Մաշկի տափակ բջջային քաղցկեղ
մաշկի քաղցկեղ, որի հիմքը կազմում են տափակ բջիջները / From Wikipedia, the free encyclopedia
Մաշկի տափակ բջջային քաղցկեղ (ՄՏԲՔ), հայտնի նաև որպես մաշկի տափակ բջջային կարցինոմա կամ մաշկի թեփուկաբջջային կարցինոմա, մաշկի քաղցկեղի հիմնական տեսակներից մեկը՝ բազալ բջջային քաղցկեղի և մելանոմայիյի հետ մեկտեղ[1]։ Սովորաբար դրսևորվում է որպես կոշտ ելունդ թեփուկավոր ծայրով, բայց կարող է ձևավորել նաև խոց[2]։ Հիվանդության մեկնարկը հաճախ տևում է մի քանի ամիս[3]։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղի տարածումը մարմնի հեռադիր հատվածներ ավելի հավանական է, քան բազալ բջջային քաղցկեղի դեպքում[4]։
Մաշկի տափակ բջջային քաղցկեղ | |
---|---|
Մաշկի տափակ բջջային քաղցկեղը հակում ունի ծագելու նախաքաղցկեղային գոյացություններից, արևային կերատոզներից։ Մակերևույթը սովորաբար թեփուկավոր է և հաճախ խոցոտվում է (ինչպես ցույց է տրված նկարում)։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Squamous-cell carcinoma of the skin Վիքիպահեստում |
Ռիսկի ամենամեծ գործոն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ընդհանուր ներգործությանը ենթարկվելը[5]։ Այլ ռիսկերի թվին են դասվում նախորդող սպիները, քրոնիկ վերքերը, արևային կերատոզը, բաց գույնի մաշկը, Բոուենի հիվանդությունը, մկնդեղի ներգործությունը, ճառագայթաբուժումը, իմուն համակարգի անբավարար գործունեությունը, նախորդող բազալ բջջային քաղցկեղը և ՄՊՎ-վարակը[5][6]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ռիսկն ավելի շատ կապված է ոչ թե վաղ ներգործության, այլ ընդհանուր ներգործության հետ[7]։ Սոլյարիումները դառնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մեկ այլ տարածված աղբյուր[7]։ Ուռուցքը սկսվում է մաշկի մեջ տափակ (թեփուկավոր) բջիջների ի հայտ գալուց[8]։ Ախտորոշումը հաճախ հիմնվում է մաշկի զննման վրա և հաստատվում հյուսվածքային բիոպսիայով[5][9]։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության նվազեցումը և արևապաշտպան միջոցների կիրառումը համարվում են մաշկի տափակ բջջային քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդներ[10][11]։ Բուժումը սովորաբար վիրահատական հեռացումն է[5]։ Դա կարող է լինել պարզ հեռացումը, եթե քաղցկեղը փոքր է, հակառակ դեպքում սովորաբար խորհուրդ է տրվում Մոհսի վիրահատություն[5]։ Այլ տարբերակների շարքին կարող են դասվել ցրտի կիրառումը (կրիոթերապիա) և ճառագայթաբուժումը[12]։ Այն դեպքերում, երբ տեղի է ունեցել հեռակա տարածում, կարող է կիրառվել քիմիաբուժություն կամ կենսաթերապիա[12]։
2015 թվականի դրությամբ շուրջ 2.2 միլիոն մարդ ունի ՄՏԲՔ տվյալ պահին[13]։ Դա կազմում է մաշկի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտավորապես 20%-ը[14]։ Միացյալ Նահանգներում տղամարդկանց մոտավորապես 12%-ի և կանանց 7%-ի մոտ կյանքի որոշակի պահի զարգանում է ՄՏԲՔ[5]։ Թերևս կանխատեսումը սովորաբար բարենպաստ է. մետաստազավորման դեպքում հնգամյա ապրելիությունը կազմում է ~34%[3]: 2015 թվականին ՄՏԲՔ-ն աշխարհում հանգեցրել է մոտավորապես 51 900 մահվան դեպքերի[15]։ Ախտորոշման տարիքը սովորաբար լինում է մոտ 66 տարեկան[3]։ ՄՏԲՔ-ի մեկ դեպքի հաջողակ բուժումից հետո մարդիկ ունենում են նոր դեպքերի զարգացման բարձր ռիսկ[5]։