Որովայնի խոռոչ
From Wikipedia, the free encyclopedia
Որովայնի խոռոչը (լատ.՝ cavitas abdominis) ստոծանուց ցած գտնվող տարածությունն է, որը դեպի վար շարունակվում է կոնքի խոռոչի մեջ։
Որովայնի խոռոչի պատերն են. վերևից՝ ստոծանին, հետևից՝ գոտկային ողները և որովայնի հետին պատի մկանները, կողքերից և առջևից՝ որովայնի մամուլի մկանները։
Որովայնի խոռոչը ներսից՝ ներորովայնային փակեղից բացի ծածկված է որովայնամզով (peritoneum): Որովայնի պատերը ծածկող մասը կոչվում է առպատային որովայնամիզ (peritoneum parietale), իսկ օրգանները ծածկող մասը՝ ընդերային որովայնամիզ(peritoneum viscerale)[1]։ Առպատային և ընդերային թերթիկների միջև գոյանում է մի ճեղքանման տարածություն, որը կոչվում է որովայնամզի խոռոչ (cavum peritonel)։ Վերջինս պետք է տարբերել ընդհանուր որովայնի խոռոչից։ Որովայնի խոռոչի օրգաները՝ զարգանալով որովայնամզի և որովայնի խոռոչի պատերի(գլխավորապես հետին պատի) արանքում, իրենց աճի ժամանակ պատից հեռանում, ներաճում են որովայնամզի մեջ և ձգտում նրան իրենց հետ, այնպես, որ օրգանի և պատի միջև գոյանում է շճամզային երկու թերթիկներից բաղկացած մի ծալք։ Որովայնամզի նման ծալքերը, որոնք որովայնի խոռոչի պատից անցնում են աղիքային խողովակի մի մասի վրա, կոչվում են միջընդերք (mesenterium), իսկ պատից դեպի որևէ օրգանի վրա անցնող մասը (օրինակ, լյարդը)՝ կապաններ (ligamentum)։ Եթե օրգանը ամեն կողմից ծածկված է որովայնամզով, ասում են ունի ներորովայնամզային (ինտրապերիտոնեալ) դիրք (օրինակ, նրբաղին), եթե երեք կողմից է ծածկված որովայնամզով (մի կողմից ծածկ չունի, օրինակ, լյարդը)՝ միջորովայնամզային (մեզոպերիտոնեալ) դիրք, իսկ եթե ծածկված է միայն առջևից՝ արտաորովայնամզային (էքստրապերիտոնեալ) դիրք (օրինակ՝ երիկամը)։