Ճողվածք
From Wikipedia, the free encyclopedia
Ճողվածք, հույսվածքների կամ օրգանների դուրս գալն է այն խոռոչի պատի միջով, որտեղ նրանք նորմայում տեղակայված են[1]։ Ճողվածքները լինում են տարբեր տեսակների[2]։ Ամենահաճախը նրանք ընդգրկում են որովայնը, հատկապես աճուկային շրջանը[2]։ Աճուկային շրջանի ճողվածքները հիմնականում լինում են աճուկային, բայց նաև հանդիպում են ազդրային ճողվածքներ[1]։ Այլ ճողվածքներից են ստոծանիական, հետվիրահատական և պորտային ճողվածքները[2]։ Ախտանշանները առկա են աճուկային ճողվածքով հիվանդների 66%-ի մոտ[1]։ Ախտանիշներից են ցավը կամ անհարմարության զգացումը, հատկապես հազալիս, վարժություններ անելիս, կամ լոգանք ընդունելուց[1]։ Հաճախ ցավը և անհարմարության զգացումը սաստկանում են օրվա ընթացքում և թեթևանում պառկած վիճակում[1]։ Կարող է առաջանալ արտափքված տեղամաս, որը ավելի արտահայտիչ է դառնում կռանալիս[1]։ Աճուկային ճողվածքները ավելի հաճախ հանդիպում են աջ կողմում քան ձախ[1]։ Ամենահաճախ հանդիպող բարդությունը ստրանգուլյացիան է, երբ աղիքի մի մասի արյան շրջանառությունը ընդհատվում է[1]։ Այն սովորաբար ուղեկցվում է ուժեղ ցավով և այդ տեղամասի լարվածությամբ[1]։ Ստոծանիական կամ ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների դեպքում հաճախ լինում է սրտխառնոց, բայց նաև կարող է դիտվել կրծքավանդակի ցավ կամ ցավ ուտելու ժամանակ[3]։
Ճողվածք | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 550, 551, 552 և 553 |
ՀՄԴ-10 | K40, K41, K42, K43, K44, K45 և K46 |
Hernias Վիքիպահեստում |
Ճողվածքների առաջացման ռիսկի գործոններից են․ ծխելը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, ճարպակալումը, հղիությունը, որովայնամզային դիալիզը, շարակցական հյուսվածքի հիվանդությունները, և նախկինում տարած բաց ապենդէկտոմիայի վիրահատությունը[1][3][4]։ Ճողվածքները ունեն նաև ժառանգական նախատրամադրվածություն և ավելի հաճախ հանդիպում են որոշակի ընտանիքներում[1]։ Դեռևս այդքան էլ պարզ չէ, թե աճուկային ճողվածքները առաջանում են ծանրություններ բարձրացնելուց, թե ոչ[1]։ Ճողվածքները հիմնականում հնարավոր է ախտորոշել հիմնվելով ախտանիշների վրա[1]։ Երբեմն հարկ է լինում կատարել ռադիոլոգիական հետազոտություն(հիմնականում որովայնի ռենտգեն նկար), որպեսզի ախտորոշումը հաստատվի, կամ հերքվեն այլ հնարավոր պատճառները[1]։ Ստոծանիական ճողվածքները հիմնականում ախտորոշվում են էնդոսկոպիկ մեթոդով[3]։
Աճուկային ճողվածքները, որոնք չեն առաջացնում ախտանիշներ տղամարդկանց մոտ, չունեն շտկման կարիք[1]։ Շտկումը, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կատարել կանանց մոտ, այն պատճառով, որ նրանց մոտ ավելի հաճախ հանդիպում են ազդրային ճողվածքներ, որոնք ունեն ավելի շատ բարդություններ[1]։ Եթե ճողվածքը օղակվում է, ապա ցուցված է շտապ վիրահատական բուժում[1]։ Շտկումը կարելի է կատարել ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ վիրահատության միջոցով[1]։ Բաց վիրահատությունը ունի այն առավելությունը, որ այն կարելի է իրականացնել տեղային անզգայացման պայմաններում, այլ ոչ միայն ընդհանուր անզգայացումով, որը օգտագործում են լապարասկոպիայի ժամանակ[1]։ Լապարասկոպիկ վիրահատության հետվիրահատական շրջանը անցնում է ավելի քիչ ցավերով[1]։ Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքները կարող են բուժվել ապրելակերպի փոփոխություններով, օրինակ բարձրացնելով մահճակալի գլուխը, քաշը և ուտելու սովորույթները վերահսկելով[3]։ Այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին են H2 (հիստամինային ընկալիչների) պաշարիչները կամ պրոտոնային պոմպի ինհիբիտորները, կարող են օգնել[3]։ Եթե դեղորայքային բուժումը չի վերացնում ախտանիշները ապա դիմում են լապարասկոպիկ ֆունդոպլիկացիայի[3]։
Տղամարդկանց մոտ 27%-ի և կանանց 3%-ի մոտ կյանքի որևէ շրջանում զարգանում է աճուկային ճողվածք[1]։ Աճուկային, ազդրային և որովայնային ճողվածքներ առկա էին 18,5 միլիոն մարդկանց մոտ և հանդիսացել են 59800 մահվան պատճառ 2015 թվականին[5][6]։ Աճուկային ճողվածքները ավելի հաճախ հանդիպում են մինչև մեկ տարեկանը և հիսուն տարեկանից հետո[4]։ Ճողվածքները առաջին անգամ նկարագրվել են դեռ մ․ թ․ ա․ առնվազն 1550 թվականին Եգիպտոսում՝ Էբերի Պապիրուսում[7]։