զարկերակից և տարածվել մինչև որովայնային աորտա (4)։ Վերել աորտան (1) և աորտայի աղեղը (2) այս դեպքում ընդգրկված չեն։ | |
Տեսակ | կլինիկական նշան, մահվան պատճառ և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | ուժեղ կրծքավանդակի կամ մեջքի ցավ, փսխում, քրտնարտադրություն, գլխապտույտ |
Բժշկական մասնագիտություն | Անոթային վիրաբուժություն, Սրտային վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 441.0 |
ՀՄԴ-10 | I71.0 |
Ախտորոշում | գործիքային հետազոտություններ (ՀՇ, ՄՌՇ և այլն) |
Բուժում | կախված է տիպից |
Բարդություններ | կաթված, միջընդերային իշեմիա, սրտամկանի իշեմիա, աորտայի պատռում |
Կանխարգելում | չծխել, ԶՃ-ի հսկողություն |
Հաճախություն | տարեկան 3 դեպք 100,000 մարդկանցից |
Սկիզբը | հանկարծակի |
Կանխատեսում | Առանց բուժման մահացությունը 10% տիպ A-ի, 50% տիպ B-ի դեպքում |
Aortic dissection Վիքիպահեստում |
Աորտայի շերտազատումը առավել հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն բարձր զարկերակային ճնշման պատմություն, շարակցական հյուսվածքի տարբեր հիվանդություններ, որոնք ազդում են արյունատար անոթի պատի ամրության վրա, ինչպիսիք են Մարֆանի համախտանիշը և Էհլերս Դանլոսի համախտանիշը, երկփեղկ աորտայի փական, և նախկինում տարած սրտի վիրահատություն[1][3]։ Խոշոր վնասվածքները, ծխելը, կոկաինի օգտագործումը, հղիությունը, կրծքային աորտայի անևրիզման, զարկերակների բորբոքումը և արյան լիպիդների ոչ նորմալ քանակը նույնպես բերում են հիվանդության ռիսկի բարձրացման[2][3]։ Ախտորոշումը հաստատվում է հիմնվելով ախտանշանների և գործիքային հետազոտությունների՝ ՀՇ, ՄՌՇ կամ ուլտրաձայնի վրա, որոնք օգտագործվում են ինչպես հաստատման, այնպես էլ շերտազատման հետագա գնահատման համար[2]։ Ըստ Սթենֆորդյան դասակարգման տարբերում ենք երկու հիմնական տիպեր՝ Սթենֆորդ տիպ A-ն, որը ընդգրկում է աորտայի սկզբնական հատվածը և տիպ B-ն՝ որը չի ընդգրկում վերջինս[2]։
Կանխարգելման համար անհրաժեշտ է արյան ճնշման վերահսկում և չծխել[2]։ Աորտայի շերտազատման բուժումը կախված է աորտայի ընդգրկված հատվածից[2]։ Սկզբնական հատվածն ընդգրկող շերտազատումը սովորաբար պահանջում է վիրահատություն[2][3]։ Վիրահատությունը կատարվում է կամ բաց վիրահատության ձևով կամ ներանոթային անևրիզմայի վերականգնումով` արյունատար անոթների միջով դեպի աորտա հասնելով[2]։ Աորտայի երկրորդ հատվածն ընդգրկող շերտազատման դեպքում սովորաբար նշանակվում են զարկերակային ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը իջեցնող դեղամիջոցներ, եթե չկան բարդություններ[2][3]։
Աորտայի շերտազատում հարաբերականորեն հազվադեպ է հանդիպում՝ տարեկան մոտ 3 դեպք 100,000 մարդկանցից.[1][2]։ Առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ[2]։ Հիմնական տարիքը 63 տարեկանն է, մինչև 40 տարեկանը հանդիպում է դեպքերի 10 %-ում[1][2]։ Տիպ A-ով հիվանդների կեսը առաջին 3 օրվա ընթացքում մահանում են, տիպ B-ի դեպքում մահանում են 10%-ը 1 ամսվա ընթացքում[1]։ Աորտայի շերտազատման առաջին դեպքը նկարագրվել է 1760թ․, երբ հետազոտում էին Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ II-ի դին[1]։ Աորտայի շերտազատման վիրահատական բուժումը նկարագրվել է 1950-ականներին Մայքլ Ե․ ԴիԲեքիի կողմից[1]։