Լև Տրոցկի
From Wikipedia, the free encyclopedia
Լև Դավիդովիչ Տրոցկի (ռուս.՝ Лев Давидович Троцкий, իսկական անունը՝ Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյն[2][3][4][5] [Лейба Давидович Бронштейн]), հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1879[6], Բերեսլավկա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[6] - օգոստոսի 21, 1940(1940-08-21)[7][6], Կոյոական, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ռուս մարքիսիստ հեղափոխական, մարքսիզմի ու կոմունիզմի տեսաբան, խորհրդային Ռուսաստանի կուսակցական և պետական գործիչ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից և Կարմիր բանակի հիմնադիրներից մեկը։ Լինելով կոմունիստ՝ զարգացրել է մարքսիզմի մի տարբերակ, որն իր անունով կոչվել է տրոցկիզմ։
Լև Տրոցկի Лев Троцкий | |||
| |||
---|---|---|---|
մարտի 13, 1918 - հունվարի 6, 1925 | |||
Նախորդող | Նիկոլայ Պոդվոյսկի | ||
Հաջորդող | Միխայիլ Ֆրունզե | ||
| |||
նոյեմբերի 8, 1917 - մարտի 13, 1918 | |||
Նախորդող | Միխայիլ Տերեշչենկո | ||
Հաջորդող | Գեորգի Չիչերին | ||
| |||
նոյեմբերի 25, 1917 - հունվարի 20, 1918 | |||
Նախորդող | - | ||
Հաջորդող | - | ||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (1898–1912) Սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցություն (1912–1918) Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն (1925–1927) | ||
Կրթություն՝ | Օդեսայի ազգային համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, ինքնակենսագիր, փիլիսոփա, հեղափոխական, ռազմական գործիչ, պատմաբան, լրագրող և գրող | ||
Ազգություն | Ուկրաինայի հրեա և Հրեաները Ռուսաստանում | ||
Ծննդյան օր | 1879 նոյեմբերի 7 | ||
Ծննդավայր | Յանովկա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | օգոստոսի 21, 1940(1940-08-21) (տարիքը 60) | ||
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկա | ||
Թաղված | Լև Տրոցկու տուն թանգարան | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ և Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Ի ծնե անուն | ռուս.՝ Лейб Давидович Бронштейн[1] | ||
Հայր | Դավիդ Բրոնշտեյն | ||
Մայր | Anna Bronstein? | ||
Ամուսին | Ալեքսանդրա Սոկոլովսկայա (1899-1902) Նատալյա Սեդովա(1903) | ||
Զավակներ | Զինաիդա Վոլկովա Նինա Նևելսոն Լև Սեդով Սերգեյ Սեդով | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ծնվել է ուկրաինացի հարուստ հրեայի ընտանիքում։ 1896 թվականին տեղափոխվել է Նիկոլաև քաղաք, որտեղ էլ ընդունվել է մարքսիստական կազմակերպության շարքերը։ 1898 թվականին ցարական իշխանությունները կալանավորել են նրան հեղափոխական գործունեության համար և աքսորել են Սիբիր։ 1902 թվականին Տրոցկին փախել է աքսորից, տեղափոխվել Լոնդոն, որտեղ ծանոթացել ու մտերմացել է Վլադիմիր Լենինի հետ։ 1903 թվականին՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջին տրոհման ժամանակ, միացել է Մարտովի ղեկավարած մենշևիկներին՝ ընդդեմ Լենինի ղեկավարած բոլշևիկների։ Օգնել է կազմակերպելու 1905-1907 թթ. հեղափոխությունը, որի տապալումից հետո դարձյալ կալանավորվել է ու աքսորվել Սիբիր։ Մեկ անգամ ևս կարողացել է փախչել աքսորավայրից, հետագա 10 տարիներն անց է կացրել Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում ցարական միապետության տապալումից հետո Տրոցկին Նյու Յորքից եկել է Ռուսաստան, դարձել բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից մեկը։ Լինելով Պետրոգրադի խորհրդի (սովետի) նախագահը՝ նա առանցքային դեր է խաղացել 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության իրականացման, ժամանակավոր կառավարության տապալման ժամանակ։
Ընդգրկվել է բոլշևիկների ձևավարած կառավարության կազմում, նախ՝ որպես արտաքին գործերի կոմիսար։ Այդ պաշտոնում ուղղակիորեն ներգրավվել է Բրեստ-Լիտովսկում 1917-1918 թթ. Գերմանիայի հետ տարվող բանակցություններում։ 1918 թվականի մարտ ամսից մինչև 1925 թվականի հունվար ամիսը Տրոցկին ղեկավարել է Կարմիր բանակը՝ որպես ռազմական ու ծովային գործերի կոմիսար և էական ավանդ է ներդրել 1917-1922 թթ. քաղաքացիական պատերազմում բոլշևիկների տարած հաղթանակում[8]։ 1919 թվականին նա դարձել է բոլշևիկյան առաջին քաղբյուրոյի (պոլիտբյուրոյի) յոթ անդամներից մեկը[9]։
Լենինի մահից (1924 թվականի հունվար) և Ստալինի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո Տրոցկին աստիճանաբար կորցրել է իր դիրքերը կառավարությունում, և ի վերջո քաղբյուրոն 1929 թվականի փետրվարին նրան վտարել է Խորհրդային Միությունից։ Իր կյանքի մնացած ժամանակը նա անց է կացրել աքսորում, շատ-շատ է գրել և բացահայտ քննադատել ստալինիզմը[10][11]։ 1938 թվականին Տրոցկին ու նրա աջակիցները հիմնել են Չորրորդ ինտերնացիոնալը՝ ի հակակշիռ Ստալինի նախաձեռնությամբ ստեղծված Կոմինտերնի։ Նրա նկատմամբ բազմաթիվ մահափորձեր են կատարվել, որոնցից կարողացել է փրկվել։ Սակայն 1940 թվականի օգոստոսին խորհրդային ներքին գործերի ժողկոմիսարիատի (ՆԳԺԿ-ի) գործակալ Ռամոն Մերկադերը կարողացել է Մեխիկոյի Կոյոական արվարձանում դաժանաբար կացնահարել նրան[12]՝ դրա համար հետագայում (1960 թ.) արժանանալով Խորհրդային Միության հերոսի կոչման և շքանշանների։ Ստալինի իշխանության տարիներին Տրոցկու անունը հանվել է պատմության գրքերից։ Վերջինս ստալինյան հալածանքների զոհ դարձած խորհրդային եզակի քաղաքական գործիչներից էր, ում խրուշչովյան վարչակարգը 1950-ական թվականներին չարժանացրեց արդարացնող վճռի[13]։