From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ (անգլ.՝ Mariner, բառացիորեն՝ նավաստի), Արեգակնային համակարգի մոլորակների (Վեներա, Մարս, Մերկուրի) և միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների և նրանց մշակման ու արձակման ծրագրերի անվանումը։ Մարիներ ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականին։
Արձակվել են ՆԱՍԱ-ի կողմից 1962-ից մինչև 1973 թվականները։ Մարիներներ 1-7 և 10 անցումային սարքեր էին, իսկ Մարիներ-8 և Մարիներ-9 պետք է դառնային Մարսի արհեստական արբանյակները։ Ընդհանուր առմամբ արձակվել են Մարիներ սերիայի 10 տիեզերական սարք։
Սարքերի մեծ մասը արձակվում էին զույգերով, անհաջողության ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Մարիներ սերիայի սարքերից երեքը վթարային արձակում ունեցան, կորսված են Մարիներ-1,3,8։ Մնացած բոլոր Մարիներները կատարել են թռիչքների ծրագրերը։
Մարիներ ծրագրի սարքերը նախագծվել, կառուցվել և փորձարկվել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (Jet Propulsion Laboratory կամ կրճատ JPL) կողմից։ Առանձին հանգույցների նախագծումն ու կառուցումը իրականացվել է տարբեր արտադրական կազմակերպությունների կողմից։ Գիտական սարքավորումների նախագծման ընթացքում մասնակցել են նաև ուսումնական հաստատություններ։
Մարիներ կայանների վրա տեղակայված էին արևային մարտկոցներ, մագնիսական դաշտերի չափման և լիցքավորված մասնիկների գրանցման գիտական սարքավորումներ, ինչպես նաև հեռուստախցիկներ (Վեներայի ուսումնասիրություն իրականացնող Մարիներների վրա հեռուստախցիկներ չէին տեղադրվել)։
Մարիներ-1 և Մարիներ-2 սարքերը ստեղծվել են դրանցից վաղ ստեղծված Ռեյնջեր սարքերի հիման վրա։
Այս սերնդի սարքերի նախագծումը սկսվեց 1965 թվականի վերջում և հիմնականում ավարտվեց 1967 թվականին։ Այս սարքեիրց ամեն մեկում օգտագործվում էին մեծ քանակի ինտեգրալ սխեմաներ (2682 հատ)։ Նույն հնարավորություններ ունենալու համար դիսկրետ տարրերով սարքերը կկշռեին 2,5 անգամ ավելի շատ։
Մարիներ-6 և Մարիներ-7 սարքերը միասնին լուսանկարել են Մարսի մակերևույթի մոտ 20%-ը։ Լուսանկարների վրա մակերևույթի մասնիկները տարբերակվում էին 3 կմ ճշտությամբ։
Մարիներ ծրագիրը շարունակվեց, աշխատանքներ էին տարվում Մարիներ-11 և Մարիներ-12 սարքերի վրա, որոնք պետք է ուսումնասիրեին Յուպիտեր և հնարավոր էր նաև Սատուրն մոլորակները։ Սակայն այս առաքելությունների կարևորությունը հաշվի առնելով ծրագիրը որոշվեց առանձնացնել, և սարքերը կոչվեցին Վոյաջեր-1 և Վոյաջեր-2։
Հարկ է նշել նաև, որ Վիկինգ ծրագրի միջմոլորակային կայանների ուղեծրային մասերը նույնպես ստեղծվել էին Մարիներ-9 սարքի հիման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 322)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.