From Wikipedia, the free encyclopedia
Արիստոտել[18] (հուն․՝ Αριστοτέλης՝ Արիստոտելես, մ. թ. ա. 384[1][2][3][…], Ստագիրա, Քաղկիդյան լիգա[4] - մ. թ. ա. 322[1][2][5][…], Chalcis, Հին Մակեդոնիա[4]), հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։
Ծնվել է | մ. թ. ա. 384[1][2][3][…] Ստագիրա, Քաղկիդյան լիգա[4] |
---|---|
Մահացել է | մ. թ. ա. 322[1][2][5][…] Խալկիս, Էվիա բնական մահով[6] |
Գերեզման | Ստագիրա[7][8][3] |
Բնակության վայր(եր) | Աթենք և Աթենք[9] |
Ազգություն | հույն |
Ուղղություն | Պերիպատետիկյան դպրոց[6] |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[6] և Բնափիլիսոփայություն |
Ալմա մատեր | Պլատոնական ակադեմիա[6] |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[6][10] |
Ազդվել է | Պլատոն[6], Սոկրատես, Հերակլիտ, Պարմենիդես, Զենոն Էլեացի, Դեմոկրիտես, Անաքսիմանդրոս, Էպիկուրոս, Հիպոկրատես և Էմպեդոկլես |
Ամուսին(ներ) | Pythias?[6] |
Երեխա(ներ) | Նիկոմախոս[6] և Pythias? |
Հայր | Նիկոմախոս[6] |
Ուսուցիչ | Պլատոն[11][6] |
Աշակերտներ | Ալեքսանդր Մակեդոնացի[6], Թեոփրաստես[6][12][13], Արիստոքսենոս[14], Dicaearchus?, Եվդեմոս Հռոդոսցի[15][16], Clearchus of Soli?, Phaenias of Eresus?, Chamaeleon?, Neleus of Scepsis?, Clytus of Miletus?[17] և Meno? |
Ներշնչվել է
| |
Aristotle Վիքիպահեստում |
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմաքի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347 թ.։
Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո ինքը՝ Արիստոտելը, որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը[19]։
մ.թ.ա. 333 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։
Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեոն։
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքում սկսվում են հակամակեդոնական հուզումներ, որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։ Նա չի մնում Աթենքում և հեռանում է Խալկիս քաղաք՝ իր կողմից հիմնած դպրոցի ղեկավարումը թողնելով աշակերտ Թեոփրաստեսին։ Խալկիդա հեռանալուց մեկ տարի անց՝ մ.թ.ա. 322 թվականին, Արիստոտելը մահանում է և իր կտակի համաձայն թաղվում իր կնոջ՝ Պյութիասի կողքին[19]։
Չնայած ժամանակակից շատ գիտնականներ Պլատոնի և Արիստոտելի հայացքներում ընդգծում են բազմաթիվ ընդհանրություններ ու նմանություններ, երկրորդի փիլիսոփայությունը էականորեն տարբերվում է Պլատոնի սահմանած ուսմունքից։ Փիլիսոփայական գիտության շրջանակներում Արիստոտելի գաղափարները ստացել են նաև «արիստոտելականություն» տերմինը։
Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը՝ ֆորմալ ու տրամաբանական։ Ավելին, եթե Պլատոնը ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկը, բարիքը, փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայական-նյութական աշխարհում։ Եթե Պլատոնը այս աշխարհը համարում էր էյդոսների՝ ստվերների աշխարհ, ապա Արիատոտելը դա համարում էր իսկական կեցության աշխարհ։ Պլատոնը էյդոսները հակադրում էր զգայական-նյութական իրերին, մինչ դեռ Ասրիտոտելը էյդոսները տեղավորում իրերի մեջ որպես դրանց էություններ։ Երրորդ, եթե Պլատոնը ընդունում էր բնածին գաղափարների և գիտելիքների գոյությունը մարդու հոգու մեջ, ապա Արիստոտելը հոգին նմանեցնում է «մաքուր տախտակի», կարծելով, որ բնածին է միայն ճանաչելու կարողությունը։
Փիլիսոփայության տեսանկյունից հատկապես նշանակալից էին Արիստոտելի կողմից մտածողության հիմնական օրենքների՝ հակասության, նույնության և երրորդի բացառման, ձևակերպումները։ Դրանով իսկ խորտակիչ հարված հասցվեց հարաբերապաշտական ու սոփեստական ուսմունքներին, որոնք մերժելով ճշմարտության հանրանշանակ գոյությունը, կասկածի տակ էին դնում առհասարակ գիտելիքի գոյությունը։ Նույնության օրենքը արգելում է դատողության ընթացքում միևնույն հասկացությունը տարբեր իմաստով և նշանակության գործածել մինչդեռ դա սոփեստների առանցքային հնարքներից էր։ Հակասության օրենքի համաձայն երկու հակադիր դատողություններ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, այսինքն չի կարելի միաժամանակ որևէ հատկություն նույն իմաստով վերագրել մի բանի և միևնույն ժամանակ՝ ժխտել։ Հակասության օրենքից բխում է երրորդի բացառման օրենքը, որն արգելում է ոչ միայն այն, որ միևնույն բանին չի կարելի միաժամանակ վերագրել հակադիր հատկություններ, այլև որ դրանցից մեկի ճշմարիտ լինելը նշանակում է մյուսի կեղծ լինելը։
Արիստոտելի բարոյագիտական հայացքները շարադրված են Նիկոմաքյան բարոյագիտությունը, Էվդեմոսի բարոյագիտությունը և Մեծ բարոյագիտություն աշխատություններում։ Համաձայն Արիստոտելի՝ բարոյագիտությունը սերտորեն կապված է քաղաքագիտության հետ և որոշ իմաստով էլ հանդիսանում է քաղաքագիտության մասն ու սկիզբը։ Արիստոտելի բարոյագիտությունը տրամաբանորեն կապված է նրա փիլիսոփայական հայացքների հետ։ Ինչպես նրա գոյաբանությունը, այնպես էլ բարոյագիտությունը նպատակաբանական բնույթի ունի։ Տիեզերքի բոլոր գոյացությունները, այդ թվում և մարդը, ներքին ձգտում ունեն դեպի բարիքը, դեպի բարձրագույն բարիքը՝ իբրև վերջնական նպատակ։ Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում է որպես այնպիսի գիտություն, որը վերաբերում է մարդու կյանքի իմաստին և նպատակին, գիտություն այն մասին, թե ինչպես մարդը կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը կամ երանությանը։
Արիստոտելը քննադատում է Պլատոնի բարոյագիտական ուսմունքի հիմնարար մի քանի գաղափարներ.
