From Wikipedia, the free encyclopedia
Փոքրամասնությունների իրավունքներ, անհատական և խմբային իրավունքներ, որոնք տարածվում են ռասսայական, ազգային, դասակարգային, կրոնական, լեզվական կամ ԼԳԲՏ, ինչպես նաև հավաքական իրավունքներ ունեցող որևէ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ։
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շարժումները հաճախ նպատակ ունեն պաշտպանել անհատի իրավունքները՝ կանխելով փոքրամասնությունների խմբին պատկանելու պատճառով խտրականությունը: Քաղաքացիական իրավունքների պաշտպանության այդպիսի շարժումների թվում են կանանց և ԼԳԲՏ իրավունքների գլոբալ շարժումները, ինչպես նաև ողջ աշխարհում ռասսայական փոքրամասնությունների իրավունքների տարբեր շարժումները (օրինակ՝ քաղացիական իրավունքների պաշտպանության շարժումը ԱՄՆ-ում)։
Փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ բանավեճերը հաճախ համընկնում են պատմական փոխհատուցման (պատմական անարդարությունները շտկելու)[1] կամ կառուցողական գործողության մասին քննարկումների հետ[2]։
Նախքան Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919–1920 թվականներ) «փոքրամասնություն» տերմինը պետությունների ազգային օրենսդրության մեջ հիմնականում վերաբերում էր քաղաքական կուսակցություններին, այլ ոչ թե էթնիկ, ազգային, կրոնական կամ լեզվական խմբերին[3]։ Փարիզի խաղաղության վեհաժողովին է վերագրվում փոքրամասնությունների իրավունքների հայեցակարգի մշակումը և դրան հատուկ նշանակություն տալը[3]։
Փոքրամասնությունների իրավունքների հարցն առաջին անգամ բարձրացվել է 1814 թվականին Վիեննայի վեհաժողովի ժամանակ, որտեղ քննարկվում էր գերմանական ծագում ունեցող հրեաների և հատկապես լեհերի ճակատագիրը` Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին: Վեհաժողովը հույս էր հայտնել, որ Պրուսիայի թագավորությունը, Ռուսական կայսրությունը և Ավստրիական կայսրությունը հանդուրժող կլինեն և կպաշտպանեն իրենց փոքրամասնություններին։ Ավելի ուշ, վերջիններս անտեսեցին դրանք՝ շարունակելով խտրական վերաբերմունքը։
1856 թվականի Փարիզի վեհաժողովը հատուկ ուշադրություն է դարձրել Օսմանյան կայսրությունում հրեաների և քրիստոնյաների կարգավիճակին։ Բրիտանացի քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադստոնն Օսմանյան կայսրության կողմից բուլղարների զանգվածային ջարդերը դարձրեց իր նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման և հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը։ 1878 թվականին Բեռլինի վեհաժողովը քննարկում էր հրեաների կարգավիճակի հարցը՝ հատկապես Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունում, ինչպես նաև Սերբիայում և Բուլղարիայում։ Ընդհանուր առմամբ, 19-րդ դարի վեհաժողովները չկարողացան այս հարցում էական բարեփոխումների հասնել։
Փոքրամասնությունների առաջին իրավունքները հռչակվել և ուժի մեջ են մտել 1849 թվականի հուլիսին Հունգարիայի հեղափոխական խորհրդարանի կողմից[4]։ Փոքրամասնությունների իրավունքներն ավստրիական օրենսդրության մեջ պաշտոնապես ամրագրվել են 1867 թվականին[5]։ Ցարական Ռուսաստանը հատկապես ակտիվ էր Օսմանյան կայսրության վերահսկողության տակ գտնվող ուղղափառ քրիստոնյաների և սլավոնական ժողովուրդների պաշտպանության գործում[6]։ Այնուամենայնիվ, ցարական կառավարությունը հանդուրժող էր և գրեթե չէր միջամտում իր տիրապետության տակ գտնվող գյուղերում հրեաների նկատմամբ դաժան ջարդերին։ Այս քաղաքականության համար Ցարական Ռուսաստանը խիստ քննադատության էր ենթարկվում[7]։ Ի հակադրություն, Միացյալ Նահանգերի հարավում սևամորթների կամ նման այլ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի շուրջ միջազգային վրդովմունքն աննշան էր կամ ընդհանրապես բացակայում էր մինչև 1950-ական թվականները, երբ անկախացան աֆրիկյան գաղութները[8]։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եվրոպական միայն երեք երկիր էր օրենսդրորեն ամրագրել ազգային փոքրամասնությունների իրավունքները և ընդունել նրանց պաշտպանության մասին օրենքներ։ Առաջինը Հունգարիան էր (1849 և 1868 թվականներին), երկրորդը՝ Ավստրիան (1867 թվականին), իսկ երրորդը՝ Բելգիան (1898 թվականին)։ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող դարաշրջանում եվրոպական այլ երկրների իրավական համակարգերը թույլ չէին տալիս օգտագործել եվրոպական փոքրամասնությունների լեզուները տարրական դպրոցներում, մշակութային հաստատություններում, պետական կառավարման մարմիններում և դատարաններում[9]։
