From Wikipedia, the free encyclopedia
«Էննի Հոլլ» (անգլ.՝ Annie Hall), ամերիկյան գեղարվեստական կատակերգական ֆիլմ, որը թողարկվել է 1977 թվականին։ Ռեժիսորը Վուդի Ալենն է։ Գլխավոր դերերում են ինքը՝ Վուդի Ալենը, և Դայան Քիթոնը։
Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում նաև «Օսկար» չորս նոմինացիաներում։ 1992 թվականին ֆիլմը ներառվեց ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ցուցակագրությունում՝ «մշակութային, պատմական կամ էսթետիկ» նշանակության համար։
Ֆիլմում ներկայացված է զույգի՝ նյու-յորքյան սթենդ-ափ կոմիկ, հրեա նևրոտիկ Էլվի Սինգերի (Վուդի Ալեն), ով ամեն տեղ հակասեմական դավադրություններ է տեսնում և արդեն 15 տարի է հաճախում է հոգեվերլուծաբանի, և սկսնակ երգչուհի Էննի Հոլլի (Դայան Քիթոն) սիրային հարաբերությունների սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Սյուժեն տեղ-տեղ ընդհատվում է հումորային բնությի հատվածներով, որոնք վերաբերում են հերոսների անցյալին, հիշողություններին, ինքնավերարտադրմանը։
Դերասան | Հերոս |
---|---|
Վուդի Ալեն | Էլվի Սինգեր |
Դայան Քիթոն | Էննի Հոլլ |
Թոնի Ռոբերտս | Ռոբ |
Քերոլ Քեյն | Էլիսոն |
Փոլ Սայմոն | Թոնի Լեյսի |
Շելլի Դյուվալ | Փեմ |
Ժանետ Մարգոլին | Ռոբին |
Քոլին Դյուհորսթ | մամա Հոլլ |
Քրիստոֆեր Ուոքեն | Դուեյն Հոլլ |
Մարշալ Մաքլյուեն | ինքն իր դերում |
Ջեֆ Գոլդբլյում | հյուր երեկույթում (էպիզոդում) |
Սիգուրնի Ուիվեր | Էլվիի ընկերուհին (էպիզոդում) |
Լորի Բըրդ | Թոնի Լեյսի ընկերուհին (էպիզոդում) |
Վուդի Ալլենի կյանքի ու ֆիլմի սյուժեի որոշ նմանություններ կինոքննադատներին ստիպեցին ֆիլմը համարել ինքնակենսագրական։ Ե՛վ Էլվին, և՛ Ալլենը կոմիկներ էին։ Ֆիլմի սկզբում Ալլենի ծննդյան թիվը գրված էր դպրոցական գրատախտակին։ Նրա մանկության որոշ դեպքեր համընկնում են Էլվի Սինգերի կյանքը ինչ-որ դրվագների հետ[10]։ Ալլենը սովորել է Նյու Յորքի համալսարանում, Էլվին նույնպես։ Դայան Քիթոնի իսկական ազգանունը «Հոլլ է», «Էննի»-ն նրա մականունն է։ Բացի այդ Դայան Քիթոնն ու Վուդի Ալլենը սիրավեպ են ունեցել[11]։ Ամեն դեպքում, ինքը՝ Ալլենը, արագ ցրեց այդ նախավարկածները։ «Այն բաները, որոնք մարդիկ ինքնակենսագրական են համարում, գրեթե միշտ այդպիսին չեն», ասել է Վուդին[12]։
Էննի Հոլլի կերպարը գրվել է հատուկ Քիթոնի համար, ով Վուդի Ալլենի հետ աշխատել էր այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Մի անգամ էլ նվագիր, Սեմ», «Քնածը», «Սեր և մահ»։ Աշխատանքն այս ֆիլմի վրա նաև Թոնի Ռոբերտսի հետ էր երկրորդ անգամ, իրենց նախորդ նախագծից՝ «Մի անգամ էլ նվագիր, Սեմ» ֆիլմից հետո[13]։
