From Wikipedia, the free encyclopedia
Գերի Սթենլի Բեքեր (անգլ.՝ Gary Stanley Becker, դեկտեմբերի 2, 1930[1][2][3][…], Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4][5] - մայիսի 3, 2014[1][2][3][…], Չիկագո[1][6]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր[19]՝ «միկրոտնտեսական վերլուծության ոլորտները մարդկային վարքի ու փոխգործողության մի շարք ասպեկտների, այդ թվում՝ ոչ շուկայական վարքի վրա տարածելու համար»[20] (1992): Բեքերը, որ տնտեսագիտության չիկագոյական դպրոցի տիպական ներկայացուցիչ էր[21] և այդ դպրոցի տնտեսագետների երրորդ սերնդի առաջնորդը[22][23], տնտեսագիտական մեթոդներ է կիրառել մարդկային վարքը վերլուծելու նպատակով[24]։
Ավստրալիացի տնտեսագետ Ջասթին Վուլֆերսը նրան բնորոշել է որպես «վերջին հիսուն տարիների ամենակարևոր հասարակագետի» (the most important social scientist in the past 50 years)[25]: Իր հերթին Միլտոն Ֆրիդմենը նրան համարել է «քսաներորդ դարի երկրորդ կեսին ապրած ու գործած մեծագույն հասարակագետը» (the greatest social scientist who has lived and worked in the second part of the twentieth century)[26]:
Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 2-ին Փենսիլվանիա նահանգի Պոտսվիլ քաղաքում, հրեական բազմազավակ ընտանիքում[27]։ Գերին ուներ 2 քույր՝ Վենդին ու Նաթալին և մեկ եղբայր՝ Մարվինը։ Երբ լրացել է Գերիի 4 տարին, ընտանիքը տեղափոխվել է Բրուքլին։ 1948 թվականին տղան ավարտել է Բրուքլինի Ջեյմս Մադիսոնի անվան միջնակարգ դպրոցը։ Չնայած բարձր առաջադիմությանը՝ նա մինչև 16 տարեկանը առավելապես հետաքրքվել է ձեռքի գնդակով և համարվում էր լավագույններից մեկը այդ մարզաձևում[28]։
1951թ. Փրինստոնում ստացել է բակալավրի[29], 1953թ.՝ այդ նույն համալսարանում՝ հասարակական գիտությունների մագիստրոսի, 1955թ. Չիկագոյի համալսարանում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան[30][31]։ 1955-1957 թվականներին դասախոսել է Փրինստոնի, այնուհետև Կոլումբիական համալսարանում՝ մինչև 1969 թվականը, երբ վերադարձել է Չիկագոյի համալսարան և պաշտոնավարել նախ՝ որպես տնտեսագիտության ու հասարակագիտության պրոֆեսոր, այնուհետև՝ սկսած 1985 թվականից՝ տնտեսագիտության ամբիոնի վարիչ[31]։
1974 թվականին եղել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության փոխնախագահ, 1987 թվականին՝ այդ նույն ընկերակցության նախագահ, 1997 թվականին՝ Աշխատանքի տնտեսագիտության ընկերության նախագահ։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[32], Չափորոշիչների (ստանդարտների) ամերիկյան ընկերակցության, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության, էկոնոմետրիկ ընկերության, Ամերիկյան վիճակագրական ընկերակցության[33] անդամ էր, Կրթության ազգային ակադեմիայի հիմնադիր ու անդամ (1965—1967 թվականներին՝ փոխնախագահ), «Մոն Պելերին» ընկերության անդամ, այնուհետև՝ նախագահ[31][34], Հուվերյան ինստիտուտի ավագ գիտաշխատող[35]։
ԱՄՆ 1996 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ եղել է թեկնածուներից մեկի՝ Բոբ Դոուլի խորհրդականը[36]։ 2004 թվականի դեկտեմբերից եռանդուն կերպով մասնակցել է մասնագետ տնտեսագետների կողմից առավել հաճախակի մեջբերվող Բեքեր-Պոզներ բլոգի աշխատանքներին[35][37], ընթացիկ տնտեսական իրադարձությունների վերաբերյալ հանդես եկել վերլուծական սուր մեկնաբանություններով[38]։ Անդամակցել է Review of Economics of the Household ամսագրի խմբագրակազմին։
Գերին ամուսնացել է երկու անգամ. առաջին կնոջից՝ Դորիա Սլոթից[39] ունեցել է երկու դուստր (Քեթրին և Ջուդի Բեքերներ)[36], երկրորդ կնոջից՝ Գիթի Նաշատից[40]՝ մեկ որդի և մեկ դուստր (Մայքլ և Կիրա)[41]։
Անվանի գիտնականը մահացել է Չիկագոյում, 2014 թվականի մայիսի 3-ին՝ 83 տարեկան հասակում[42]։ Ի հիշատակ նրա՝ այդ նույն տարում Չիկագոյի համալսարանում եռօրյա գիտական կոնֆերանս է կազմակերպվել[43]։
Գերի Բեքերը տնտեսագիտության տեսության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար բազմաթիվ պարգևներ է ստացել, այդ թվում[31]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.