From Wikipedia, the free encyclopedia
Հղիություն, այն ժամանակաշրջանը, երբ կնոջ ներսում մեկ կամ մի քանի պտուղներ են զարգանում[1]։ Այն հայտնի է նաև որպես գեստացիա։ Բազմապտուղ հղիության դեպքում կինը կրում է մեկից ավելի պտուղներ, օրինակ՝ երկվորյակներ[2]։ Հղիություն կարող է առաջանալ սեռական հարաբերությունների արդյունքում, կամ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների օգնությամբ[3]։ Ծննդաբերությունը սովորաբար տեղի է ունենում վերջին դաշտանից 40 շաբաթ անց[1][4]։ Սա կազմում է 9 ամիս, որտեղ յուրաքանչյուր ամիսն ունի 31 օր[1][4]։ Բեղմնավորման օրից հաշվելու դեպքում հղիությունը տևում է 38 շաբաթ[4]։ Մինչև հղիության 8 շաբաթյա ժամկետը զարգացող էակին կոչում են սաղմ, իսկ 8-րդ շաբաթվանից հետո, մինչև ծննդաբերությունն այն կոչվում է պտուղ[4]։ Հղիության վաղ նշաններից են դաշտանային ցիկլի բացակայությունը, պնդացած կրծքերը, սրտխառնոցն ու փսխումը, քաղցի զգացողությունը և հաճախակի միզարձակությունը[5]։ Հղիությունը կարող է հայտնաբերվել հղիության թեստի միջոցով[6]։
Ենթակատեգորիա | • ֆիզիոլոգիական գործընթաց • հղիություն • Հղիություն | |
---|---|---|
Մասն է | մայրություն, մայր, չափահասություն | |
Թեմայով վերաբերում է | կանանց առողջություն | |
Տևողություն | 38±2 շաբաթ | |
Պատճառ | մարդու բեղմնավորում, Արտամարմնային բեղմնավորում | |
Հետևանք | ծննդաբերություն | |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
Սովորաբար հղիության ընթացքը բաժանվում է 3 եռամսյակների[1]։ Առաջին եռամսյակը տևում է մինչև 12-րդ շաբաթը և ներառում է նաև բեղմնավորումը (սպերմատոզոիդի թափանցումը ձվաբջջի մեջ)[1]։ Բեղմնավորված ձվաբջիջն այնուհետև շարժվում է արգանդափողով և ամրանում արգանդի լորձաթաղանթին, որտեղ սկսվում են ձևավորվել սաղմն ու ընկերքը[1]։ Առաջին եռամսյակի ընթացքում վիժելու (սաղմի բնական մահվան) հավանականությունն ամենամեծն է[7]։ Երկրորդ եռամսյակը 13-րդ շաբաթից մինչև 28-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածն է[1]։ Երկրորդ եռամսյակի կեսին հնարավոր է զգալ պտղի շարժումները[1]։ 28-րդ շաբաթից սկսած վաղաժամ ծնված երեխաների 90%-ը կարող են կենդանի մնալ, եթե ապահովվի բարձր որակի բժշկական խնամք[1]։ Երրորդ եռամսյակը ներառում է 29-րդից մինչև 40-րդ շաբաթները[1]։
Նախածննդյան խնամքը մեծացնում է հղիության դրական ելքի հավանականությունը[8]։ Այն կարող է ներառել ֆոլաթթվի ընդունումը, ալկոհոլից և դեղորայքից խուսափելը, կանոնավոր մարմնամարզությունը, արյան հետազոտությունները և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը[8]։ Հղիության բարդություններից են արյան ճնշման բարձրացումը, գեստացիոն շաքարախտը, երկաթ պակասորդային սակավարյունությունը, ծանր սրտխառնոցն ու փսխումը և այլն[9]։ Իդեալական ծննդաբերությունը սկսվում է ինքնուրույն, երբ գալիս է ժամանակը[10]։ Հղիությունը համարվում է նորմալ ժամկետային, եթե տևում է 39-41 շաբաթ[1]։ 41-րդ շաբաթվանից հետո ծննդաբերությունը համարվում է ուշ, իսկ 42-րդ շաբաթից հետո՝ ուշացած[1]։
37-րդ շաբաթվանից ավելի վաղ լույս աշխարհ եկած երեխաները համարվում են վաղաժամ ծնվածներ[1]։ Վաղաժամ ծնված նորածիններն ունեն առողջական խնդիրների ավելի բարձր ռիսկ (գլխուղեղի կաթված)[1]։ 39-րդ շաբաթվանից վաղ միջամտություններն ու կեսարյան հատումը խորհուրդ չեն տրվում, եթե առկա չեն բժշկական ցուցումներ[11]։ 2012 թվականին գրանցվել է հղիության 213 միլիոն դեպք, որոնցից 190 միլիոնը (89%) զարգացող երկրներում, իսկ 23 միլիոնը (11%)՝ զարգացած երկրներում[12]։ 15-44 տարեկան յուրաքանչյուր 1000 կնոջից հղի են 133-ը[12]։ Հղիությունների 10-15%-ն ավարտվում է վիժումով[7]։ 2016 թվականին հղիության բարդությունները հանգեցրել են 230.600 մահվան, իսկ 1990 թվականին այդ ցուցանիշը կազմել է 377.000[13]: Հիմնական պատճառներն են՝ արյունահոսությունը, վարակները, հղիության բարձ արյան ճնշումով ուղեկցվող հիվանդությունները, խանգարող միջոցառումները և վիժման, արտարգանդային հղիության ու ընտրողական աբորտի հետ կապված բարդությունները[14]։ Հղիությունները 44%-ը չպլանավորված են[15]։ Չպլանավորված հղիությունների 56%-ն ավարտվում է աբորտով[15]։ Միացյալ նահանգներում հղիների 60%-ը հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործած լինում հղիության հայտնաբերման ամսում[16]։
Հղիության հետ ասոցացված տերմին է gravidus-ը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծանր»։ Հղի կանանց հաճախ անվանում են գրավիդա[17]։ Գրավիդան ցույց է տալիս, թե կինը քանի անգամ է հղի եղել։ Կենդանածինների քնակը (պարուս) ցույց է տալիս, թե կնոջ հղիություններից քանիսն է ավարտվել կենսունակ նորածնի լույս աշխարհ գալով[18]։ Բազմապտուղ հղիությունն ու ծննդաբերությունը հաշվում են որպես 1 հղիություն և 1 ծննդաբերություն։ Երբեք չհղիացած կինը կոչվում է նուլիգրավիդա։ Միայն մեկ անգամ հղիացած կինը կոչվում է պրիմիգրավիդա[19], բազմաթիվ հղիություններ ունեցած կին՝ մուլտիգրավիդա[17][20]։ Օրինակ՝ երկրորդ հղիության ժամանակ կինը կարող է գրանցվել որպես գրավիդա 2, պարա 1, իսկ կենսունակ պտղի ծնվելուց հետո՝ գրավիդա 2, պարա 2։ Աբորտները, վիժումները, վաղաժամ ծննդաբերությունները հանգեցնում են կենդանածնության մակարդակի ավելի նվազ լինելուն, քան հղիությունների թիվն է։ Բազմապտուղ հղիության և ծննդաբերության դեպքում գրավիդայի և պարուսի արժեքները մեծանում են 1-ով։ Կինը, որը երբեք կենսունակ պտուղ չի ծննդաբերել 20 շաբաթից ավելի հղի լինելով հանդերձ, կկոչվի նուլիապարուս[21][22][23]։
Սովորաբար հղիության ախտանիշներն ու անհարմարությունները նշանակալի ազդեցություն չունեն առօրյա ակտիվության վրա և չեն առաջացնում մոր կամ պտղի առողջական խնդիրներ։ Ամեն դեպքում հղիության բարդությունները կարող են առաջացնել ավելի ծանր ախտանիշներ, օրինակ՝ անեմիա։ Հղիության ախտանիշները ներառում են.