Ի սկզբանե Վուդի Ալլենը ցանկանում էր Ֆեդերիկո Ֆելինիին նկարահանել կինոդահլիճի սրահի տեսարանում[14], քանի որ հենց այդ շրջանում նրա աշխատանքները լայնորեն քննարկվում էին, բայց վերջում, երբ Ֆելինին ու Լուիս Բունյուելը հրաժարվեցին կամեո խաղալ, Ալլենի ընտրությունը կանգ առավ Մարշալ Մաքլյուենի վրա[15]։
Որոշ դերասաններ նշում էին Ալլենի կոշտությունը նկարահանման հրապարակում։ Ռեժիսորը սառն էր Մաքլյուենի նկատմամբ, ով ստիպված էր Կանադայից վերադառնալ դրվագի վերանկարահանման համար։ Մորդեխայ Լոուները, ով խաղում էր Էլվիի հոր դերը, պնդում էր, որ Ալլենը երբեք չի խոսել իր հետ։ Բացի այդ, նկարահանումների ժամանակ Ալլենը սիրավեպ է սկսում Սթեյսի Նելկինի հետ, ով նկարահանվել է մի էպիզոդում։ Հարաբերությունները շարունակվել են երկու տարի։
Ֆիլմի ապագա սցենարի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ Վուդի Ալլենը քայլում էր Նյու-Յորքում իր համահեղինակ Մարշալ Բրիքմենի հետ։ Ալլենը սցենարի առաջին սևագրությունը գրել է չորս օրվա ընթացքում, հետո ուղարկել է Բրիքմենին, որպեսզի նա փոփոխություններ ու ուղղումներ մտցնի։ Բրիքմենի խոսքերով, այդ սցենարի կենտրոնում 40-ամյա մի տղամարդ էր, ում կյանքը բաղկացած էր «մի քանի թելերից։ Դրանցից մեկը երիտասարդ կնոջ հետ հարաբերություններն էին, մյուսը կյանքի տափակության նկատմամբ նրա մտահոգվածությունը, իսկ երրորդը՝ հակվածությունը ինքնավերլուծությանը ու ռեֆլեկցիային՝ իր իրական բնավորությունը հասկանալու նպատակով»[16]։
Ալլենի 40-ամյակը լրանում էր 1975 թվականին։ Բրիքմենը կարծում էր, որ «նոր տարիքը» և «մահվան մասին մտքերը» ազդել են Վուդիի աշխատանքի վրա։ Բացի այդ նա Ֆեդերիկո Ֆելինիի «8½» տրագիկոմեդիայի ազդեցության տակ էր, որը Ֆելինին նկարահանել էր իր նույն շրջադարձային տարիքում։ Ալլենն ու Բրիքմանը սցենարի վրա աշխատեցին այնքան, մինչև կարողացան United Artists-ից 4 միլլիոն դոլլար խնդրել նկարահանումների համար[17]։
Սկզբնական սևագրի շատ տարրեր դուրս մնացին վերջնական տարբերակից։ Ի սկզբանե դա պետք է լիներ դրամա, որը նկարագրում է առեղծվածային սպանությունը կատակերգական ու ռոմանտիկ սյուժետային գծերով, Չնայած համահեղինակները որոշեցին հրաժարվել սպանության սյուժետային գծից, Ալլենն ու Բրիքմանը սպանության մասին սցենար գրեցին մի քանի տարի անց՝ Առեղծվածային սպանություն Մանհեթթենում, որի գլխավոր դերը խաղում էր Դայան Քիթոնը։ Նախագիծը, որն Ալլենը ներկայացրել է ֆիլմի խմբագրին, ավարտվում էր «և պատրաստվում է կրակոցի» բառերով։
Ֆիլմի աշխատանքային անվանումը «Անգեդոնիա» էր՝ եզրույթ, որը նշանակում է հաճույք ստանալու անկարողություն[18]։ Սակայն, United Artists-ը այդ անվանումն անհամապատասխան համարեց։ Բրիքմենի ներկայացրած այլընտրանքների շարքում կային հետևյալ տարբերակները՝ «It Had to Be Jew», «Rollercoaster Named Desire» և «Me and My Goy»[19]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.