From Wikipedia, the free encyclopedia
Ռուսական 102-րդ ռազմաբազա (նախկինում՝ 127-րդ մոտոհրաձգային դիվիզիա, ռուս.՝ 102-я российская военная база), պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա (102-я военная база Группы российских войск в Закавказье)[1], Հայաստանի Շիրակի մարզի վարչական կենտրոն հանդիսացող Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմակայան։
Ռուսական 102-րդ ռազմաբազա | |
---|---|
102-րդ ռազմաբազայի գլխավոր մուտքը | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Բազա ռազմական և ռազմական կազմավորում |
Զորքերի տեսակ | Բազա ռազմական |
Երկիր | Ռուսաստանի Դանություն |
Մտնում է | ՌԴ Զինված ուժեր |
. | |
Տեղաբաշխում | Գյումրի քաղաք, հայ-թուրքական շփման գիծ |
Շրաբ | Գյումրի |
Նախկին | Q97480030? |
Ստեղծվեց | դեկտեմբերի 29, 1941 |
Ճակատամարտեր | Ռուս-ուկրաինական պատերազմ |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | Վլադիմիր Ելկանով |
Ռազմակայանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1941 թվականը, երբ Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) հիմնվում է ԽՍՀՄ Կարմիր բանակի 261-րդ հրաձգային դիվիզիան, որն ենթադրաբար ստեղծվել էր Օդեսսայի ռազմական օկրուգի կողմից՝ 1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ավելի ուշ ռազմակայանում է տեղակայվել ռուսական հյուսիսկովկասյան ռազմաճակատի 12-րդ բանակը, որը ռազմակայանում է մնացել առնվազն մինչև 1942 թվականի օգոստոսը, որից հետո ռազմակայան է ժամանել անդրկովկասյան ճակատի սևծովյան ստորաբաժանումը։ 1943 թվականի հունվարի 1-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը, ռազմակայանում է տեղակայվել անդրկովկասյան 45-րդ բանակը, որին հանձնարարված է եղել հսկել թուրք-խորհրդային պետական սահմանը։ Պատերազմի ավարտից հետո կայանում կարճ ժամանակով նշանակվել է 261-րդ դիվիզիան, իսկ ավելի ուշ՝ 37-րդ դիվիզիան, որն 1965 թվականին վերանվանվել է որպես 127-րդ հրաձգային դիվիզիա։
1992 թվականի հուլիսի 11-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի խումբ ռուս զինծառայողներ փորձել են տեղափոխել գողացված կամ անօրինական կերպով ձեռք բերված հատուկ կապի ռազմական կայանքներ։ Մաքսատանը ռուս զինվորներին առաջարկվել է ներկայացնել բեռի փաստաթղթեր, ինչից հետո նրանք ավտոմեքենայով փորձել են թաքնվել։ Նրանց և հետապնդող իրավապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է ՀՀ ոստիկանության 3 աշխատակից, ՀՀ 3 քաղաքացիական անձ և 5 ռուս զինծառայող[2]։
1999 թվականի ապրիլի 14-ին սահմանապահ ջոկատի զինծառայողներ Դենիս Պոպովը և Ալեքսանդր Կամենևը լքել էին զորամասը և հարբած վիճակում ինչ-ինչ ճանապարհով հայթայթած AK-74 տեսակի ինքնաձիգներով անկանոն կրակահերթ էին բաց թողել անցորդների ուղղությամբ։ Կատարվածի արդյունքում զոհվել էր 2, և տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ ստացել 14 մարդ։ Ռուս զինվորների դատավարությունը կատարվում է Հայաստանում, Պոպովը դատապարտվում է 14, իսկ Կամենևը՝ 15 տարվա ազատազրկման։ Զինվորականների ժամկետի լիարժեք կրումը նույնպես կասկածների առիթ է տվել որոշ փորձագետների շրջանում։
2013 թվականի ապրիլի 7-ին՝ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ 102-րդ ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվում է երկու անչափահաս՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Դաշտը ցանկապատված չի էղել, ինչպես նաև բացակայել են զգուշացնող նշաններ։ Դեպքի առնչությամբ մինչ օրս ոչ-ոք չի պատժվել[3]։
2015 թվականի հունվարի 12-ին զորամասն ինքնակամ լքած Վալերի Պերմյակովը ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով սպանում է գյումրեցի Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի բոլոր անդամներին[4]։ Ավելի ուշ Պերմյակովը ձերբակալվում է ռուսական ուժերի կողմից, սակայն մինչ օրս չի փոխանցվել հայկական կողմին։
2015 թվականի հունիսի 15-ին զորամասի հետնամասում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերվում է զորամասի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով[5][6]։ Ավելի ուշ զինվորի սպանության կասկածանքով բերման է ենթարկվում նույն զորամասի զինծառայողներից մեկը, ով ընդունում է կատարած մեղքը[7]։
2018 թվականի հուլիսի 17-ին ժամը ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և առանց տեղի բնակչությանը զգուշացնելու զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ[8][9][10][11]։ Բնակիչները, տեսնելով իրենց տների մոտ զինվորական տեխնիկա և կրակահերթեր արձակող ռուս զինվորների, խուճապի են մատնվել և հեռացել իրենց տներից[8][9][10][11]։ Կրակոցների հետևանքով երեխա է ուշագնաց եղել[9]։ Ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների նման գործողությունները բնակչության զայրույթն ու վրդովմունքն են առաջացրել։ Վերջիններս պահանջել են 102-րդ ռազմաբազայից պատասխան տալ այդ գործողությունների համարv[8][9][10][11]:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վերընշված գործողությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի և 1997 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» համաձայնագրի խախտում[12]։
Միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես ասել է. - «... անթույլատրելի միջադեպ է և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության...»[13]: Նիկոլ Փաշինյանի արձագանքին անդրադարձել է ռուս քաղաքագետ, ռուսական «Ռեգնում» լրատվականի լրագրող Ստանիսլավ Տարասովը, ով ասել է հետևյալը՝ «Փաշինյանի բարձրագոչ հայտարարություններն ամենևին էլ մեծ քաղաքականություն չէ ... իսկ ինչպե՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը։ Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի։ Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»[14]։
2018 թվականի դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Գյումրի քաղաքի Սլոբոդկա թաղամասի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց դաժան ծեծի հետևանքով սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, ով փողոցում աշխատում էր որպես հավաքարար և այդ օրը մեկնում էր աշխատանքի՝ Տիգրան Մեծ փողոց[15][16][17][18][19]։ Դեպքի առնչությամբ, ըստ մամուլի հրապարակումների, դեկտեմբերի 11-ին ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող[17][18][19]։
Ռազմակայանի առկայությունը բազմաթիվ առիթներով արժանացել է հակասական վերաբերմունքի ինչպես հայ քաղաքացիական հասարակության, այնպես էլ փորձագետների շրջանում։ Ըստ որոշ փորձագետների, ռազմաբազայի առկայությունն ինքնին խոչընդուտում է Հայաստանում արևմուտքի կամ այլ երկրների կողմից կատարվելիք հնարավոր ներդրումներին և/կամ բարեփոխումներին՝ սպառնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և Թուրքիայից ենթադրաբար պաշտպանելու փոխարեն ծառայում է միմիայն Ռուսաստանի շահերին[20][21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.