Հղիության ժամանակագրության համար օգտագործվում է գեստացիոն տարիք արտահայտությունը, որի սկիզբը համարվում է կնոջ վերջին դաշտանային ցիկլը, կամ եթե հնարավոր է օգտագործվում է հաշվարկի ավելի ճշգրիտ մեթոդ։ Երբեմն ժամանակագրությունը հաշվվում է պտղի կամ սաղմի տարիքով։
Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան կոնգրեսի տվյալներով հղիության ժամկետը հաշվում են հետևյալ եղանակներով.
Հղիության ժամկետի որոշումը հիմնականում ներառում է 2 քայլ.
Նեգելի կանոնը հղիության ժամկետը որոշելու ստանդարտ եղանակ է՝ հղիության 280 օր տևողության դեպքում։ Կանոնը գնահատում է ծննդաբերության սպասվելիք ժամկետը գեստացիայի սկսման ժամկետին գումարելով 1 տարի, հանելով 3 ամիս և գումարելով 1 շաբաթ։ Այլընտրանքային տարբերակներ են բջջային հեռախոսների հավելվածները, որոնք միշտ տալիս են համաձայնեցված արդյուքներ, որոնք ստացվում են մի դեպքը մյուսի հետ համեմատելով։ Դրանք նաև հաշվի են առնում հղի կնոջ տարիքը[29]։
Ծննդաբերության ժամկետը հաշվարկի արդյուքնում ստանում ենք ընդամենը մոտավոր տվյալ, որը միշտ չէ, որ համընկնում է ծննդաբերության իրական ժամկետին։ Ծննդաբերությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծննդաբերության ժամկետն ունի 14 օր ստանդարտ շեղում, եթե գեստացիոն տարիքը հաշվարկվել է ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության առաջին եռամսյակում, և 16 օր ստանդարտ շեղում, եթե հաշվարկը կատարվել է վերջին դաշտանային ցիկլի օրով[26]։
Ֆոլիկուլ խթանիչ հորմոնի (որը խթանում է ֆոլիկուլոգենեզն ու օվոգենեզը) ազդեցությամբ առաջանում է հասուն ձվաբջիջ՝ իգական գամետ։ Բեղմնավորումը իգական գամետի և արական սեռական բջիջ սպերմատոզոիդի միաձուլումն է։ Բեղմնավորման արդյունքում առաջացած բջիջը կոչվում է զիգոտ կամ բեղմնավորված ձվաբջիջ։ Արական և իգական սեռական բջիջների միաձուլումը սովորաբար տեղի է ունենում սեռական հարաբերության արդյունքում։ Հղիանալու շանսերն ավենամեծն են օվուլյացիայից 5 օր առաջվանից մինչև դրանից 1-2 օր հետո սեռական հարաբերություններ ունենալու դեպքում[30]։ Բեղմնավորում կարող է տեղի ունենալ նաև ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպիսիք են արտաարգանդային սերմնավորումն ու բեղմնավորումը։
Բեղմնավորումը սովորաբար տեղի է ունենում սպասվելիք հաջորդ դաշտանային ցիկլից 2 շաբաթ առաջ։
Որոշ մարդիկ հղիության սկիզբ են համարում իմպլանտացիան՝ բեղմնավորված ձվաբջջի ամրացումը արգանդի լորձաթաղանթին։ Սա տեղի է ունենում բեղմնավորումից 7-10 օր անց[31]։ Այն ընթացքում, երբ բեղմնավորված ձվաբջիջը գոյություն ունի, սակայն ամրացած չէ արգանդի լորձաթաղանթին կինը հղի չի համարվում։
Սպերմատոզոիդն ու ձվաբջիջը, որն առաջանում է կնոջ ձվարաններից մեկում միաձուլվում են ֆալոպյան փողերից մեկում։ Այնուհետև բեղմնավորված ձվաբջիջը, որը կոչվում է զիգոտ սկսում է շարժվել դեպի արգանդ, որը կարող է տևել մինչև 1 շաբաթ։ Բջջի կիսումը սկսվում է բեղմնավորումից 24-36 ժամ անց։ Այն ընթանում է շատ արագ տեմպերով և ձևավորում է բլաստոցիստ։ Բլաստոցիստը հասնում և կպչում է արգանդի լորձաթաղանթին։ Այս պրոցեսը կոչվում է իմպլանտացիա։
Բջիջների մեծ քանակի առաջացացումը գեստացիայի առաջին 10 շաբաթների ընթացքում կոչվում է էմբրիոգենեզ։ Այդ ընթացքում բջիջները սկսվում են տարբերակվել մարմնի տարբեր օրգան-համակարգերին բնորոշ բջիջների։ Ձևավորվում են նյարդային համակարգի, մարմնի, օրգանների հիմքերը։ Էմբրիոգենեզի փուլի ավարտին տեսանելի են դառնում մատիկները, աչքերը, բերանը, ականջները։ Այս փուլում է իրականանում նաև սաղմի սնուցումն ապահովող կարևոր կառուցվածքների առաջացումը՝ ինչպիսիք են ընկերքն ու պորտալարը։ Ընկերքը սաղմին կապում է արգանդի պատի հետ, ապահովելով սննդանյութերի ստացումը, նյութափոխանակության արգասիքների դուրս բերումը և գազափոխանակությունը մայրական արյան միջոցով։ Պորտալարը կապում է սաղմը կամ պտուղը ընկերքին։
Գեստացիայի 10-րդ շաբաթից հետո սաղմը կոչվում է պտուղ։ Պտղային շրջանի սկիզբը նշանավորվում է վիժման վտանգի խիստ նվազմամբ[32]։ Այս փուլում պտուղն ունենում է 30մմ երկարություն, ուլտրաձայնային հետազոտության միջոցով լսվում է սրտի բաբախյունը և պտուղը կատարում է ոչ կամային շարժումներ[33]։ Պտղային փուլում շարունակում են զարգանալ սաղմնային փուլում առաջացած օրգան-համակարգերը։ Սեռական օրգանները զարգանում են գեստացիայի 3-րդ ամսում։ Պտուղը շարունակում է աճել և՛ քաշով, և՛ հասակով, սակայն պտղի աճի գլխավոր մասը տեղի է ունենում հղիության վերջին շաբաթների ընթացքում։
Ուղեղի էլեկտրական ակտիվության առաջին նշաններն ի հայտ են գալիս հղիության 5-6-րդ շաբաթներում։ Սա ցույց է տալիս մինիմալ նեյրոնային ակտիվության առկայություն, ոչ թե մտածելու կարողություն։ Սինապսները (նեյրոնների միջև կապերը) սկսում են զարգանալ 17-րդ շաբաթվանից և արագորեն ավելանում են գեստացիայի 28-րդ շաբաթվանից մինչև ծննդյան 3-4-րդ ամիսները[34]։