...մեր պարտքն է հանուն ճշմարտության փրկության հրաժարվել թանկագինից ու մերձավորից, մանավանդ եթե մենք փիլիսոփաներ ենք։ Ու չնայած երկուսն էլ մեզ թանկ են, այնուամենայնիվ, արժանապատիվը՝ ճշմարտությունն առավել պաշտելն է
[20] Արիստոտելի կարծիքով պլատոնյան բարձրագույն բարիքը անհասանելի է մարդուն, հետևաբար՝ անիրական է։
Արիստոտելի կարծիքով բարձրագույն բարիքին հասնելու նախապայմանը առաքինի՝ կատարյալ լինելն է։ Նա առաքինությունները բաժանում է երկու խմբի՝ բարոյական ու դիանոբարոյական (մտավոր)։ Բարոյական առաքինությունները պայմանավորված են մարդու խառնվածքով, բնավորությամբ, իսկ դիանոբարոյականը կապված է հոգու բանական հատկությունների հետ, օրինակ՝ խելամտությունը, խոհականությունը և իմաստությունը։ Եթե մտավոր առաքինությունները ձեռքբերովի են, ապա բարոյականները դաստիարակության արդյունք են։ Առաքինությունը, ըստ Արիստոտելի, երկու ծայրահեղությունների միջինի ընտրությունն է։ Արիստոտելը պարզաբանում է, որ առաքինությունն ընտրում է միջինը ոչ թե առհասարակ լավից և վատից, այլ լավերից ընտրում է լավագույնը։
Պետության մասին արիստոտելյան ուսմունքը խարսխված է այն հիմնադրույթի վրա, որ մարդն ի ծնե հասարակական-քաղաքական էակ է, ստեղծված է համատեղ սոցիալական կյանքի համար։ Մարդն առանց մյուս մարդկանց հետ հաղորդակցվելու չի կարող ունենալ լիարժեք կյանք։ Հասարակությունից դուրս ապրող մարդը, ըստ Արիստոտելի, կամ գերմարդ է կամ էլ՝ բարոյական իմաստով թերզարգացած։ Մարդկանց համակերցության ձևերը բազմազան են, բայց բարձրագույնը, որին ենթարկվում են մյուս բոլորը, պետությունն է։ Սկզբում ձևավորվել են ընտանիքները, հետո համայնքները, այնուհետև՝ պետությունը։
Լավագույն պետական կառավարման ձևը, ըստ Արիստոտելի, հունական քաղաք-պետությունն է, քանի որ միայն հույները կարող են ազատությունը համատեղել կարգի, արիությունը՝ մշակույթի հետ։ Լավագույն պետությունը չի կարելի պատկերացել առանց ստրուկների, թեև ինչպես վերջիններս, այնպես էլ աշխատավորները, երկրագործները և արհեստավորները չունեն քաղաքացիական իրավունքներ։ Ստրուկը ինքն իրեն չի պատկանում, այլ ՝ մարդ է, որը բնությամբ ստրուկ է։
Ինչպես Պլատոնը, այնպես էլ Արիստոտելը կարևորում են պետության դերը մարդկանց դաստիարակության և բարոյական կատարալագործման գործում[21]։
Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ։ Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական։ Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական[22]։ Որոշ աշխատությունների դեպքում գիտնականները վիճարկում են Արիստոտելի հեղինակ լինելը։ Փիլիոսփայի բոլոր ստեղծագործությունները միասին ստացել են «Արիստոտելյան կորպուս» անվանումը։
Լոգիկա (Օրգանոն)
Բնության մասին
Մետաֆիզիկա
Բարոյագիտություն և քաղաքականություն
Պոեզիա և հռետորիկա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.