Բժշկական գիտությունները Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական գիտությունները Հայաստանում գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեն։ Ժամանակի ընթացքում ստեղծվել է դեղանյութերի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։ Հայաստանն անցյալում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։ Օգտագործվել են հանք, դեղանյութեր՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, կապարի առանձին միացություններ, որդան կարմիրը, որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ, կենդանական ծագման դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռական գեղձերից, ուղեղից, լյարդից, փայծաղից։