Հղիության ընթացքում կինը ֆիզիոլոգիական շատ փոփոխությունների է ենթարկվում, որոնք համարվում են նորմալ. ներառյալ վարքային, սիրտանոթային, նյութափոխանակային, երիկամային և շնչառական փոփոխությունները։ Բարձրանում է արյան գլյուկոզի մակարդակը, ուժեղանում են շնչառությունն ու սրտային արտամղումը։ Պրոգեստերոնի և էստրոգենների մակարդակները ևս աճում են հղիության ընթացքում՝ ճնշելով հիպոթալամուսային առանցքն ու դաշտանային ցիկլը։
Պտուղը գենետիկորեն տարբերվում է մորից և կարող է դիտարկվել որպես արտասովոր հաջողված փոխպատվաստ[35]։ Այս հաջողության պատճառը իմունային հանդուժողականության աճն է հղիության ընթացքում[36]։ Իմունային հանդուրժողականությունը հնարավորություն է տալիս օրգանիզմին չտալ իմունային պատասխան գրգռիչների հանդեպ[35]։
Հղիությունը սովորաբար բաժանվում է 3 եռամսյակների[37][38]։ Յուրաքանչյուր եռամսյակ ունի 14 շաբաթ, որի հետևանքով ընդհանուր տևողությունը կազմում է 42 շաբաթ, սական հղիության միջին տևողությունը 40 շաբաթ է[39]։
Առաջին եռամսյակում րոպեական օդափոխությունն աճում է 40%-ով[40]։ Արգանդը 8 շաբաթվա ընթացքում հասնում է լիմոնի չափի։ Հղիության շատ նշաններ ու տհաճ զգացողություններ, ինչպիսիք են սրտխառնոցն ու պնդացած կրծքերը, տեղի են ունենում հենց առաջին եռամսյակում[41]։
Երկրորդ եռամսյակը 13-րդից 28-րդ շաբաթներն ընկած ժամանակահատվածն է։ Այս փուլում կանայք ավելի ակտիվ են լինում, քանի որ առավոտյան թուլության զգացողությունն ու սրտխառնոցը հիմնականում անցնում են։ Արգանդը իր նորմալ չափերը գերազանցում է 20 անգամ։
Պտղի շարժումները սկսվում են առաջին եռամսյակից, սակայն մայրը կարողանում է զգալ դրանք միայն երկրորդ եռամսյակում։ Սա սովորաբար տեղի է ունենում 4-րդ ամսում, ավելի կոնկրետ 20-21-րդ շաբաթներում, կամ 19-րդ շաբաթում, եթե դա կնոջ առաջին հղիությունը չէ։ Շատ կանայք պտղի շարժումները զգում են ավելի ուշ ժամկետներում։ Երկրորդ եռամսյակում կանանց մեծամասնությունը սկսում են կրել հղիի հագուստ։
Այս փուլում տեղի է ունենում քաշի կուտակում։ Կնոջ որովայնը փոխում է ուրվագիծը, քանի որ պտուղն ընդունում է գլխով դեպի վար դիրք՝ պատրաստվելով ծնվելուն։ Երկրորդ եռամսյակում կնոջ որովայնը գրավում է բարձր դիրք, իսկ երրորդում՝ աստիճանաբար իջնում է։ Պտուղը պարբերաբար շարժվում է, և մայրը զգում է դա։ Կնոջ պորտը արտափքվում է առաջ՝ որովայնի բարձր ճնշման պատճառով։
Գլխի իջեցումը գլխային առաջադրության դեպքում նվազեցնում է ճնշումը որովայնի վերին հատվածների վրա և թեթևացնում շնչառությունը, սակայն խիստ ճնշվում է միզապարկը, որի հետևանքով հաճախանում է միզարձակությունը։ Մեծանում է ճնշումը նաև կոնքի հատակաի մկանների և ուղիղ աղու վրա։
Երրորդ եռամսյակում մոր ակտիվությունն ու քնի ռեժիմը կարող են ազդել պտղի զարգացման վրա՝ արյան հոսքի փոփոխությունների հետևանքով։ Մեջքի վրա պառկելիս մեծացած արգանդը կարող էճնշել ստորին սիներակը։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է պառկել ձախ կողմի վրա[42]։
Ծննդաբերությունը պտղի լույս աշխարհ գալու գործընթացն է։ Ծննդաբերության պրոցեսը համարվում է սկսված, երբ կնոջ արգանդը կանոնավոր կերպով կծկվում է և փոփոխության է ենթարկվում արգանդի վզիկը (փափկացում և լայնացում)։ Չնայած որ ծննդաբերությունը համարվում է խիստ ցավոտ պրոցես, կան կանայք, որոնց մոտ ցավերը թույլ են լինում։ Կան կանայք, ովքեր պնդում են, որ ծննդաբերության վրա կենտրոնանալն օգնում է արագացնել գործընթացը և նվազեցնել տհաճ զգացողությունները։ Ծննդաբերությունների մեծամասնությունը տեղի են ունենում բնական հեշտոցային ուղիով, սակայն բարդությունների զարգացման դեպքում կինը կարող է ենթարկվել կեսարյան հատման[43]։ Ծննդաբերությունից հետո պտղի և մոր կապը շարունակվում է պահպանվել հորմոնալ եղանակով։ Մոր մոտ տեղի է ունենում օքսիտոցինի մակարդակի բարձրացում։ Այն աճում է նաև կրծքով կերակրման ժամանակ։ Հետազոտությունները ցույց են տալիս որ մաշկը-մաշկին հպումը մոր և նորածնի միջև անմիջապես ծննդաբերությունից հետո ունի դրական ազդեցություն և՛ մոր, և՛ պտղի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկումները ցույց են տալիս, որ մաշկը-մաշկին հպումը նվազեցնում է լացը, նպաստում մոր և պտղի կապին և կրծքով բարեհաջող կերակրմանը։ Նրանք խորհուրդ են տալիս, որպեսզի նորածինը մորը հպված մնա իրա կյանքի առաջին 2 ժամերին։
