From Wikipedia, the free encyclopedia
«Viva» (հայ․ Վիվա, լրիվ անվ․՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ) – բջջային օպերատոր, որը տրամադրում է բջջային կապի, շարժական ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք այլ ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում։ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը[1]։ Ներկայիս դրությամբ ընկերությունն ունի 1200 աշխատակից և ավելի քան 2 միլիոն բաժանորդ:
«Վիվա Արմենիա» ՓԲԸ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2004 թ․ նոյեմբերի 2 |
Վայր | Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Արմեն Ավետիսյան |
Սպասարկվող տարածք | Հայաստան |
Արդյունաբերություն | բջջային կապ |
Մայր ընկերություն | «Fedilco Group Limited» |
Կայք | viva.am |
Վիվան ունի 4 ցանցային կոդ՝ 093, 094, 098 և 077 (միջազգային ձևաչափով՝ +374 93 XXXXXX, +374 94 XXXXXX, +374 98 XXXXXX, +374 77 XXXXXX)։
Ընկերությունը գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2004 թվականի նոյեմբերի 2–ին, գրանցված լինելով որպես «Ղ–Տելեկոմ» ՝ «ՎիվաՍել» բրենդային անվանմամբ։ Գործունեությունն սկսել է 2005 թվականին ՝ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ։
2006 թվականի սեպտեմբերին ընկերության բջջային ցանցը հասանելի էր երկրի բնակեցված տարածքի 90 տոկոսում, կարողանալով գրավել կապի շուկայի մասնաբաժնի 50%–ը։
2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքից հետո, ընկերությունը դարձավ ԱՊՀ տարածքում հեռահաղորդակցության ռուսական «Մոբիլնիյե Տելեսիստեմի» («ՄՏՍ») բաց բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկություն։ Նույն թվականին Վիվայի ծառայություններից օգտվողների քանակը գերազանցում է 1 միլիոնը։
2008 թվականին իրականացված քոբրենդինգի արդյունքում փոխվեց ընկերության ապրանքանշանը. «ՎիվաՍել»–ը վերանվանվեց որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»։ Այդ տարվա ընթացքում ընկերությանը նաև հաջողվեց գրավել շուկայի զգալի մասնաբաժինը ՝ գերազանցելով 78 տոկոսը։
2009 թ. Viva-ն կոմերցիոն մեկնարկ տվեց 3G ցանցին Հայաստանի ամբողջ տարածքում, ներառյալ մարզերում և Երևանի մետրոպիլիտենի մետրոներում, իսկ արդեն 2010 թ. 3G ծածկույթը ապահովեց Հայաստանի ողջ տարածքում։ 2011 թվականին Viva-ն առաջինը Հայաստանում սկսեց շահագործել 4G կապը[2]։ 2023 թվականին Viva-ն ազդարարեց Երևանում իր՝ 5G ցանցի գործարկման մասին[3]։
2012 թվականին Viva-ն ամրապնդեց իր դիրքերը նաև ֆինանսավճարային ծառայությունների շուկայում․ թողարկվեց «ՄոբիԴրամ» էլեկտրոնային դրամապանակը, 2016 թվականին «ՄոբիԴրամ»–ի բջջային հավելվածը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս անհպում վճարումներ կատարել սմարթֆոնի միջոցով: Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը[4]։
2014 թվականին Viva-ի բջջային ինտերնետի բաժանորդների թիվը հասավ 1 միլիոնի և ընկերությունը գրավեց շուկայի մասնաբաժնի ավելի քան 60%-ը:
2017 թ․ ընկերությունը սկսում է տրամադրել ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, համատեղակայում և կապուղիների տրամադրում և B2B ծառայություններ: Viva-ի կողմից լայնաշերտ ինտերնետի մատակարար, օպտիկամանրաթելային սեփական ցանց ու տեխնոլոգիական հզորություններ, ինչպես նաև բաժանորդային զգալի բազա ունեցող «ADC» ընկերության ակտիվների ձեռքբերման արդյունքում ՝ Viva-ն զգալիորեն ընդլայնել է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ու հարակից ծառայություններից օգտվող իր բաժանորդների բազան, որը ներառում է իրավաբանական անձանց՝ մասնավոր/կորպորատիվ սեկտորի ընկերություններ, պետական ու համայնքային կառույցներ:
2018 թվականին ընկերությունը վերազինել է իր ամպային ենթակառուցվածքներն և ներկայացրել #CloudMTS[5]՝ ծառայությունը։ Նաև ընկերությունը առաջինը Հայաստանում ձեռք է բերել ISO 37001 և ISO 19600 հակակոռուպցիոն և համապատասխանության համակարգերի միջազգային ստանդարտներին համապատասխանության վկայական:
2019 թվականին Viva-ն ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության համակարգի ներդրման շուրջ: Նույն թվականի օգոստոսին «ՄՏՍ» բաց բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Viva-ի բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը[6]։
2020 թվականին ընկերությունը փոփոխել է իր պատկերանշանը և արտաքին տեսքը, ուղղվածությունը ուղղելով դեպի երիտասարդության գրավչականությունը, և համապատասխանեցնելով իր ռուսական ընկերության տեսքին։[7]
2022 թվականից ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը[8]։
2024 թ․ հունվարի 24-ին Viva-ն հայտարարեց բաժնետիրոջ փոփոխության մասին։ Ըստ այդմ ՝ ընկերությունը դադարեց ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել։ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է:
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Չժանգը և Կոնստանտին Սոկոլովը։ Հաշվի առնելով Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը ՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը բաժնետոմսերի 20%-ը փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը` անհատույց[9]։ 2024 թ. մարտի 25-ից ընկերության նոր պաշտոնական անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է[10]։ Նույն թվականի հուլիսի 1-ին ընկերությունը ներկայացրեց իր նոր ապրանքանշանը և նոր՝ «Քո շուրջը» կարգախոսը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.