ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Նատաշա Լիոն (անգլ.՝ Natasha Lyonne, ապրիլի 4, 1979[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում (2014-2019) Նիքի Նիկոլսի դերով, որի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմաշարում (1999-2012) Ջեսիկայի դերով։ 2019 թվականից սկսած՝ Լիոնը «Մատրյոշկա» սերիալում խաղում է գլխավոր դեր և դրա ստեղծողներից մեկն է։
Նատաշա Լիոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 4, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Ազգություն՝ | աշկենազի և Իսրայելի հրեաներ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Իսրայել |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, հաղորդավար, սցենարիստ, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005169 |
Նատաշա Լիոնը ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքում, օրթոդոքսալ հրեաների՝ լիցենզավորման հարցերով խորհրդատու Իվետա Բուխինգերի և պրոֆեսիոնալ բռնցքամարտում պրոմոուշենով զբաղվող Ահարոն Բրաունշտեյնի ընտանիքում։ Նրա մայրական տատն ու պապը ողջ են մնացել Հոլոքոստից։ Լիոնի ծնողներն ընտանեկան կյանքում դժվարություններ են ունեցել, այդ պատճառով ամուսնալուծությունից խուսափելու համար նրանք 1980-ական թվականների վերջին արտագաղթել են Իսրայել, բայց, ի վերջո, այնտեղ բաժանվել են։ Ահարոնը մնացել է Իսրայելում, իսկ Իվետան, Լիոնը և իր ավագ եղբայրը՝ Ադամը, վերադարձել են Միացյալ Նահանգներ։ Նրանք վերստին բնակվել են Նյու Յորքում, սակայն շատ ավելի աղքատ պայմաններում, քան նախկինում։ Այնտեղ Լիոնը հաճախել է Ռամազ մասնավոր հրեական դպրոց, բայց նրա ընտանիքը տեղափոխվել է Մայամի, այդ պատճառով աղջիկն ուսումն ավարտել է «Miami Country Day School»-ում։ Դրանից անմիջապես հետո Նատաշան, արդեն միայնակ, 1995 թվականին վերադարձել է Նյու Յորք։
Լիոնի գործունեությունը սկսվել է վաղ մանկությունից, երբ նա միացել է «Ford Modeling Agency»-ին։ Տասնվեց տարեկանում նկարահանվել Է Վուդի Ալլենի «Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ալլենի դստեր դերը։ Ֆիլմում խաղացել են նաև Գոլդի Հոունը, Ջուլիա Ռոբերտսը, Էդվարդ Նորթոնը և Նատալի Փորտմանը։ Հաջորդ 10 տարվա ընթացքում նա հայտնվել է ավելի քան 10 ֆիլմում, այդ թվում՝ «Բևեռլի Հիլզի հետնախորշերում» և «Անուղղելիները» ֆիլմերի գլխավոր դերերում։ «Անուղղելիները» պաշտամունքային կատակերգությունում Լիոնը խաղացել է լեսբուհու դեր, որը պատրաստ չէ ընդունել իր կողմնորոշումը։ Հարազատները աղջկան ուղարկում են վերադաստիարակման ճամբար, որտեղ նա տարվում է հերոսուհի Կլեա Դյուվայով։ Նատաշայի առավել հայտնի դերը զանգվածային կինեմատոգրաֆիայում «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմից Ջեսիկայի դերն է։
2005-2006 թվականներին Լիոնը, ընդմիջելով գործունեությունը, լուծել է առողջության և օրենքի հետ կապված խնդիրները։ Նա աշխատանքի է վերադարձել 2008 թվականին՝ մասնակցելով ռեժիսոր Մայք Լիի բրոդվեյյան «Two Thousand Years» թատերական բեմադրությանը[4]։ Այդ ժամանակից ի վեր Լիոնը մշտապես աշխատում է Բրոդվեյի բեմում, թատրոնում և հեռուստատեսությունում։ Նա նկարահանվել է ռեժիսոր Աբել Ֆերարայի «4:44 Երկրագնդի վերջին օրը» ֆիլմում, հայտնվել է «Նոր աղջիկը», «Թմրադեղ», «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալներում։ ԼԳԲՏ թեմատիկայի ֆիլմերում իր դերի համար Լիոնը ստացել է լեսբուհու իկոն կարգավիճակ[5]։
2013 թվականից մինչ օրս Լիոնը նկարահանվում է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում, որը պատմում է կանանց բանտերի մասին։ Նատաշայի, Նիքի Նիկոլսի կերպարները Լիոնի կենսագրության հետ շատ ընդհանրություններ ունեն։ Նիքին լեսբուհի է, հարուստ ընտանիքից մի աղջիկ, որը նախկինում տառապել է հերոինի կախվածությունից։ Ինչպես Լիոնը, այնպես էլ նա տառապում էր հեպատիտ C-ով և սրտի ինֆեկցիայով։ Սերիալում իր դերի համար Լիոնը 2014 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի[6]։
Լիոնը բնակվում է Նյու Յորքում[7]։ 2014 թվականից հանդիպում է դերասան և կատակերգու Ֆրեդ Արմիզենի հետ[8]։
2005 թվականին Լիոնը ծանր վիճակում տեղափոխվել է Բեթ Իսրայել բժշկական կենտրոն՝ հեպատիտ C ախտորոշմամբ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա սրտի ինֆեկցիա և պնևմոթորաքս է տարել։ Անցել է մեթադոնի բուժման կուրս[9]։ 2006 թվականի փետրվարին՝ բուժումից հինգ ամիս անց, նա վերականգնողական կուրս է անցել «Caron Foundation» կլինիկայում[10]։
2001 թվականի օգոստոսին Լիոնը ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար այն բանից հետո, երբ վրաերթի էր ենթարկել ճանապարհային նշանը՝ պատճառելով 2500 դոլարի վնաս, և փորձել էր փախչել դեպքի վայրից։ Նա ազատ է արձակվել 2000 դոլար գրավի դիմաց[11]։ 2002 թվականի օգոստոսին Լիոնն իրեն մեղավոր է ճանաչել։ Նա ենթարկվել է 1000 դոլար տուգանքի, 50 ժամ հասարակական աշխատանքների, մեկ տարի զրկվել վարորդական իրավունքից և պետք է մասնակցեր «Մայրերն ընդդեմ հարբած վարելու» կազմակերպության աշխատանքին[12]։
2005 թվականին Լիոնը վտարվել է բնակարանից, որը նրան տվել էր ընկերը՝ դերասան Մայքլ Ռապապորտը՝ պայմանավորված նրա ոչ պատշաճ պահվածքի մասին հարևանների բազմաթիվ բողոքներով[13]։
2004 թվականին կատարած իրավախախտումների համար 2006 թվականին Լիոնը դատարանի առաջ է կանգնել. այն ժամանակ Լիոնը, կոտրելով դուռը, ներխուժել էր հարևանուհու մոտ, ջարդել նրա հայելին և սպառնացել սեռական ոտնձգություն կատարել նրա շան նկատմամբ[10]։ Դատարանը նրան դատապարտել է պայմանական պատժի[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.