Իդեալական տարբերակում ծննդաբերությունը տեղի է ունենում ինքնուրույն, երբ կինը հասնում է ժամկետին[10]։ 37-րդ շաբաթվանից վաղ ծննդաբերությունը կոչվում է վաղաժամ[44]։ Վաղաժամ ծննդաբերությունն ասոցացված է մի շարք բարդությունների հավանականության աճի հետ և հնարավորության դեպքում պետք է կանխվի[45]։ 37-րդ շաբաթվանից հետո ինքնուրույն ծննդաբերությունը համարվում է նորմալ ժամանակային և բարդությունների ռիսկի հետ կապված չէ[46]։ 39-րդ շաբաթվանից հետո պլանավորված ծննդաբերությունները կեսարյան հատման կամ բժշկական դեղորայքային միջամտության միջոցով ևս ասոցացված են բարդությունների առաջացման ռիսկի հետ[47]։ Բարդություններից են նորածնի չզարգացած թոքերը, չձևավորված իմունային համակարգով պայմանավորված վարակները, գլխուղեղի թերզարգացվածության հետևանքները և դեղնուկը[48]։ 39-41-րդ շաբաթներում ծնված երեխաների դրական ելքի հավանականությունն ավելի մեծ է, քան այդ ժամկետից վաղ և ուշ ծնված երեխաներինը[45][45]։ Հնարավորության դեպքում միշտ պետք է փորձել սպասել, որպեսզի ծննդաբերությունը սկսվի ինքնուրույն, քանի որ այդպիսով նվազում են բարդությունների հավանականությունը ինչպես մոր, այնպես էլ պտղի մոտ[10]։ Ծննդաբերությունը խթանելու մասին որոշումը կայացվում է բոլոր ռիսկերն ու դրական կողմերը հաշվի առնելուց հետո, սակայն ավելի ապահով է այն կատարել 39-րդ շաբաթվանից հետո[10]։ 42-րդ շաբաթը գերազանցող ծննդաբերությունները կոչվում են ուշացած[45]։ Եթե հղիությունը տևում է 42 շաբաթ և ավելի, նշանակալիորեն մեծանում է բարդությունների հավանականությունը թե՛ մոր, և թե՛ պտղի մոտ[49][50]։ Առանց բարդությունների ընթացող հղիության դեպքում մանկաբարձները միջամտություն կատարում են 41-42-րդ շաբաթներում[51]։
Հետծննդյան շրջանը սկսվում է ծննդաբերությունից հետո և ավարտվում 6 շաբաթ անց։ Այս ընթացքում մոր օրգանիզմը փորձում է վերադառնալ մինչև հղիանալն ընկած վիճակին, ինչը ներառում է հորմոնալ փոփոխություններն ու արգանդի չափերը։
Կինը կարող է հասկանալ որ հղի է, հիմնվելով առկա նշանների վրա, կամ օգտվելով հղիության թեստերից։ Առողջության վրա լուրջ ազդեցություն ունեցող տարածված երևույթ է հղիության ժխտումը հղի կնոջ կողմից (հղի կինը չի հավատում, որ հղի է և ժխտում է այդ փաստը)։ 475 ժխտված հղիություններից 1-ը հասնում է անգամ մինչև 20-րդ շաբաթ։ Հղիության ժխտման դեպք արջանագրվում է յուրաքանչյուր 2500 հղիներից 1-ի մոտ[52]։ Ի հակադրում սրա, կան կանայք, ովքեր հղի չլինելով հանդերձ այնքան են հավատում, որ հղի են, որ անգամ նրանց մոտ զարգանում են հղիության նշաններ։ Այս երևույթը կոչվում է կեղծ հղիություն[53]։
Հղի կանանց մեծամասնությունը ունենում են մի շարք նշաններ[54], որոնք հուշում են հղիության մասին։ Շատ վաղ բժշկական նշաններ ևս ասոցացվում են հղիության հետ[55][56]։ Դրանք են.
Հղիությունը կարող է վերջնականապես ախտորոշվել օգտագործելով հղիության տարբեր թեստերից որևէ մեկը[58]։ Դրանք հայտնաբերում են նոր ձևավորվող ընկերքի արտադրած հորմոնները՝ դրանք օգտագործելով որպես բիոմարկերներ հղիության ախտորոշման վրա[59]։ Արյան և մեզի թեստերը կարող են հայտնաբերել հղիությունը իմպլանտացիայից 12 օր անց[60]։ Արյան թեստերն ավելի զգայուն են, քան մեզի թեստերը և տալիս են ավելի քիչ կեղծ բացասական պատասխաններ[61]։ Հղիության տնային թեստերը մեզի թեստեր են և ախտորոշում են հղիությունը բեղմնավորումից 12-15 օր անց[62]։ Արյան քանակական հետազոտությունը կարող է հնարավորություն տալ որոշել բեղմնավորման օրը, քանի որ հայտնի է, որ խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը կրկնապատկվում է 36-48 ժամվա ընթացքում։ Պրոգեստերոնի մակարդակի որոշումը հնարավորություն է տալիս կանխատեսել պտղի ապրելիությունը այն կանանց մոտ, ովքեր սովորութային կրելախախտ (վիժում՝ արյունահոսություն հղիության վաղ շրջանում) ունեն[63]։
Մանկաբարձական ուլտրաձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել պտղի զարգացման արատները, բազմապտուղ հղիությունը, ստանալ մանրամասն տվյալներ պտղի մասին սկսած 24-րդ շաբաթից[64]։ Ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության ժամկետը որոշելն ավելի ճշգրիտ է, քան դաշտանային վերջին ցիկլով հաշվարկը[65]։ Ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել պտղի պարանոցային ծալքը՝ Դաունի սինդրոմի կասկածի դեպքում[66]։
Խորհրդատվությունը նախքան հղիությունը ցուցված է կանանց/զույգերին, որպեսզի քննարկվի բեղմնավորումը, հղիությունը, առողջական առկա վիճակը և մինչև հղիությունը կատարվելիք բուժական միջոցառումները[67]։ Նախածննդյան խնամքը հղի կնոջն ուղղված բժշկական և բուժքույրական միջոցառումների համախումբ է, որն ունի տարբեր ուղղվածություն տարբեր պետություններում[68]։ Բարդությունների մեծ ռիսկ ունեցող կանանց հղիության դրական ելքի հավանականությունը խիստ մեծանում է, եթե կինը գտնվում է պրոֆեսիոնալների հսկողության տակ[69]։ Կինը կարող է ընդգրկվել բարձր ռիսկի խմբում տարբեր պատճառներով. բարդույթուններ նախորդ հղիությունների ժամանակ, բարդություններ տվյալ հղիության ժամանակ, որևէ հիվանդության առկայություն, սոցիալական պայմաններ[70][71]։ Լավ կազմակերպված նախածննդյան խնամքի նպատակը ցանկացած բարդության վաղ ախտորոշումն ու բուժումն է[72]։ Սովորական նախածննդյան այցերի ժամանակ կատարվում է արյան ճնշման չափում, արգանդի հատակի բարձրության որոշում, քաշի և պտղի սրտի զարկերի հաճախականության որոշում, ծննդաբերության նշանների առկայության բացահայտում և առաջիկա ժամանակահատվածում սպասելիքների կանխատեսում[67]։
