From Wikipedia, the free encyclopedia
Պիտեր Բրեյգել Ավագ կամ «Ռամիկ» (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, մոտ 1525[1][2][3][…], Բրեդա, Baronie van Breda, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] - սեպտեմբերի 9, 1569, Բրյուսել, Բելգիա[5]), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ, բնանկարի ու ժանրային նկարների վարպետ։ Այս ազգանունը կրողներից ամենահայտնին է։
Պիտեր Բրեյգել Ավագ հոլ.՝ Pieter Bruegel de Oude | |
---|---|
Ի ծնե | Pieter Bruegel de Oude |
Ծնվել է | մոտ 1525[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեդա, Baronie van Breda, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1569 |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա[5] |
Ազգություն | Ֆլամանդացիներ |
Քաղաքացիություն | Բրաբանտ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | Վերածննդի հոլանդական և ֆլամանդական նկարչություն և հյուսիսային Վերածնունդ[6] |
Ժանր | հյուսիսային Վերածնունդ, բնանկար[5], դիմապատկեր[5], նատյուրմորտ[5], Անիմալիստիկա[5] և ծովանկար[5] |
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Two Chained Monkeys?, Անմիտ Գրետան և Գյուղական պար |
Ուսուցիչ | Պիտեր Կուկ վան Ալստ[2] |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Ամուսին | Մայկեն Քոյկե |
Զավակներ | Պիտեր Բրեյգել Կրտսեր[7] և Յան Բրեյգել Ավագ[7] |
Ազգականներ | Պիտեր Կուկ վան Ալստ[8] և Պաուելս Կուկ վան Ալստ[8] |
ստորագրություն | |
Pieter Bruegel (I) Վիքիպահեստում |
Նկարիչներ Պիտեր Բրեյգել Կրտսերի և Յան Բրեյգել Ավագի հայրն է։
Պիտեր Բրեյգելը ենթադրաբար ծնվել է 1525-1530 թվականների միջակայքում (ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ)[9]։ Որպես ծննդավայր հաճախ մատնանշվում է Բրեդա քաղաքը (Նիդերլանդներ, Հյուսիսային Բրաբանտ)։
Սկզբում նկարչի ազգանունը գրվել է Brueghel (գրության այս ձևը պահպանվել է նրա երեխաների ազգանուններում), սակայն 1559 թվականից նկարիչը սկսել է իր նկարները ստորագրել Bruegel ձևով։
Ստեղծագործական կյանքը նկարիչը սկսել է գրաֆիկական աշխատանքներով։ 1540-ական թվականների կեսերին հայտնվել է Անտվերպենում, որտեղ սովորել է Կառլոս V կայսեր պալատական նկարիչ Պիտեր Կուկ վան Ալստի մոտ։
Վան Ալստի վարպետանոցում Բրեյգելն աշխատել է մինչև իր վարպետի մահը 1550 թվականին։ 1551 թվականին Բրեյգելն ընդունվել է Անտվերպենի նկարիչների գիլդիա և աշխատանքի անցել Հիերոնիմ Կոկի վարպետանոցում, որ տպագրում ու վաճառում էր փորագրություններ։ Կոկի վարպետանոցում նկարիչը տեսել է Հիերոնիմոս Բոսխի ստեղծագործությունների էստամպները, որոնք տպավորել են նրան այնքան, որ նա մեծ նկարչի թեմաներով իր տարբերակներն է նկարել։
1552-1553 թվականներին Կոկի առաջարկով Բրեյգելը ճանապարհորդել է Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա իտալական բնապատկերների շարք ստեղծելու նպատակով, որը նախատեսված պիտի լիներ փորագրությունների համար։ Պիտեր Բրեյգելը տպավորվել է Հռոմի հուշարձաններով և Վերածննդի գործերով, ծովային տարերքով և Միջերկրական ծովի գեղատեսիլ ծովախորշերով[10]։ Ենթադրաբար Հռոմում նա աշխատել է մանրանկարիչ Ջուլիո Կլովիոյի հետ։
1563 թվականին Բրեյգելն ամուսնացել է իր ուսուցիչ Վան Ալստի դստեր` Մարիայի հետ (Մայկեն)[11]։
1556 թվականին Բրեյգելն աշխատել է Անտվերպենում «Չորս քամի» տպագրական վարպետանոցում, որ պատկանել է նիդերլանդացի հրատարակիչ Հիերոնիմ Կոկին։ Բրեյգելի նկարներով այստեղ պատրաստվել են «Մեծ ձկներն ուտում են փոքրերին», «Ավանակը դպրոցում» փորագրությունները։ Փորձելով բավարարել հարուստ պատվիրատուների ճաշակը` Կոկը նույնիսկ չի վարանել կեղծել փորագրությունների ստորագրությունները։ Այսպես, «Մեծ ձկներն ուտում են փոքրերին» փորագրությունը վաճառվել է նիդերլանդացի հայտնի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի ստորագրությամբ։
1557 թվականին Բրեյգելը ստեղծել է փորագրությունների շարք, որոնք ներկայացրել են յոթ մահացու մեղքերը։
1563 թվականին Բրեյգելն ընտանիքով տեղափոխվել է Բրյուսել։
