Ճարպակալում
From Wikipedia, the free encyclopedia
Ճարպակալում, բժշկական վիճակ, որի դեպքում ավելցուկ ճարպն օրգանիզմում կուտակվում է այն աստիճան, որ կարող է բացասական ազդեցություն թողնել առողջության վրա[1]։ Ճարպակալմամբ տառապող մարդկանց մարմնի զանգվածի ինդեքսը՝ ՄԶԻ, որը ստանում ենք մարմնի քաշը (կգ) բաժանելով մարմնի հասակին՝ մ2-ով արտահայտված, ավելին է քան 30 կգ /մ2, երբ քաշի ավեկցուկ է համարվում 25-30 կգ /մ2-ի սահմաններում գտնվող մարմնի զանգվածը[1]։ Որոշ Արևելյան Ասիայի երկրներում օգտագործում են ՄԶԻ-ի ավելի ցածր արժեքներ[2]։ Ճարպակալումը մեծացնում է տարբեր հիվանդությունների և վիճակների հավանականության առաջացումը, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետ տիպ 2-ի, քնի օբստրուկտիվ ապնոէի, որոշ տեսակի քաղցկեղների, օստեոարթրիտի և դեպրեսիայի[3][4]։
Ճարպակալում | |
---|---|
Տեսակ | health risk?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
Obesity Վիքիպահեստում |
Ճարպակալումն ավելի հաճախ առաջանում է չափից շատ սնունդ ընդունելուց, սահմանափակ ֆիզիկական ակտիվությունից, և գենետիկ նախատրամադրությունից[1][5]։ Որոշ դեպքերում այն պայմանավորված է գեններով, էնդոկրին խանգարումներով, դեղամիջոցներով, կամ հոգեկան խանգարումներով[6]։ Այն, որ ճարպակալմամբ մարդիկ քիչ են ուտում, ու քաշ են ավելացնում՝ դանդաղ նյութափոխանակության պատճառով, բժշկական տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ[7]։ Միջինում ճարպակալումով մարդիկ ունենում են էներգիայի ավելի մեծ ծախս, քան նորմալ քաշով մարդիկ, ինչը միտված է ապահովելու մարմնի ավելացած քաշի լրացուցիչ էներգիայի պահանջները[7][8]։
Ճարպակալումը հիմնականում կանխարգելվում է համատեղելով սոցիալական և անձնական ընտրությունները[9]։ Բուժման հիմնական եղանակներն են հանդիսանում փոփոխությունները սննդակարգի և մարզանքների մեջ։ Սննդակարգի որակը կարող է բարելավվել, եթե նվազեցվի բարձր էներգետիկ արժեք ունեցող մթերքի օգտագործումն, ինչպիսիք են ճարպը կամ շաքարը, և հակառակն, ավելացվի բջջանյութով հարուստ սննդի օգտագործումը։ Դեղամիջոցները կարող են օգտագործվել համապատասխան սննդակարգի հետ, որպեսզի նվազեցնեն ախորժակն ու ճարպի ներծծումը[10]։ Եթե դիետան, մարզանքները և դեղամիջոցները արդյունավետ չեն, կարող է անցկացվել ներստամոքսային բալոնավորումը, կամ վիրահատություն ՝ ստամոքսի ծավալի կամ աղիքի երկարության փոքրացման նպատակով, ինչը բերում է արագ հագեցման առաջացմանը, կամ ուտելիքից սննդարար նյութերի ներծծման իջեցմանը[11][12]։
Ճարպակալումը համարվում է առաջատար կանխարգելվող մահվան պատճառներից մեկը ամբողջ աշխարհում, երեխաների և մեծահասակների հանդիպման հաճախականության աճի հետ մեկտեղ[13]։ 2015 թվականի տվյալների համաձայն 600 միլիոն մեծահասակներ (12%) և 100 միլիոն երեխաներ են տառապում ճարպակալմամբ 195 երկրներում։ Ճարպակալումը ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց շրջանում[14]։ Կառավարությունները ճարպակալումը դիտարկում են որպես 21-րդ դարի հանրային առողջության լրջագույն խնդիրներից մեկը[15]։ Ժամանակակից աշխարհի շատ երկրներում (մասնավորապես Արևմուտքում), ճարպակալումը հանդիսանում է խարան, չնայած պատմության մեջ, հին ժամանակներում այն համարվում էր հարստության և պտղաբերության նշան, և այժմ էլ որոշ երկրներում դեռ շարունակվում է այդպիսին մնալ[16]։ 2013թվականին Ամերիկայի Բժշկական Ասոցիացիան (անգլ.՝ American Medical Association) ճարպակալումը դասակարգել է որպես հիվանդություն[17][18]։