Սնուցումը հղիության ընթացքում շատ կարևոր գործոն է պտղի առողջ զարգացումն ապահովելու համար[73]։ Հղիների սննդակարգը տարբերվում է ոչ հղիների սննդակարգից[73]։ Առաջանում է էներգիայի և միկրոէլեմենտների մեծացած պահանջ[73]։ Գիտությունը խրախուսում է կանանց, որպեսզի նրանք ընդունեն էներգետիկ և սպիտակուցային բալանսավորված սնունդ հղիության ընթացքում[74]։ Որոշ կանայք կարող են հատուկ բժշկական խորհրդատվության կարիք ունենալ, եթե նրանց սննդակարգը սահմանափակվում է որոշակի բժշկական ցուցումներով, սննդային ալերգիաներով կամ յուրահատակուկ կրոնական/ժողովրդական ավանդույթներով[75]։ Բեղմնավորման ժամանակահատվածում (բեղմնավորումից առաջ և հետո) ֆոլաթթվի (կոչվում է նաև ֆոլատ կամ վիտամին B9) օգտագործումը նվազեցնում է պտղի նյարդային խողովակի զարգացման արատների հավանականությունը (սպինա բիֆիդա)[76]։ Նյարդային խողովակը ձևավորվում է հղիության առաջին 28 օրերի ընթացքում։ Հղիության թեստերը սովորաբար տալիս են բացասական արդյունք առաջին 14 օրերի ընթացքում, դրա համար էլ անհրաժեշտ է ֆոլաթթվի ադեկվատ քանակի ընդունում նաև նախքան բեղմնավորումը[77]։ Ֆոլաթթուն պարունակվում է կանաչ բույսերում, լոբազգիներում և ցիտրուսային մրգերում[78]։ ԱՄՆ-ում և Կանադայում հացամթերքների մեծամասնությունը հարստացված է ֆոլաթթվով[79]։ Չհագեցած օմեգա-3 ճարպաթթուները կարևոր կառուցվածքային նշանակություն ունեն ուղեղի և ցանցաթաղանթի համար։ Դրանք գտնվում են մայրական կաթում[80]:Շատ կարևոր է, որպեսզի կինը ստանա չհագեցած ճարպաթթուների ադեկվատ քանակ, ապահովելու համար իր և նորածնի առողջությունն ու բարեկեցությունը[80]։ Զարգացող պտուղը այս կարևոր նյութը ստանում է մորից՝ հղիության ժամանակ պլացենտայով, իսկ ծննդաբերությունից հետո՝ մայրական կաթով[81]։ Շատ միկրոնուտրիենտներ ևս կարևոր են զարգացող պտղի համար, հատկապես այն երկրներում, որտեղ տարածված է մարդկանց թերսնուցումը[82]։ Չզարգացած և զարգացող երկրներում շատ կանայք ստիպված են լինում արհեստական հավելումների ստանալ երկաթ, ֆոլաթթու և այլ միկրոնուտրիենտներ[82]։ Այս հավելումները զարգացող երկրներում մեծացնում են նորածինների դրական ելքի հավանականությունը, սակայն չեն ազդում պերինատալ մահացության վրա[82][83]։ Ֆոլաթթվի և երկաթի ադեկվատ քանակների ընդունումը հաճախակի է խորհուրդ տրվում[84][85]։ Զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, հավելումների մեջ ավելացվում է նաև վիտամին D և կալցիում, որոնք պատասխանատու են պտղի ոսկրերի նորմալ զարգացման համար[86][87][88]։ Ապացուցված չէ վիտամին E-ի դրական ազդեցությունը պտղի լավ ելքի վրա[89]։ Ցինկի ընդունումը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, սակայն դեռ լիովին պարզաբանված չէ արժե այն կիրառել, թե ոչ[90]։ Երկաթի ամենօրյա ընդունումը նվազեցնում է մոր մոտ անեմիայի զարգացման ռիսկը[91]։ Երկաթի ամենօրյա ընդունման վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեպքում երկաթի մակարդակը պահպանվում է նորմալ, սակայն դեռ ակնհայտ չեն կլինիկական օգուտները[92]։ Երկվորյակներ կամ եռյակների սպասող կանայք ավելի մեծ քանակի սննդանյութերի կարիք ունեն, քան միապտուղ հղիները[93]։ Հղի կանայք պետք է հեռու մնան այնպիսի սննդանյութերից, որոնք կարող են վարակված լինել և թունավորում առաջացնել[94]։ Մրգերի և բանջարեղենի խնամքով լվանալը, ինչպես նաև մսի, կիսաֆաբրիկատների ջերմամշակումը նվազեցնում են այդ ռիսկը[95]։ Չպաստերիզացված կաթը կարող է պարունակել Լիստերիա, որը կարող է առաջացնել ներածնային մենինգիտ, վաղաժամ ծննդաբերություն և վիժում[96]։ Հղի կանայք նաև ավելի հակաված են սալմոնելային վարակի։ Սալմոնելաները կարող են պարունակվել ձվում և թռչնամսում, որոնք նորմալ ջերմամշակում չեն անցել[97]։ Կատվի մազերն ու լավ չեփված միսը կարող են պարունակել տոքսոպլազմա գոնդի և առաջացնել տոքսոպլազմոզ[95]։ Նորմալ խոհանոցային հիգիենան կարող է նվազեցնել սրանց ռիսկերը[98]։ Կանայք նաև պետք է հրաժարվեն սնդիկ պարունակող ծովամթերքից, քանի որ դա կարող է առաջացնել բնածին արատներ[97]։ Պետք է խուսափել կոֆեինի մեծ քանակներից, քանի որ այն կարող է առաջացնել վիժում։ Սակայն կոֆեինի, վաղաժամ ծննդաբերության և պտղի քաշի միջև կապը դեռ պարզաբանված չէ[99]։
Հղիության ընթացքում քաշի ավելացման նորման տատանվում է[100]։ Քաշն ավելանում է պտղի, ընկերքի, արտաշրջանառային հեղուկի, հյուսվածքների մեծացման և սպիտակուցների ու ճարպերի կուտակման հաշվին։ Քաշի ամենամեծ ավելացումը տեղի է ունենում հղիության ուշ շրջանում[101]։
Նորմալ քաշ ունեցող մարդկանց համար (մարմնի զանգվածի ինդեքսը(ՄԶԻ)՝ 18.5-24.9) նորմալ է համարվում միապտուղ հղիության ընթացքում քաշի ավելացումը 11.3-15.9 կիլոգրամով (25-35 ֆունտ)[102]։ Նորմայից ցածր քաշ ունեցող կանայք (ՄԶԻ <18.5) միապտուղ հղիության ընթացքում պետք է գրանցեն քաշի 12.7-18կգ ավելացում։ Ավելորդ քաշ ունեցող կանանց (ՄԶԻ- 25-29.9) դեպքում քաշի ավելացումը պետք է կազմի 6.8-11.3կգ, իսկ ճարպակալում ունեցող կանանց դեպքում(ՄԶԻ>30)՝ 5-9կգ[103]։ Քաշի ավելացումը կախված է հղիության ժամկետից։
