From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյան (մայիսի 27, 1882, Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1922, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի Կամո անվամբ, հայ բոլշևիկ հեղափոխական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ։
Կամո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1882 |
Ծննդավայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 1922 (40 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Վրացական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն, վրացերեն |
Կրոն | աթեիստ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ՌՍԴԲԿ, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցություն |
Kamo Վիքիպահեստում |
Տեր-Պետրոսյանը ծնվել է 1882 թվականին, Գորիում։ Սովորել է Գորիի հայկական ծխական, ապա՝ հայկական քաղաքային դպրոցներում։ 1901 թվականից Թիֆլիսում, Բաքվում, Բաթումում, Քութայիսում, Գորիում և այլուր տարածել է արգելված, հակացարական գրականություն, կազմակերպել ընդհատակյա բոլշևիկյան տպարաններ։ 1903 թվականի նոյեմբերին բանտարկվել է։ 1904 թ. սեպտեմբերին փախել է բանտից։
1905 թ. Թիֆլիսում Կամոն մասնակցել է բանվորական մարտական դրուժինաների կազմակերպմանը, գլխավորել բոլշևիկյան բանվոր-մարտիկների ջոկատը։ Զինված ընդհարումների ժամանակ վիրավոր ձերբակալվել է և նետվել Մետեխի բանտը։ 1906 թ. փախչելով բանտից՝ մեկնել է Սանկտ-Պետերբուրգ։ Այստեղ հանդիպել է Վ. Ի. Լենինին և նրա առաջադրանքով անցել է արտասահման՝ զենք գնելու և այն Ռուսաստան տեղափոխելու գործը կազմակերպելու համար։ Լենինը բնութագրել է Կամոյին որպես «բացառիկ նվիրվածության, խիզախության և եռանդի տեր մարդ»[1] Կոմունիստական կուսակցության համար դրամական միջոցներ հայթայթելու նպատակով 1905-1907 թթ. կազմակերպել է ցարական գանձարանից դրամի մի շարք բռնագրավումներ։ 1907 թ. նոյեմբերին գերմանական ոստիկանությունը Կամոյին ձերբակալում է Բեռլինում։ Հետաքննությունից խուսափելու նպատակով ձևացել է խելագար։ Սակայն, 1909 թ. գերմանական իշխանությունները Կամոյին հանձնել են ցարական ոստիկանությանը։ 1911 թ. Օգոստոսի 15-ին փախել է Մետեխի բանտային հիվանդանոցից և մեկնել Փարիզ։ 1912 թ. վերադարձել է Ռուսաստան, բայց, ձերբակալվելով տեղական իշխանությունների կողմից, դատապարտվել է մահվան։ 1913 թ. Ռուսաստանում Ռոմանովների 300-ամյա գահակալության առթիվ սահմանված համաներմամբ Կամոյի մահապատիժը փոխարինվել է 20 տարվա տաժանակրության։ Բանտից ազատվել է 1917 թ. մարտին փետրվարյան հեղափոխության հետևանքով։
1918 թ. հունվարին Կամոն Մոսկվայից Թիֆլիս է բերել Լենինի նամակները և ՌԽՖՍՀ Ժողկոմխորհրդի որոշումը՝ Ստեփան Շահումյանին Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակելու մասին։ 1919 թ. ամռանը Վ. Ի. Լենինի հանձնարարությամբ կազմակերպել է պարտիզանական ջոկատ և կռվել Դենիկինի գլխավորած սպիտակ գվարդիական զորքերի թիկունքում։ 1920 թ. ապրիլին մասնակցել է Բաքվում զինված ապստամբության նախապատրաստմանը։
1920 թ. ուսանել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում։ Այնուհետև աշխատել է արտաքին առևտրի բնագավառում (1921) և Վրաստանի ֆինանսների ժողկոմատում (1922):
Մահացել է Թիֆլիսում 1922 թվականի հուլիսի 14-ին՝ ավտովթարից։ Վարկածներից մեկի համաձայն ավտովթարը կազմակերպված է եղել Խորհրդային Ռուսաստանի ազգությունների ժողկոմ Իոսիֆ Ջուղաշվիլու (Ստալին) կողմից։ Մինչև ԽՍՀՄ հռչակումը մնացել էր 5 և կես ամիս։
Կամոյի կյանքին և հեղափոխական գործունեությանն են նվիրված խորհրդային շրջանում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած «Անձամբ ճանաչում եմ» (ռեժ.` Ստեփան Կևորկով և Էրազմ Քարամյան), ,«Արտակարգ հանձնարարություն» (ռեժ.` Ս. Կևորկով և Է. Քարամյան), «Կամոյի վերջին սխրանքը» (ռեժ.` Ս. Կևորկով և Գրիգոր Մելիք-Ավագյան) գեղարվեստական ֆիլմերը։
Կամոյի կյանքի և հեղափոխական գործունեության մասին գրվել են նաև գեղարվեստական գրքեր, որոնցից առավել հիշարժան են Մաքսիմ Գորկու «Կամո» (Երկերի ժողովածու, հատոր 17, Մոսկվա, 1952, ռուսերեն), Մկրտիչ Կորյունի «Կամո» (Երևան, 1955, լրացված հրատ.՝ 1958), վրաց գրող Իլյա Դուբինսկի-Մուխաձեի «Կամո» (ռուսերեն՝ Երևան, 1974, հայերեն՝ Երևան, 1979), Վանիկ Սանթրյանի «Լեգենդը կոչվում է Կամո» (Երևան, 1982) վիպակները։
Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ում Կամոյի անունով են կոչվել նախկին Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքն ու համանուն շրջանը, Ախուրյանի շրջանի նախկին Հաջի-Նազար գյուղը, ինչպես նաև՝ դպրոցներ և փողոցներ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում և գյուղերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.