Իբագե
From Wikipedia, the free encyclopedia
Իբագե (իսպ.՝ Ibagué, Իսպաներեն արտասանություն՝ [iβaˈɣe]), քաղաք Հարավային Ամերիկայում՝ Կոլումբիայի Հանրապետությունում։ Այդ երկրի խոշոր բնակավայրերից է և 32 դեպարտամենտներից մեկի՝ Տոլիմա դեպարտամենտի վարչական կենտրոնն է[2]։ 2018 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 529.635 (որից 492.554-ը ապրում էին քաղաքային տարածքում[3] ). այդ ցուցանիշով Իբագեն յոթերորդ տեղն է զբաղեցնում Կոլումբիայում[3]։ Քաղաքը վարչականորեն բաժանված է 13 համայնքների, իսկ նրա կազմի մեջ ներառված գյուղական տարածքը՝ 17 կոռեխիմենտոների[4]։ Իբագեն տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, վարչական, գործարարական, մշակութային, զբոսաշրջային կենտրոնն է, Կոլումբիայի և Հարավային Ամերիկայի տնտեսական նշանակալի կենտրոններից մեկը[5], որտեղ «Առևտրի համաշխարհային կենտրոն» ասոցիացիան (World Trade Center Association (WTCA) նպատակահարմար է համարել բացելու իր գրասենյակը[6]։ Քաղաքի տնտեսության կարևոր բաղկացուցիչներն են արդյունաբերական, զբոսաշրջային և գյուղատնտեսական սեկտորները, ընդ որում՝ նշանակալից է հատկապես տեքստիլ արդյունաբերության մասնաբաժինը[7], որն իր թողարկած արտադրանքի ծավալով երրորդ տեղն է զբաղեցնում Կոլումբիայում[8]։ Իբագեն առանցքային դեր է խաղում նաև սուրճի արտադրության բնագավառում։ Համաշխարհային բանկի վարկանշման համաձայն՝ այս քաղաքը, Մանիսալեսի հետ մեկտեղ, ամենաբարձր տեղերն է գրավում"Doing Business"-ի՝ գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմաններ ապահովելու տեսակետից[9]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Իբագե | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 14, 1550 թ. | ||||
Մակերես | 1498 կմ² | ||||
ԲԾՄ | 1285±1 մետր | ||||
Բնակչություն | 541 101 մարդ (2020)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 0057 8 | ||||
Փոստային դասիչ | 730001–730019 | ||||
Պաշտոնական կայք | ibague.gov.co | ||||
| |||||
1550 թվականի հոկտեմբերի 14-ին իսպանացի նավապետ Անդրես Լոպես դե Գալարսայի հիմնադրած բնակավայրը մեր օրերում ձեռք է բերել նաև Կոլումբիայի և Ամերիկայի երաժշտական մայրաքաղաքի համբավ, և դա՝ շնորհիվ այստեղ գործող Տոլիմայի կոնսերվատորիայի[10], որն ամենահեղինակավորներից մեկն է երկրում[11], ինչպես նաև՝ պարբերաբար անցկացվող ֆոլկլորային փառատոների[12], երաժշտության հետ առնչություններ ունեցող բազմաթիվ հուշարձանների։ Քաղաքում գործող ուսումնական նշանավոր հաստատություններն են Տոլիմայի և Իբագեի համալսարանները, Universidad Nacional Abierta y a Distancia-ն (UNAD-ը) և Տոլիմայի կոնսերվատորիան։