Հղիության ընթացքում քաշի նորմայից ավել կամ պակաս լինելը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների և՛ մոր, և՛ պտղի մոտ[101]։ Դեռ չի գտնվել քաշի պակասորդ ունեցող հղիների քաշն ավելացնելու լավագույն մեթոդը[101]։ Հղիության ընթացքում ավելորդ քաշի կուտակումը մեծացնում է կեսարյան հատման, գեստացիոն զարկերակային գերճնշման, պրե-էկլամպսիայի, մակրոսոմիայի (պտղի նորմայից մեծ քաշ) և պտղի ուսի դիստոցիայի (ծննդաբերության ժամանակ գլխի դուրս գալուց հետո ուսը մնում է հպված ցայլային համաճոնին և չի կարողանում դուրս գալ) հավանականությունը[100]։ Ավելորդ քաշի կուտակումը կարող է բարդացնել ծննդաբերությունից հետո նիհարելու գործընթացը[100][104]։
Զարգացած երկրներում ապրող կանանց մոտ 50%-ն ունեն ավելորդ քաշ նախքան հղիանալը[104]։ Սննդակարգի փոփոխությունները լավագույն մեթոդն են նիհարելու և հղիության հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար[104]։ Ցածր գլյուկոզային ինդեքս ունեցող սննդամթերքը կարող է կանխարգելել գեստացիոն դիաբետը[105]։
Հղիության ընթացքում օգտագործած դեղորայքը կարող է ժամանակավոր կամ մնայուն ազդեցություն ունենալ պտղի վրա[106]։ Ցանկացած նյութ (ներառյալ դեղորայքը), որը կարող է մնայուն վնաս հասցնել պտղին համարվում է տերատոգեն (հրեշածին)[107]։ Միացյալ նահանգներում ըստ սննդի և դեղորայքի ադմինիստրացիայի (Food and Drug Administration), դեղերը դասակարգվում էն A, B, C, D և X դասերի, ըստ բուժական էֆեկտի և պտղի վրա հնարավոր վնասակար ազդեցության ռիսկի[108] : Այն դեղերը, ներառյալ մուլտիվիտամինները, որոնց վնասակար ազդեցության բացակայությունը ապացուցվել է փորձարկումների արդյունքում մտնում են A դասի մեջ[106] : Մյուս կողմից այն դեղերը, որոնց վնասակար ազդեցությունը սաղմի վրա գերազանցում է թերապևտիկ էֆեկտին (թալիդոմիդ) ներառված են X դասի մեջ[106]։
Հոգեմետ նյութերի օգտագործումը հղիության ընթացքում կարող է հանգեցնել տարբեր բարդությունների.
Սաղմի/պտղի ենթարկվելը արտաքին միջավայրի տոքսինների ազդեցությանը ներարգանդային կյանքում կարող է համգեցնել նրա զարգացման խանգարմանը և հղիության բարդությունների առաջացմանը։ Օդի աղտոտվածության հետևանքով նորածիններն ունենում են նորմայից ցածր քաշ[115]։ Շատ ծանր բարդություններ են առաջանում սնդիկով և մկնդեղով թունավորումների դեպքում։ Շրջակա միջավայրի տոքսինների ազդեցությունը նվազեցնելու համար ԱՄՆ-ի բուժքույրական քոլեջը խորհուրդ է տալիս. ստուգել արդյոք տանն առկա է մկնդեղ, մանրակրկիտ լվանալ թարմ մրգերն ու բանջարեղենը և գնել օրգանական սնունդ, որը ներառում է նաև տոքսիններից մաքրված սնունդը[116]։ Աշխատող կանայք կարող են ենթարկվել տոքսինների ազդեցությանը աշխատավայրում՝ հատկապես օդային ճանապարհով։ N95 օդաֆիլտրող դիմակի օգտագործումը պաշտպանում է կնոջը օդային տոքսիններից և չի ազդում պտղի սրտի աշխատանքի ռիթմի վրա[117]։
Շատ կանայք կարող են պահպանել իրենց սեռական ակտիվությունը հղիության ընթացքում[118][119]։ Շատ հետազոտություններ հաստատում են, որ հղիության ընթացքում կնոջ մոտ նվազում են և՛ սեռական ցանկությունը, և՛ սեռական հարաբերությունների հաճախականությունը[120][121]։ Սեռական ցանկության ընդհանուր իջեցման ֆոնի վրա կան հետազոտություններ, որոնք պնդում են, որ սեռական ցանկությունն աճում է 2-րդ եռամսյակում, և նվազում երրորդում[122][123]։ Հղիության ընթացքում սեքսը համարվում է նվազ ռիսկային, բացառությամբ այն դեպքերի, երբ բժիշկը որևէ այլ պատճառով խորհուրդ է տվել զերծ մնալ սեռական ակտիվությունից[118]։ Առողջ հղի կնոջ համար չկան ապահով կամ անապահով սեքսի կոնկրետ եղանակներ[118]։ Հղիության ընթացքում փոխվում է հեշտոցային միկրոֆլորան[124]։
Կանոնավոր աերոբիկան հղիության ընթացքում լավացնում է ֆիզիկական վիճակը[125]։ Հղիության ընթացքում ֆիզիկական վարժությունները նվազեցնում են կեսարյան հատման հավանականությունը[126]։ Անկողնային ռեժիմը խորհուրդ չի տրվում, քանի որ դեռ չեն ապացուցվել դրա դրական և բացասական հետևանքները[127]։ Կանադայի մանկաբարձների կոմիտեն պնդում է. «Բոլոր կանայք, ովքեր չունեն հակացուցումներ, հղիության ընթացքում պետք է կանոնավոր կերպով կատարեն ֆիզիկական վարժություններ և ունենան չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն»[128]։ Չնայած դեռևս պարզաբանված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության վերին շեմը, կանայք, ովքեր կանոնավոր մարզվել են հղիությունից առաջ և որոնց հղիությունն ընթանում է առանց բարդությունների, կարող են ծանրաբեռնված ֆիզիկական վարժություններ ևս կատարել[128]։ Ընդհանուր առմամբ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելը համարվում է ապահով, եթե կինը չի զբաղվում այնպիսի սպորտաձևով, որի ժամանակ կարող