Ինչքան հայտնի է, Բրեյգելը պատվերով դիմանկարներ ու մերկ բնորդներ չի նկարել։ Նրան վերագրվող դիմանկարներից միայն մեկն է հաստատապես պատկանում նկարչի վրձնին` «Ծեր կնոջ դիմանկարը» (1564, Հին պինակոտեկ)։ Հավանաբար նկարիչը դիմանկարների պատվերների պակաս չի ունեցել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք չի ընդունել։
1564 թվականին նկարել է «Մոգերի երկրպագություն» կտավը, իսկ 1565 թվականին՝ «Տարվա եղանակները» (կամ «Տասներկու ամիսներ») շարքը` բաղկացած վեց նկարից, որոնցից մեկը չի պահպանվել։ Ուշ միջնադարի` ազնվականության համար ստեղծված նկարազարդ աղոթագրքերում հաճախ եղել է օրացույց, որտեղ ամեն ամսվան հատկացված է եղել առանձին էջ։ Եղանակի փոփոխությունը առավել հաճախ պատկերվել է ամեն ամսվան բնորոշ աշխատանքներով, սակայն Բրեյգելի մոտ եղանակների փոփոխության հիմնական դերակատարը բնությունն է, իսկ մարդիկ, ինչպես նաև անտառները, լեռները, ջուրը, կենդանիները լանդշաֆտի մի մասն են միայն կազմում։ Շարքի բոլոր նկարները` «Նախրի վերադարձը», «Որսորդները ձյան վրա», «Հունձք», «Ամպամած օր», «Հունձ», նույն ֆորմատով են և հավանաբար ստեղծվել են նույն պատվիրատուի պատվերով։ Կարել վան Մանդերը կարծում էր, որ այդ պատվիրատուն անտվերպենյան առևտրական Նիկոլաս Յոնգելինկն էր, որ, հետագայում գումարի խիստ կարիք ունենալով, իր ունեցած բոլոր նկարները գրավադրել է` այլևս չկարողանալով դրանք վերադարձնել։
Բրեյգելի կամ Բրեյգելին վերագրվող մոտ 45 նկարներից մոտավորապես 30-ը բնության, գյուղական կյանքի ու նրա բնակիչների թեմաներով են։ Գյուղական ստորին խավի անդիմագիծ ներկայացուցիչները դարձել են նրա աշխատանքների գլխավոր հերոսները. որոշ գործերում նա նույնիսկ մասամբ ընդհանրապես փակում է կերպարների դեմքերը։ Սակայն ուշ շրջանի գործերը վկայում են, որ հեղինակի հետաքրքությունը անհատական կերպարների հանդեպ աճել է։ Նկարիչը սկսել է նկարել մարդկանց խոշոր կերպարներ, որոնց ստորադասվում է շրջապատը։ Այդպիսի նկարներից են «Կույրերը», «Գյուղացին ու բներ քանդողը», «Մարդատյացը», «Հաշմանդամներ»։
Բրեյգելը եղել է մոտ քառասուն տարեկան, երբ իսպանացի հերցոգ Ֆեռնանդո Ալբայի զորքերը մտել են Բրյուսել Նիդերլանդներում հերետիկոսներին ոչնչացնելու նպատակով։ Նկարչի կյանքի վերջին տարիներն անցել են ահաբեկության մթնոլորտում։ Բրեյգելի վերջին գործերից մեկի մասին` «Կաչաղակը կախաղանին» (1568, Հեսսենի երկրամասի թանգարան), Վան Մանդերը գրում է, որ նա «կնոջը կտակել է կախաղանով նկարը, որտեղ կաչաղակը խորհրդանշում է բանսարկուներին, որոնց նա կուզեր կախված տեսնել»։ Կախաղանն իր հերթին ասոցացվել է իսպանացիների կառավարմանը, երբ իշխանությունները սկսել են ամոթալի մահվան դատապարտել ենթականերին, իսկ Ալբայի իշխանությունը հիմնված է եղել բացառապես մատնությունների վրա։ «Մանուկների կոտորած» նկարում պատկերված է սևազգեստ չար կերպարը, որ հետևում է Հերովդեսի հրամանների կատարմանը։ Այս կերպարի նմանությունն Ալբային նույն հարթության վրա է դնում Ֆիլիպ II-ին Հերովդեսի հետ։
Վան Մանդերը հաղորդել է Բրեյգելի վերջին նկարի մասին «Ճշմարտության հաղթարշավը» (նկարը չի պահպանվել), որ նա համարել է լավագույնը նկարչի ստեղծագործության մեջ։
Պիտեր Բրեյգել Ավագը մահացել է 1569 թվականի սեպտեմբերի 9-ին Բրյուսելում։ Թաղված է Բրյուսելի Նոտր Դամ դե լա Շապել եկեղեցում։
Աշխատել է Անտվերպենում, 1563 թվականից` Բրյուսելում։ Հետևելով ազգային ավանդույթներին և ժողովրդական բանահյուսությանը՝ ստեղծել է խոր ազգային կերպարներ։ Պիտեր Բրեյգել Ավագը ազգային բնանկարի ստեղծողն է, ֆլամանդական և հոլանդական ռեալիստական արվեստի հիմնադիրներից։
Ներկայումս միայն 45 աշխատանք է անտարակուսելիորեն համարվում Բրեյգելի վրձնինը։ Դրանցից 43-ը պահվում են 12 երկրների թանգարաններում` Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Նիդերլանդներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա։ Նկարչի գործերը առավել շատ ներկայացված են Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (12) և Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում (4)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.