Հումանիստական հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հումանիստական հոգեբանություն, արևմտյան (առավելապես ամերիկյան) հոգեբանական հայտնի ուղղություններից մեկը, որի ուսումնասիրության առարկան անձն է՝ որպես եզակի ամբողջական համակարգ, որին հատուկ է ինքնաիրացման հնարավորությունը[1]։ Հոգեբանական այս ուղղության շրջանակներում վերլուծության ենթարկվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ բարձրագույն արժեքներ, անձի ինքնաիրացում, ստեղծագործականություն, սեր, ազատություն։ Հումանիստական հոգեբանություն տերմինն առաջադրվել է մի խումբ պերսոնոլոգների կողմից, ովքեր 1960-ական թվականների սկզբին Աբրահամ Մասլոուի ղեկավարությամբ միավորվեցին՝ ստեղծելու կենսունակ տեսական այլընտրանք՝ ի հակակշիռ հոգեբանական երկու խոշոր ուղղությունների՝ հոգեվերլուծությանը և բիհեյվիորիզմի։ Հումանիստական հոգեբանությունը խիստ կազմակերպված տեսական համակարգ չէ, այն կարելի է դիտարկել որպես շարժում։ Այս ուղղությունը իր տեսական հիմքով բխում է էքզիստենցիալ փիլիսոփայությունից՝ մշակված եվրոպական այնպիսի մտածողների կողմից, ինչպիսիք են՝ Սյորեն Կիերկեգորը, Կառլ Յասպերսը, Մարտին Հայդեգերը, Ժան Պոլ Սարտրը։ Այս ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Աբրահամ Մասլոուն, Կառլ Ռոջերսը, Գորդոն Օլպորտը, Վիկտոր Ֆրանկլը, Ռոլո Մեյը, Ջեյմս Բյուջենտալը և այլք։
Հումանիստական հոգեբանությունը ձևավորվել է 20-րդ դարի կեսին՝ առաջադրելով անձի և նրա զարգացման վերաբերյալ նոր հայեցակետ։ Ուղղության կենտրոնը ԱՄՆ-ն է։ Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ մարդը լավն է իր բնույթով և ընդունակ է ինքնակատարելագործման։ Հումանիստական հոգեբանության տեսանկյունից՝ մարդու էությունը նրան անընդհատ տանում է անձնային աճի, ստեղծագործականության և ինքնաբավության, եթե միայն, ուժեղ հանգամքները չեն խանգարում։ Մարդիկ մեծ չափով գիտակցական և բանական էակներ են՝ առանց դոմինանտող անգիտակցական պահանջմունքների և կոնֆլիկտների։ Այսինքն՝ հումանիստական հոգեբանության ներկայացուցիչները մարդուն դիտում էին՝ որպես սեփական կյանքի արարիչ՝ օժտված սեփական կյանքի ոճն ընտրելու և զարգացնելու ազատությամբ, որը սահմանափակված է միայն ֆիզիկական և սոցիալական ազդեցություններով։ Մարդու կյանքը հնարավոր չէ հասկանալ, եթե ուշադրություն չդարձնենք նրա բարձրագույն ձգտումներին։ Աճը, ինքնաիրացումը, առողջության ձգտումը, նույնականության և ինքնավարության որոնումը պետք է համարել լայնորեն տարածված՝ նույնիսկ համընդհանուր միտում[1][2]։