է ընկնել (օրինակ՝ ձիավարություն) կամ ստանալ որովայնի վնասվածք (ֆուտբոլ, հոկեյ)[129] : Ըստ Ամերիկայի գինեկոլոգների և մանկաբարձների քոլեջի, նախկինում հղիության ընթացքում առաջնահերթությունը տրվում էր պտղի առողջությանը՝ անտեսելով մոր առողջության վրա ունեցած հետևանքները։ Սակայն ըստ նրանց բարդություններից զերծ հղիության դեպքում պտղի ներարգանդային վնասվածքների հավանականությունը խիստ փոքր է[129]։ Կան իրավիճակներ, երբ կինը պետք է կապվի իր բժշկի հետ, թույլտվություն ստանալաու համար կատարել վարժությունները։ Այդ իրավիճակներից են հեշտոցային արյունահոսությունը, շնչահեղձությունն առանց ծանրաբեռնվածության, վատ ինքնազգացողությունը, գլխացավը, կրծքավանդակի ցավը, մկանային թուլությունը, վաղաժամկետ ծննդաբերության վտանգը, պտղի նվազած շարժողականությունը, պտղաջրերի սակավ քանակը, սրունքների ցավն ու այտուցը (անհրաժեշտ է ժխտել թրոմբոէմբոլիան)[129]։
Պնդում են, որ հերթափոխով աշխատանքը և վառ լույսի ազդեցությունը քնած ժամանակ պետք է բացառել գոնե հղիության վերջին եռամսյակում՝ պտղի մոտ ֆիզիոլոգիական և հոգեբանական խնդիրներից խուսափելու համար[130]։
Հղիության ընթացքում պրոգեստերոնի և էստրոգենի բարձրացած քանակը կարող է առաջացնել լնդաբորբ. լնդերը դառնում են այտուցված, կարմիր, հակված են արյունահոսության[131]։ Վնասվածքները կարող են բուժվել տեղային մշակման և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման միջոցով[132]։ Կային պնդումներ, որ ծանր պերիօդոնտիտը կարող է մեծացնել վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշով նորածնի ռիսկը, սակայն կոխրեյնյան հետազոտությունը չի գտել բավարար հիմքեր այդ պնդման հաստատման համար[133]։
Յուրաքանչյուր տարի հղիության հետ ասոցացված հիվանդությունների հետ առնչվում են 20 միլիոնից ավել կանայք[134]։ 2016 թվականին հղիության բարդությունների հետևանքով մահացել է 230.600 կին։ Յաս ցուցանիշը 1990 թվականին կազմել է 377.000[13]: Հիմնական պատճառներն են արյունահոսությունը (72.000), վարակը(20.000), զարկերակային գերճնշումը(32.000), դժվարացած ծննդաբերությունը(10.000) և աբորտով ավարտված հղիությունները(20.000), որն իր մեջ ներառում է վիժումները, արտարգանդային հղիությունը և ընտրողական աբորտը[13]։
Հղիության բարդություններից են.
Հղիության ընթացքում նաև մեծանում է ինֆեկցիոն հիվանդությունների հավանականությունն ու ծանրությունը
Հղի կինը կարող է ունենալ ուղեկցող հիվանդություններ, որոնք հղիության հետևանքը չեն, սակայն դրանց ընթացքը կարող է վատանալ, կամ առաջացնել հղիության բարդություններ։
Բժշկական տեսապատկերումը կարող է անհրաժեշտ լինել հղիության ժամանակ բարդությունների հայտնաբերման, ուղեկցող հիվանդությունների և պարտադիր նախածննդյան խնամքի համար։ Առանց կոնտրաստի մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ, MRI) և ուլտրաձայնային հետազոտությունը չունեն որևէ ռիսկ մոր կամ պտղի համար, քանի որ չունեն իոնացնող ճառագայթում և ընտրության մեթոդ են հղի կանանց համար[142]։ Պրոյեկցիոն ռադիոգրաֆիան, ռենտգեն համակարգչային շերտագրությունը և միջուկային սկանավորումն ունեն իոնացնող ճառագայթում, սակայն ճառագայթման ցածր դոզաների հիմնականում վնաս չեն պատճառում պտղին[142]։ Բարձր դոզաների հետևանքով կարող է առաջանալ վիժում, արատներ, մտավոր խնդիրներ[142]։
2012 թվականին գրանցվել է հղիության 213 միլիոն նոր դեպք, որոնցից 190 միլիոնը՝ զարգացող երկրներում, իսկ 23 միլիոնը՝ զարգացած երկրներում[12]։ Սա կազմում է 133 հղիության դեպք 15-44 տարեկան 1000 կնոջ հաշվարկով[12]։ Հղիությունների 10-15%-ն ավարտվում է վիժումով[7]։ Հղիությունների 44%-ը չպլանավորված են։ պլանավորված հղիությունների կեսից ավելին (56%) ավարտվում են աբորտով։ Այն երկրներում, որտեղ աբորտը արգելված է օրենքով, կամ թույլատրվում է աբորտ կատարել միայն մոր կյանքին վտանգ սպառնացող բարդությունների դեպքում, չպլանավորված հղիությունների 44%-ն ավարտվում է անօրինական աբորտով։ Այն երկրներում, որտեղ աբորտն օրինական է, չպլանավորված հղիությունների 69%-ն է ավարտվում հղիության արհեստական ընդհատմամբ[15]։
2012 թվականին հղիություններից 120 միլիոնը գրանցվել են Ասիայում, 54 միլիոնը՝ Աֆրիկայում, 19 միլիոնը՝ Եվրոպայում, 18 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում, 7 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում և 1 միլիոնը՝ Օվկիանիայում[12]։ Զարգացող երկրներում ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող յուրաքանչյուր 1000 կնոջից հղի է 140-ը, իսկ զարգացած երկրներում՝ 94-ը 1000-ից[12]։
Հղիության բաշխվածությունը ըստ կանանց տարիքի տարբեր երկրներում տարբեր է։ Դա կախված է մի շարք գործոններից. մշակութային, սոցիալական, կրոնական նորմեր, հակաբեղմնավորման մեթոդների ընդունվածություն, կրթվածության մակարդակ։ Բեղունության ամենաբարձր մակարդակը 2013 թվականին գրանցվել է Նիգերում (7.03 երեխա/կին), իսկ ամենացածրը՝ Սինգապուրում (0.79 երեխա/կին)[143]։
