Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջան (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu yükselme dönemi), կայսերական Թուրքիայի պատմության շրջափուլ, որն ընդգրկում է Կոստանդնուպոլսի անկումից մինչև 16-րդ դարի երկրորդ կեսն (Սուլեյման Մեծի կառավարումը) ընկած ժամանակահատվածը[1]։ Սուլեյման I-ի գահակալման տարիներին կայսրությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի որոշ շրջաններին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն։ 1453 թվականին օսմանյան բանակը՝ սուլթան Մեհմեդ II-ի գլխավորությամբ, ռազմակալում է Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Արևմտյան Հռոմեական կայսրության (Բյուզանդական կայսրության) գոյությանը։ Տեսականորեն, Կոստանդնուպոլսի անկումը համարվում է Օսմանյան կայսրության պատմության դասական ժամանակաշրջանի սկիզբը, երբ երկիրը վերածվում է տարածաշրջանային գլխավոր ռազմական ուժի։ Կոստանդնուպոլսի անկումից հետո, թուրքերը գրավում են Պելոպոնեսյան թերակղզին, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Մեհամեդին հաջորդում է իր որդին՝ Բայազիդ II-ը, ում օրոք կենտրոնական կառավարությունը կտրուկ թուլանում է։ Այնուամենայնիվ, Բայազիդը կարողանում է ճնշել Պարսկաստանում բռնկված է Սեֆյանների ապստամբությունը, որից հետո էլ վերջինս գահընկեց է արվում[2]։
Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջանի զարթոնքն ու ավարտը կապված է Սելիմ I-ի (ստացել է «Ահեղ» մականունը) անվան հետ։ Ներքաղաքական արկածախնդիր ժամանակներից հետո գահ բարձրացած Սելիմը ձեռնամուխ է լինում ներքին կարգուկանոնի հաստատմանը, բանակի վերազինմանը և արտաքին սահմանների ամրապնդմանը։ Սելիմ Ահեղը գրավում և կայսրությանն է միացնում հարավարևելյան Անատոլիան, Արևմտյան Հայաստանը, Արաբական թերակղզին և Եգիպտոսը։ Կառավարման վերջում Սելիմը նպատակ ուներ օսմանահպատակ տիրույթ դարձնել նաև Ալժիրը, սակայն 1520 թվականին վերջինիս հանկարծահաս մահվան պատճառով այս ծրագիրն իրականացնում են վերջինիս հաջորդները։ Սելիմ Ահեղի մահվամբ ավարտվում է Թուրքիայի պատմության դասական ժամանակահատվածը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունը դառնում է աշխարհի կարևորագույն աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը՝ զբաղեցրած հսկայածավալ տարածքով, զարգացող տնտեսությամբ և մարտունակ բանակով։