Արյան կոմպլեմենտի համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Արյան կոմպլեմենտի համակարգ, հայտնի նաև, որպես արյան կոմպլեմենտի կասկադային համակարգ, իմուն համակարգի բաղադրիչ, որը նպաստում է հակամարմինների և ֆագոցիտային բջիջների կողմից օրգանիզմի՝ միկրոօրգանիզմներից և վնասված բջիջներից մաքրմանը, ինդուկցում է բորբոքումը և գրոհը պաթոգեն բջջի թաղանթին։ Այն հանդիսանում է բնածին իմուն համակարգի մաս[1], որը կյանքի ընթացքում չի ենթարկվում ադապտացիայի և փոփոխման։ Սակայն կոմպլեմենտի համակարգը կարող է ներգրավվել և ակտիվացման ենթարկվել ձեռքբերովի (ադապտիվ) իմուն համակարգի շնորհիվ սինթեզված հակամարմինների կողմից։
Արյան կոմպլեմենտի համակարգը բաղկացած է մի քանի փոքր սպիտակուցներից, որոնք սինթեզվում են լյարդում և շրջանառում արյան մեջ ապակտիվ պրեկուրսորների ձևով։ Երբ ենթարկվում են խթանման տրիգեր գործոնների կողմից՝ պրոտեազների կողմից ենթարկվում են ճեղքման՝ ակտիվ սպիտակուցների առաջացմամբ և կոմպլեմենտի համակարգի շղթայաձև ակտիվացմամբ։ Կոմպլեմենտի շղթայի ակտիվացման վերջնական արդյունքը հանդիսանում են ֆագոցիտների խթանումը, բորբոքման գործընթացի ակտիվացումը՝ ինչը նպաստում է ավելի մեծ քանակությամբ ֆագոցիտոզ իրականացնող բջիջների ներգրավմանը և բջջասպան թաղանթ գրոհող կոմպլեքսների ակտիվացումը։ Կոմպլեմենտի համակարգը կազմված է ավելի քան 30 սպիտակուցներից, որոնք շրջանառում են արյան պլազմայում կամ հանդիսանում են բջջաթաղանթային ընկալիչներ։ Դրանք կազմում են արյան պլազմայի գլոբուլինային սպիտակուցների ֆրակցիայի մոտ 10%-ը։
Առկա են կոմպլեմենտի համակարգի ակտիվացման երեք բիոքիմիական ուղիներ՝ կլասիկ, ալտերնատիվ կամ այլընտրանքային և լեկտինային[2]։