Լյարդ
ողնաշարավոր կենդանիների կենտ օրգան / From Wikipedia, the free encyclopedia
Լյարդ (հուն․՝ ἡπατο կամ լատին․՝ jecur, iecur), մարսողական համակարգի մաս կազմող գեղձային օրգան, որն անմիջապես գտնվում է ստոծանու տակ՝ որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում[3][4]։ Որպես մասնագիտացված օրգան հայտնաբերվել է միայն ողնաշարավորների մոտ[5]։ Դետոքսիկացիայի ժամանակ լյարդը չեզոքացնում է նյութափոխանակության արգասիքները, սինթեզում սպիտակուցներ (ֆիբրինոգեն և պրոթրոմբին) և արտադրում մարսողության դյուրացմանը նպաստող կենսաքիմիական կարևոր նշանակության բազմաթիվ նյութեր։
Լյարդ | |
---|---|
Լյարդի կառուցվածքային տարրերը և արյունատար անոթները | |
Մարդու լյարդի տեղայնացումը (նշված կարմիրով) | |
Տեսակ | գեղձային օրգան |
Ենթադաս | կենդանական օրգան, Հավելյալ մարսողական գեղձ, բլթային օրգան[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | մարսողական համակարգ |
Անատոմիական տեղայնացում | Որովայնի խոռոչ |
Լատիներեն անվանում | Jecur, iecur |
Համակարգ | Մարսողական համակարգ |
Զարկերակ | Լյարդային զարկերակ |
Երակ | Լյարդային երակ Դռներակ |
Նյարդ | Ընդերային հանգույց և թափառող նյարդ |
Ավշային հանգույց | Լյարդային ավշահանգույցներ |
Արտադրում է | լեղի, սպիտակուցներ, ֆերմենտներ և այլ կենսաբանական միացություններ |
Լիմֆատիկ դրենաժ | Լյարդային ավշահանգույցներ |
Նյարդայնացած | Թափառող նյարդ և ընդերային հանգույց |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | liver development? |
Մասնագիտություն | անատոմիա և հեպատոլոգիա |
MeSH | A03.620 |
Foundational Model of Anatomy | 7197 |
Terminologia Anatomica 98 | A05.8.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, 1911 Encyclopædia Britannica և The New Student's Reference Work |
Վիքիպահեստում |
Լյարդը կատարում է նաև այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են նյութափոխանակության ընթացքում գլիկոգենի պահեստավորումը, որը որպես պահեստային ածխաջուր կուտակվում է և անհրաժեշտության դեպքում աստիճանաբար քայքայվում՝ դրանով իսկ ապահովելով գլյուկոզի հարաբերական կայուն խտությունն արյան մեջ։ Կուպֆերյան բջիջներում տեղի է ունենում ֆիզիոլոգիական հեմոլիզը (էրիթրոցիտների կազմալուծումը), ինչպես նաև կենսական նշանակության մի շարք հորմոնների արտադրությունը։ Սննդի հետ աղիներ անցած վնասակար նյութերը, հաստ աղիքում սպիտակուցների քայքայման հետևանքով առաջացած թունավոր նյութերը վնասազերծվում են լյարդում։ Լյարդը որպես մարսողական համակարգի ամենախոշոր օրգան, որն արտադրում է նաև լեղի` հիմնային բաղադրությամբ նյութ, որը շատ կարևոր է ճարպերի քայքայման գործընթացում։ Լեղին ակտիվացնում է ենթաստամոքսային և աղիքային հյութերի ֆերմենտները՝ մասնավորապես լիպազան, որը մասնակցում է ճարպի ճեղքման գործընթացին[6]։ Լյարդի մասնագիտացված հյուսվածքները, որոնք հիմնականում բաղկացած են հեպատոցիտներից, ապահովում են բազմաթիվ կենսաքիմիական ռեակցիաների իրագործումը, հատկապես՝ սպիտակուցների կենսասինթեզը, ինչպես նաև փոքր մոլեկուլյար զանգված ունեցող նյութերի քայքայումը[7][8]։
Լյարդը բաժանվում է երկու բլթերի՝ մեծ՝ աջ և փոքր՝ ձախ։ Բլթերը բաժանող սահմանագիծը լյարդի վերին կոր երեսի վրա՝ համապատասխանում է մանգաղաձև կապանի կպման գծին։ Այս կապանի ազատ եզրի մեջ կա պինդ ներդակազմ կապան, որը իրենից ներկայացնում է խցանված պորտային երակի մնացորդ։ Լյարդի աջ բլիթը ներքևի կողմից երկու ակոսներով կամ փոսություններով ենթաբաժանվում է երկրորդական բլթերի։ Ակոսներից մեկը զուգահեռ է ձախ սագիտալ փոսությանը և կոչվում է աջ ակոս կամ փոսություն։ Այդ փոսի առաջային մասում տեղավորված է լեղապարկը, որի պատճառով փոսությունը կոչվում է լեղապարկային փոսություն։ Այն խոր լայնաձիգ ակոսը, որը միացնում է պորտային երակի փոսի ու լեղապարկի փոսության հետին ծայրերը, կոչվում է լյարդի դրունք։ Լյարդի դրունքի միջով մտնում են լյարդային զարկերակը և դռներակը՝ իրենց ուղեկցող նյարդերով ու անոթներով, և դուրս են գալիս ավշային անոթներն ու լյարդի ընդհանուր ծորանը, որը լյարդից արտազատում է լեղին ու կուտակում այն լեղապարկում։ Լյարդի մեծ մասը ծածկված է որովայնամզով, բացառությամբ անմիջապես ստոծանուն ուղղված հատվածը։
Լյարդը, ինչպես մյուս բոլոր օրգանները, կարող է ախտահարվել։ Ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից են հեպատիտները, լյարդի ցիռոզը, ուռուցքները և թարախակույտերը։