1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ Գերագույն խորհուրդն ստեղծեց «Նոր պետությունների և փոքրամասնությունների պաշտպանության կոմիտե»։ Դրանից հետո ստեղծված պետությունները ստիպված էին ստորագրել փորքամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ պայմանագրեր՝ որպես դիվանագիտական ճանաչման նախապայման։ Որոշվեց, որ թեև ճանաչվել էր նոր պետությունների անկախությունը, սակայն դրանք չէին համարվի լիարժեք ստեղծված, մինչև վերջնական խաղաղության պայմանագրերի ստորագրումը։ Գերմանացիների և լեհերի իրավունքների հարցը վեճի առարկա էր, քանի որ Գերմանիայում լեհերի իրավունքները մնացին անպաշտպան՝ ի տարբերություն Լեհաստանում գերմանական փոքրամասնության։ Ազգերի լիգայի կողմից ընդունված մյուս սկզբունքների նման, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ պայմանագրերն արտացոլում էին միջազգային հարաբերությունների վիլսոնյան իդեալիստական մոտեցումը։ Այնուամենայնիվ, Լիգայի ճակատագրի նման, փոքրամասնությունների պաշտպանության մասին պայմանագրերը գնալով անտեսվում էին պետությունների կառավարությունների կողմից, ինչը 1930-ական թվականների վերջին հանգեցրեց ամբողջ համակարգի փլուզմանը։ Չնայած քաղաքական ձախողմանը՝ դրանք մնացին միջազգային իրավունքի հիմքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոքրամասնությունների պաշտպանության մասին իրավական սկզբունքներն ընդգրկվեցին ՄԱԿ-ի կանոնադրության և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բազմաթիվ պայմանագրերի մեջ[10]։
Փոքրամասնությունների իրավունքները, որոնք տարածվում են էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնությունների ու բնիկ ժողովուրդների վրա, մարդու իրավունքների միջազգային իրավունքի անբաժանելի մասն են։ Երեխաների, կանանց և փախստականների իրավունքների նման, փոքրամասնությունների իրավունքները իրավական շրջանակ են, որոնք նախատեսված են ապահովել հասարակության մեջ խոցելի, անապահով կամ մարգինալացված վիճակում գտնվող որոշակի խմբի՝ հավասարության և ոտնձգություններից պաշտպանված լինելու հնարավորությունը։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հետպատերազմական առաջին միջազգային պայմանագիրը, որը կոչված էր նրանց պաշտպանելու իրենց գոյության ամենամեծ սպառնալիքից, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան էր։
Մարդու իրավունքների նորմերն ամրագրող (ներառյալ փոքրամասնությունների իրավունքները) փաստաթղթերի թվում են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (հոդված 27), Միավորված ազգերի կազմակերպության ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագիրը, Եվրոպայի խորհդի երկու պայմանագրերը (Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան), ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Կոպենհագենի հռչակագիրը (1990 թվական)։
Փոքրամասնությունների իրավունքներն ընդգրկում են գոյության պաշտպանությունը, խտրականությունից և հետապնդումներից պաշտպանությունը, ինքնության պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաև քաղաքական կյանքին մասնակցությունը։ Ինչ վերաբերում է ԼԳԲՏ իրավունքներին, Ջոկյակարտայի սկզբունքներն ընդունվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան։
Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար շատ երկրներում գործում են հատուկ օրենքներ և/կամ հանձնաժողովներ կամ էլ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը (օրինակ՝ Հունգարիայի ազգային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խորհրդարանական հանձնակատար)[11]։
Չնայած Միավորված ազգերի կազմակերպությունն ի սկզբանե բնիկ ժողովուրդներին դիտարկում էր որպես փոքրամասնությունների ենթակատեգորիա, միջազգային իրավունքում այս մոտեցումը փոփոխության է ենթարկվել և այժմ կան միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնք անդրադառնում են բնիկների իրավունքներին։ Դրանց թվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության 169-րդ կոնվենցիան և ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը, որն ընդունվել է 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
2008 թվականին ԼԳԲՏ իրավունքների մասին հռչակագիրը ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային, իսկ 2011 թվականին ԼԳԲՏ իրավունքների մասին բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։
Կան քաղաքական շատ մարմիններ, որոնք միջոցներ են ձեռնարկում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար։ Այդ միջոցառումները կարող են դրսևորվել կառուցողական գործողությունների քվոտաների տեքսով կամ կոնսոցիատիվ պետություններում փոքրամասնությունների երաշխավորված ներկայացվածությամբ։
Եվրոպական միության անմիջական դերը (ինչպես նաև ԵՀ/ԵՄ օրենդրության) ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում դեռևս շատ սահմանափակ է (ինչպես մարդու իրավունքների ընդհանուր պաշտպանությունը)։ ԵՄ-ն ընդհանուր առմամբ հիմնվել է ընդհանուր միջազգային իրավունքի և միջազգային իրավունքի եվրոպական տարածաշրջանային համակարգի վրա (հիմնված Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության վրա և այլն) և անհրաժեշտության դեպքում ընդունել է դրանց նորմերը։ Բայց 1990-ական թվականներին սկսված «եվրոպական ինտեգրման ապատնտեսականացումը» փոխում է այս իրավիճակը: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության քաղաքական նշանակությունը խիստ բարձր է։
2009 թվականին, թեև ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը չդարձավ Եվրամիության կողմից իրավաբանորեն սահմանված ընդհանուր և պարտադիր սկզբունք, իրավական մի քանի ակտերում նշվում են ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Արտաքին հարաբերություններում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը դարձել է Եվրամիության հետ համագործակցության կամ անդամակցության հիմնական չափանիշներից մեկը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.