Եվրոպայում հղիության տարիքային շեմը գնալով աճում է։ Ասիայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում ևս աճում է առաջին ծննդաբերության տարիքային շեմը և այս երևույթը գնալով տարածվում է ներառելով Չինաստանը, Թուրքիան և Իրանը։ ԱՄՆ-ում առաջին ծննդաբերության միջին տարիքը 2010 թվականին կազմել է 25,4 տարեկան[144]։
Միացյալ Նահանգներում և Միացյալ թագավորությունում հղիությունների 40%-ը չպլանավորված է։ Դրանց մեկ քառորդից մինչև մեկ երկրորդ մասը անցանկալի են[145][146]։
Շատ մշակույթներում հղի կինը ունի առանձնահատուկ կարգավիճակ հասարակության մեջ և արժանանում է հատուկ ուշադրության և խնամքի[147]։ Միևնույն ժամանակ նրանք հանդիսանում են օբյեկտ, որոնցից կոնկրետ ակնկալիքներ են ունենում, ինչը կարող է ճնշում գործադրել նրանց վրա։ Օրինակ՝ որդի և ժառանգորդ լույս աշխարհ բերելու պահանջը։ Ավանդապաշտ հասարակություններում ընդունված է, որ հղիությունը պետք է լինի ամուսնության արդյունք, իսկ ապօրինի երեխաներն ու մայրերը վտարման առարկա են։
Հղիության հետ կապված են շատ ավանդույթներ, որոնք երբեմն կապված են ավանդական բժշկության և կրոնի հետ։ Դրանց օրինակ է «baby shower»-ը (երեխայի առաջին լոգանք)։
Հղիությունը ընտանիքի ինստիտուտի կարևոր բաղադրիչ է։ Ծնվել պատրաստվող երեխան ապագայում հասարակությունում որոշակի դեր ու դիրք է ունենալու։ Դրա վրա անդրադառնում են ծնողների միջև առկա հարաբերությունները և հարաբերություննեչը ծնողների ու նրանց շրջապատի միջև։
Հղի կանանց նկարները ստեղծվել են շատ մշակույթներում, վայրերում ու ժամանակաշրջաններում։ Կարելի է ասել հղի կնոջ պատկերն ամենատարածված նկարներից է։ Գտնվել են հղի կնոջ կերամիկական արձանիկներ նախա-Կոլումբիական մշակույթներում, ինչպես նաև փոքր ֆիգուրներ՝ մկիջերկրածովյան ավազանում։ Սրանցից շատերը կապված են եղել բեղունության հետ։ Դժվար է տարբերակել, որ այդ ֆիգուրները հենց հղիություն են խորհրդանշում և դժվար է մեկնաբանել նրանց դերը հասարակությունում։
Պահպանված ամենահին նմուշները Եվրասիայում հայտնաբերված արձանիկներն են, որոնք հավաքականորեն կոչվում են Վենուս արձանիկներ։
Քրիստոնեության մեջ մեծ դեր է խաղում Աստվածածինը։ Արևմտյան մշակույթներում ընդունված է պատկերել Սուրբ Մարիամին հղի վիճակում։ Այդ կրոնական պատկերները կոչվում են Մադոննա դել Պարտո (Madonna del Parto)[148]:
Դիանայի և Կալիստոյի դժբախտ տեսարանը, երբ բացահայտվում է Կալիստոյի հղիությունը, հաճախակի է պատկերվել վերածննդի դարաշրջանում։
Հղիությունը, հատկապես չամուսնացած կանանց հղիությունը, գրականության կարևոր մոտիվներից է։ Կարևոր նմմուշ է Գյոթեի «Ֆաուստը»։
Ժամանակակից բժշկությունը առաջարկում է բազմաթիվ եղանակներ՝ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության դեմ պայքարելու համար։ Դրանցից են անպտղության դեղորայքային բուժումը, արտաարգանդային բեղմնավորումը և փոխնակ մոր ծառայությունը։
Աբորտը հղիության ընդհատումն է կա՛մ բնական եղանակով, կա՛մ բժշկական մեթոդներով[149]։ Ընտրողական աբորտը սովորաբար իրականացվում է առաջին եռամսյակում, հազվադեպ՝ երկրորդ կամ երրորդ[32]։ Հակաբեղմնավորիչներ չկիրառելը, հակաբեղմնավորման ձախողումը, ընտանիքի վատ պլանավորումն ու բռնաբարությունները կարող են հանգեցնել անցանկալի հղիությունների։ Աբորտի օրինականությունը փոփոխվում է տարբեր ժամանակներում և երկրներում։ Արևմտյան Եվրոպայի շատ պետություններում մի քանի տասնամյակ առաջ հղիության ընդհատումը առաջին եռամսյակի ընթացքում անօրինական էր։ Օրինականացումից հետո աբորտի համար պարտադիր դարձավ բժշկի կոնսուլտացիան։ Գերմանիայում 2009 թվականից սկսած աբորտների միայն 3%-ն է ունեցել բժշկական ցուցում։
Շատ երկրներ ունեն տարբեր օրենքներ հղի կանանց և երեխաների պաշտպանության համար։ Մայրության պաշտպանության կոնվենցիան երաշախավորում է, որ հղի կանայք ազատվում են այնպիսի ծանրաբեռնվածություններից, ինչպիսիք են օրինակ գիշերային հերթապահությունները։ Մայրության արձակուրդը վճարվում է պետության կողմից հղիության վերջին եռամսյակում և ծննդաբերությունից հետո որոշ ժամանակ։ Էքստրեմալ դեպքեր են Նորվեգիան (պետությունը վճարում է 8 ամիս) և ԱՄՆ-ը (պետությունը չի վճարում մայրական արձակուրդի համար, բացառությամբ որոշակի իրավիճակների)։ Շատ երկրներ ունեն օրենքներ հղիներին խտրականությունից պաշտպանելու համար։
Միացյալ Նահանգներում մի շարք գործողությունները, որոնք հանգեցնում են վիժման կամ վաղաժամ ծննդաբերության, համարվում են հանցագործություններ։ Այդ օրենքներից է բռնության չծնված զոհերի վերաբերյալ ակտը։ 2014 թվականին Ամերիկայի Թենեսի նահանգում ընդունեցին մի օրենք, որը հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել այն կանաց, ովքեր հղիության ընթացքում օգտագործել են ապօրինի դեղորայք, որը հանգեցրել է պտղի վնասմանը[150]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.